ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետով՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Սահմանել կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024թ.
ք. Երևան
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի ___________ «_____» -ի
N ______ - Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ՍԿՍԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՍԵՐՆԴԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները:
- Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք:
- Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել՝
1) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, հողառաջացում).
2) արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում).
3) սոցիալական, բնապահպանական նպատակներով,
4) գիտահետազոտական և կրթական նպատակներով,
5) առողջապահական, վերարտադրության կազմակերպման նպատակներով:
4.Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ Լիազորված մարմին) թույլտվությամբ:
- Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի Ձև N 1-ին համապատասխան:
- Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (այսուհետ՝ Հայտատու) Լիազորված մարմին են ներկայացնում`
1) Թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N 2-ի։
- Հայտում նշվում է.
1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
2) օգտագործման նպատակը,
3) օգտագործման ժամանակահատվածը,
4) չափաքանակը (հատ,կգ),
5) օգտագործման վայրը (մարզը, համայնքը),
6) օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,
- Հայտին կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերը.
1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
2) Լիազորված մարմնի կողմից տրամադրված կիսաազատ պայմաններում պահելու թույլտվությունը,
3) անասնաբույժի կողմից տրամադրված օգտագործման ենթակա կենդանատեսակների առողջության վերաբերյալ տեղեկությունը,
4) տվյալ կենդանատեսակի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ՝ համաձայն շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունիսի 1-ի N 187-Ն որոշման Հավելվածի ձև 1-ի:
- Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմնին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
- ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:
- Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
- Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվության համար անհրաժեշտ լիակազմ և ամբողջական փաստաթղթերի պատճենները ներկայացնում է շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանի 2-րդ կետով ստեղծված մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկմանը:
- Հանձնաժողովը, հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին է ներկայացնում դիրքորոշում տվյալ հայտատուին թույլտվություն տալու վերաբերյալ:
- Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Լիազորված մարմինը հանձնաժողովին է տրամադրում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից (այսուհետ՝ տեսչական մարմին) ստացած՝ տվյալ հայտատուի իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունը:
- Լիազորված մարմինը, Հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովի կողմից տրված դիրքորոշման արդյունքների և սահմանված չափաքանակների մասին:
- Հայտատուն, լիազորված մարմնի կողմից Թույլտվության տրամադրելու մասին տեղեկանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարում է պետական տուրք, ինչից հետո Լիազորված մարմնից ստանում Թույլտվությունը:
- ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե
1) հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան լիազորված մարմնի կողմից պատշաճ ծանուցելուց հետո) կամ բացակայում են Հավելվածի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևիցե մեկը կամ դրանցում բերված տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը:
2) Հանձնաժողովը տվել է բացասական դիրքորոշում,
- Թույլտվության տրամադրումը մերժելու մասին վարչական ակտում պետք է հստակ նշվեն մերժման պատճառները:
- ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Թույլտվության տրամադրումը մերժելու մասին վարչական ակտը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով: