Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություն է համարվում համայնքային ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը և համալրումը, առավել ևս, որ համայնքային ոստիկանությունն իրականացնելու է ոչ միայն այն գործառույթները, որոնք այս պահին վերապահված են համայնքային ոստիակնությանը, այլ նաև այլ գործառույթներ, մասնավորապես՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, անչափահասների հանցավորության կանխարգելումը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և այլն:

Ներկայումս տարածքային մակարդակում համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության ու անչափահասների հանցավորության դեմ պայքարի ոլորտում գործունեությունն իրականացվում է տարբեր ստորաբաժանումների միջոցով, որոնք ունեն տարբեր ենթակայություն, ինչը թե՛ համակարգման, թե՛ համագործակցության ու դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքի տեսանկյունից ոչ բավարար է ու մասնակի արդյունավետ: Առավել ևս, որ հաճախ այդ երկու ստորաբաժանման ծառայողները մեկտեղում են իրենց ջանքերը՝ ոստիկանության առջև ծառացած խնդիրները համատեղ լուծելու համար:

Ոստիկանության տարածքային բաժինները գործում են մարզային վարչությունների (նաև Երևան քաղաքի վարչության) անմիջական ենթակայության, միաժամանակ նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեթոդական ղեկավարման ներքո, որն ըստ էության ենթադրում է կրկնակի ենթակայություն՝ առանց ղեկավարման լիազորությունների սահմանների հստակ տարանջատման:

Տարածքային մակարդակում գործող երկու ստորաբաժանումների կազմափոխման և գործառույթների ընդլայնման միջոցով ծառայությունը կլինի առավել արդյունավետ, բազմակողմանի և համայնքահեն:

Հարկ է արձանագրել, որ Ոստիկանության տարածքային բաժիններում, բացի համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներից, գործում են նաև քրեական հետախուզության ու այլ ստորաբաժանումներ ևս: Ըստ էության, նշված ստորաբաժանումների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հասարակական կարգի պահպանության և այլ գործառույթները Ոստիկանության տարածքային բաժիններում իրականացվում են զուգակցված, ինչը բացասաբար է անդրադառնում թե մասնագիտական կարողությունների իրացման և կատարելագործման, այնպես էլ՝ աշխատանքների համակարգման և ղեկավարման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություններից մեկն է նաև պետական այլ մարմինների և գերատեսչությունների ու ոստիկանության լիազորությունների հստակ տարանջատումը, և ոստիկանության կողմից բացառապես ոստիկանական բնույթի գործառույթներ իրականաացնելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցելը: Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի հիմնական գործառույթներից է և նրա կողմից կայացված համապատասխան որոշման հիման վրա ներկա դրությամբ դա իրականացնում է ոստիկանությունը կամ այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա): Նման մոտեցումն անթույլատրելի է հետևյալ պատճառաբանությամբ՝

  • պարտապան ֆիզիկական անձին հետախուզում հայտարարելը դեռևս բավարար հիմք չէ ազատ տեղաշարժի կամ այլ բնույթի սահմանափակումներ կիրառելու համար, իսկ դրա միակ նպատակն անձի գտնվելու վայրի պարզումն է և դրա մասին հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հայտնելը: Փաստացի այդ ամենի հիման վրա գործնականում հետախուզական քարտ-կուտակիչը կազմելուց զատ այլ հետախուզական աշխատանքներ չեն իրականացվում և նման գործառույթը ժամանակի և ռեսուրսի ոչ արդյունավետ կիրառման է հանգեցնում։ Ըստ էության ոստիկանության կողմից պարտապանի գտնվելու վայրը պարզվում է բացառապես այցելությունների և հարցումների միջոցով, ինչը հնարավոր է իրականացնել նաև առանց հետախուզում հայտարարելու և քարտ-կուտակիչներ կազմելու։ Իսկ նման գործառույթ կարող է իրականացնել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ինքնուրույն:
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործնականում անձի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվում է դրամական պարտավորությունները կատարելու, այլ ոչ թե վերջինիս բնակության կամ գտնվելու վայրը պարզելու հիմքով, ինչի հետևանքով հետախուզում հայտարարելը կորցնում է իր նպատակային նշանակությունը: Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի գտնվելու վայրը պարզված է, սակայն հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի դադարեցվում, ինչն իրավաչափ չէ մարդու իրավունքների համատեքստում։
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում, ինչպես նաև Երևան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը և այլ օժանդակ գործառույթներ:

Գործառույթների նշված շրջանակի և գործունեության հիշյալ ուղղությունների սահմանումը պայմանավորված է նաև Ոստիկանության տարածքային մարմինների ստեղծման հայեցակարգի մեկ այլ բաղադրիչի շրջանակներում՝ Ոստիկանության քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ստեղծման հանգամանքով:

Հատկանշական է, որ համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են:

Այսպիսով, մեկնարկած բարեփոխումների ամբողջական իրագործումից հետո, համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման տարածքային ստորաբաժանումներից բացի, մարզային մակարդակում ներկայացված կլինեն նաև պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, ոստիկանության գվարդիայի և համայքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնք նույնպես ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին (նշված են հենասյունային ուղղությունները, բնականաբար ՕԿԿ-ն ևս ունի մարզային ներկայացվածություն):

Նախագծով նաև տարանջատվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ոստիկանության գործառույթները: Այդ տարանջատման արդյունքում պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնելու է հենց դատական ակտերի կատարման ծառայությունը, ինչպես նաև իրականացնում են այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա): Ոստիկանության կողմից պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը չի իրկանացվելու հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները՝

  • հետախուզական աշխատանքները ենթադրում են միայն այցելություններ կատարելը և հարցումներ իրականացնելը, որը կարող է իրականացվել ցանկացած մարմնի կողմից, ներառյալ՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից,
  • հայտարարված հետախուզումը չի ենթադրում ազատ տեղաշարժի որևէ սահմանափակում պարտապան ֆիզիկական անձի համար,
  • հայտարարված հետախուզմումը չի ենթադրում որևէ հարկադրանքի միջոցի կիրառում պարտապան ֆիզիկական անձի նկատմամբ։

3․ Ակնկալվող արդյունքը.

Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանության առջև ծառացած այն խնդիրեները, որոնք առաջանում են հասարակական կարգի պահպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարելիս, անչափահասների հանցավորությունը կանխարգելելիս, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս: Ակնկալվում է նաև ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ՀՀ ոստիկանության գործառույթների հստակեցում և տարանջատում:

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման կանխատեսման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցումը կամ ծախսերի ավելացումը կհստակեցվի համապատասխան հաստիքների թվաքանակի ճշգրտումից և ձևավորվելիք ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման ծախսերի հստակեցումից հետո:

Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ այլ օրենքներում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: Լրացումներ և փոփոխություններ իրականացվելու են համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման տարածքային ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող ՀՀ Կառավարության որոշումներում և ՀՀ Ներքին գործերի նախարարի հրամաններում:

5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարության կողմից:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    03.05.2024 - 18.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1195

Տպել