Հիշել նախագիծը

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ գլխի վերնագրից հանել «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ,» բառը:

 Հոդված 2. Օրենքի 240-րդ հոդվածի վերնագրից և նույն հոդվածի 1-ին մասից հանել «և նախաքննության» բառերը:

Հոդված 3.  Օրենքի 241-րդ հոդվածում`

1 վերնագրից և նույն հոդվածի 1-ին մասից հանել «և նախաքննության» բառերը,

2 ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը։

Հոդված 4. Օրենքի 322-րդ հոդվածում`

1 4-րդ մասի 2-րդ նախադասության մեջ վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները բառերը փոխարինել մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բառերով:

2 լրացնել նոր 5.1 մասով հետևյալ բովանդակությամբ.

5.1. Մաքսային մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է վարույթի իրականացումը փոխանցել մաքսային մարմնի մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանմանը, եթե մաքսային իրավախախտում կատարած անձի գտնվելու կամ բնակության վայրը տարածքային առումով ավելի մոտ է տվյալ կառուցվածքային ստորաբաժանմանը` հաշվի առնելով գործի քննության բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու հնարավորությունը::

3 լրացնել նոր 7-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

7. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձն  իր տրամադրության տակ համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ունենալու, տվյալ գործի հանգամանքները բավարար չափով պարզված լինելու դեպքում գործը քննում է անմիջապես՝ մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն չներկայացվելու պարագայում, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով::

Հոդված 5.  Օրենքը լրացնել նոր 325.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 325.1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը

  1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի (այսուհետ` հարկ վճարող) գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնակրատիրոջ կամ հարկ վճարողի աշխատակցի նկատմամբ հարուցված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի այն փաստաթղթերը, որոնք օրենքով ենթակա են պարտադիր ծանուցման (արձանագրություններ, ծանուցագրեր, որոշումներ, ակտեր և այլն), կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:
  2. Հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնակրատերը, որը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում, համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից:
  3. Հարկ վճարողի` մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին ծանուցելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելուց հետո եռօրյա ժամկետում հարկ վճարողը պարտավոր է փաստաթղթի օրինակը տրամադրել մաքսային կանոնների խախտում թույլ տված անձին և այն հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը նույն օրը ներկայացնել մաքսային մարմնին:
  4. Հարկ վճարողի` մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակիցը համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրը: Նշված դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին չծանուցման իրավական հետևանքների ռիսկը կրում է հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնակրատերը:
  5. Հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին, որը չունի նաև հարկ վճարողի հաշվառման համար, մաքսային կանոնների խախտում կատարելու դեպքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ մաքսային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման և (կամ) բնակության հասցեով: Փոստային կապի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ֆիզիկական անձին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում մաքսային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:
  6. Մաքսային կանոնների խախտում կատարած օտարերկրյա ֆիզիկական անձը, որը վարույթի իրականացման ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն մաքսային մարմնին տեղեկություն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իր բնակության կամ հաշվառման հասցեի մասին, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուղարկվում են անձի տրանադրած էլեկտրոնային փոստին և համարվում են ծանուցված փաստաթղթերն ուղարկելու օրվանից: Էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:

Հոդված 6. Օրենքի 332-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

3. Մաքսային կանոնների խախտում կատարած անձի գրավոր դիմումի հիման վրա գործի քննությունը կարող է իրականացվել հեռահաղորդակցության միջոցներով, որի արդյունքներն ամփոփվում են գործի քննությունն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրությամբ: Եթե տեխնիկապես առկա է գործի քննությունը ձայնագրելու հնարավորություն, ապա արձանագրությանը կցվում է նաև ձայնագրությունը::

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 3 ամիս հետո:

 

 

  • Քննարկվել է

    10.04.2024 - 25.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1332

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ