Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2024      N    -Ն

 

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 91.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը՝ համաձայն  հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

«    » ____  N…-Ն որոշման

 

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Սույն hավելվածով սահմանվում են հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։
  2. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկի քարտեզները մշակվում են յուրաքանչյուր ջրավազանային տարածքի կամ առանձին գետավազանի կամ դրա առանձին հատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անդրսահմանային գետավազանի հատվածի հա­մար և սահմանվում են Ջրավազանային կառավարման պլաններում։
  3. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է ուղղված լինեն մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա մի­ջավայրի, մշակութային ժառանգության, ենթակառուցվածքների, տնտեսական գոր­ծու­նե­ութ­յան պայմանների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների պահպանությանն ու պաշտպանությանը։
  4. Հեղեղումների վտանգի քարտեզները և հեղեղումների ռիսկի քար­տեզները, ինչպես նաև այդ քարտեզներից բխող եզ­րա­հան­գում­ները հանդիսանում են ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանների հիմնական բաղադրիչները։
  5. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզների մշակման համար պետք է իրականացվի նախնական ռիսկի գնահատում` հեղեղումների առաջացման հավանական ռիսկերը բացահայտելու և ռիսկային տարածքները սահմանելու համար։
  6. Նախնական ռիսկի գնահատումն իրականացվում է՝ հիմնվելով առկա տե­ղե­կատ­վութ­յան վրա, ինչպիսին են երկարաժամկետ զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունները, մասնավորապես` կլիմայի փոփոխության ազ­դեցությունը հեղեղումների առաջացման վրա: Գնահատման հիման վրա կազմվում են գետավազանային տարածքների քարտեզներ համապատասխան մաս­շտաբով, որոնք ընդգրկում են գետավազանի և են­թա­ավա­զա­նի սահմանները և ափամերձ տա­րածք­նե­րը՝ ներկայացնելով տեղագրությունը և հողօգտագործումը, անցյալում տեղի ունեցած և մարդկանց առողջության, շրջակա մի­ջավայրի, մշակութային արժեքների և տնտեսական գոր­ծու­նե­ութ­յան վրա բացասական հետևանքներ ունեցած հեղեղումների, ինչպես նաև այն տարածքների նկարագրությունը, որտեղ ապագայում նմա­նա­տիպ երևույթների հավանականություն կա` ներառելով դրանց հե­ղեղման ծավալները և տարածման արեալները կամ գոտիները, բացասական հետևանքների գնահատումը:
  7. Հեղեղումների վտանգի քարտեզները պետք է ընդգրկեն այն աշ­խար­հագրական տարածքները, որոնք կարող են են­թարկ­վել հեղեղումների` համաձայն հետևյալ սցենարների.

1) առաջացման ցածր հավանականության հեղեղումներ (կրկնվելու հավանական ժամանակահատվածը 100-200 տարի),

2) առաջացման միջին հավանականության հեղեղումներ (կրկնվելու հավանական ժամանակահատվածը 20-25 տարի),

3) առաջացման մեծ հավանականություն ունեցող հեղեղումներ (կրկնվելու հավանական ժամանակահատվածը 5-10 տարի):

  1. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված յուրաքանչյուր սցենարի համար հեղեղումների վտանգի քարտեզները պետք է պատկերեն հետևյալ բաղադրիչները.

1) հեղեղման մակերեսները,

2) ջրի խորությունները կամ ջրի մակարդակը,

3) ջրի հոսքի արագությունը:

  1. Այն տարածքներում, որ­տեղ հեղեղումները առաջանում են ստորգետնյա աղբյուրներից և անդրսահմանային գետավազանի այն հատվածները, որտեղ առկա է պատշաճ մակարդակի պաշտպանություն, հե­ղե­ղումների վտանգի քարտեզները պետք է սահմանափակվեն սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված սցենարով:
  2. Հեղեղումների առաջացման ռիսկի քարտեզները պետք է արտացոլեն հեղեղումների պոտենցիալ բա­ցասական հետևանքներն ըստ սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված հե­ղեղումների սցենարների և ներառեն.

1) պոտենցիալ ազդեցության ենթարկվող բնակավայրերը և դրանց բնակչության թվաքանակը,

2) պոտենցիալ ազդեցության ենթարկվող տարածքի տնտեսական գոր­­ծունեության տեսակը,

3) հեղեղման դեպքում աղ­տոտում առաջացնող կառույցները և պոտենցիալ ազդեցութ­յան ենթարկվող պահպանվող տարածքները,

4) այն տարածքները, որտեղ տե­ղա­փոխ­ված նստվածքների և աղբի բարձր պարունակություն կա, ինչ­պես նաև աղտոտման այլ աղբյուրների վերաբերյալ տեղեկատ­վութ­յուն:

  1. Քարտեզների բովանդակությունը արտահայտվում է քարտեզագրական նշանների միջոցով: Քարտեզները պետք է ներառեն քարտեզի անվանումը, կողմնացույցի նշանը, մասշտաբի թվային արժեքը, մասշտաբային քանոնը, և պայմանանշաններ։
  2. Քարտեզների վրա պատկերվում են.

1) հիմքի կետերը (պետական գեոդեզիական ցանցի, հանութային ցանցի, արբանյակային դիրքորոշման կետեր, նիվելիրային հենանիշներ),

2) ջրագրությունը (լճեր, ջրամբարներ, գետեր, գետակներ, ջրանցքներ, առվակներ, ջրհորներ, աղբյուրներ, ափամերձ գոտիներ) և հիդրոտեխնիկական կառույցները,

3) բնակավայրերը և առանձին շենքերն ու շինությունները,

4) արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղ-մշակութային օբյեկտները,

5) ճանապարհային ցանցը (երկաթուղային, խճուղային և գրունտային ճանապարհներ, արահետներ) և ճանապարհային ենթակառուցվածքները,

6) ռելիեֆը և բարձրությունների իզոգծերը,

7) բուսական ծածկը,

8)  հողատեսքերը:

  1. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված օբյեկտները քարտեզների վրա տրվում են ամբողջ ծավալով, իսկ անհրաժեշտության դեպքում օբյեկտների պատկերներին կից տրվում են անվանումներ, պարզաբանող մակագրություններ և որակական ու քանակական բնութագրիչներ:
  2. Անդրսահմանային գետավազանային հատվածների համար, հեղեղումների վտանգի քար­տեզ­նե­րի և հեղեղումների առաջացման ռիսկի քարտեզների մշակմանը պետք է նա­խորդի տեղեկատվության փոխանակումը համապատասխան հարևան երկրների միջև:
  3. Հե­ղե­ղում­նե­րի ռիսկի նախնական գնահատման արդյունքները, հեղեղումների վտանգի քար­տեզ­ները, հեղեղումների ռիսկի քարտեզները և ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները պետք է լինեն հանրությանը հասանելի:
  4. Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզները պետք է վերանայվեն վեց տարին մեկ Ջրա­վա­զա­նա­յին կառավարման պլանների վերանայումների հետ հա­մա­կարգ­ված՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության հավանական ազդեցությունը հե­ղե­ղում­նե­րի առաջացման վրա:
  • Քննարկվել է

    26.04.2024 - 11.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1792

Տպել