««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Կարգավորման ենթակա խնդիրը. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախագծով նախատեսվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող և դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու և որոշում կայացնելու հնարավորություն, եթե իրավախախտը չի առարկում և գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված են: Նշված դրույթների նախատեսումը կնպաստի վարչարարության իրականացման ժամկետների զգալի կրճատմանը` հնարավորություն տալով վարչական ակտը կայացնել` տեղում լսումներ իրականացնելու արդյունքում:
Առաջարկվում է նաև գործի քննությունն իրականացնել տեսակապով, ինչը հնարավորություն կտա անձին ֆիզիկապես մասնակցելու հնարավորության բացակայության պայմաններում իր ցանկությամբ վարչական գործի քննությանը մասնակցելու տեսակապով:
Բացի այդ, Նախագծով սահմանվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը: Նախատեսվում է մաքսային կանոնների խախտման վարույթներով ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցելու հնարավորություն` անձի լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով, հաշվի առնելով, որ անձին իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու ներկայիս եղանակները հաճախ արդյունավետ չեն, անձի նշած հասցեով ուղարկված ծանուցումները չեն ստացվում, վերադարձվում են և էլեկտրոնային փոստի հասցե մաքսային մարմնին չի տրամադրվում:
Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի 180-րդ հոդվածով մաքսային մարմինը նախաքննություն իրականացնող մարմին չի հանդիսանում, ուստի «Մաքսային կարգավորման մասին» օրենքից հանվել են մաքսային մարմինների կողմից նախաքննություն իրականացնելու վերաբերյալ կանոնակարգումները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Մաքսայինկարգավորմանմասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
5․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև կկանոնակարգվի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները։
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրանց ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
-
Քննարկվել է
10.04.2024 - 25.04.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1331
Տպել