Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի «ա.» ենթակետի համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները։ Միաժամանակ, նույն հոդվածը սահմանում է, որ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։

Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն 2022 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ է ընդունվել 172․476 քաղաքացիական գործ, որոնցից 159․683-ը գումարի պահանջով, ինչը կազմել է վարույթ ընդունված գործերի ընդհանուր թվի գրեթե 93%-ը:

Խոշոր տնտեսավարողներն ունեն համապատասխան մասնագետներ և կարող են որոշակիորեն կրճատել դատական գործընթացներին առնչվող ծախսերը, սակայն վերջիններիս ունեցած փոքր արժեքով դեբիտորական պարտքերի մեծ թիվը չեղարկում է այդ առավելությունը։ Ինչպես ցույց են տալիս խոշոր հաշվապահական և աուդիտորական ընկերությունների հետ ունեցած քննարկումները՝ մեծ ընկերությունները հաճախ վճարում են անհուսալի դեբիտորական պարտքերի գումարների մասով առաջացած շահութահարկի գումարները՝ դրանց «անհուսալի լինելն ապացուցելու» և ծախս ճանաչելու հետ կապված վարչարարական գործընթացներից զերծ մնալու նպատակով։

Փոքր տնտեսավարողներն, ընդհակառակը, չունեն անհրաժեշտ կարողություններ իրենց ուժերով դատարան դիմելու և ստիպված են յուրաքանչյուր դեպքի համար վճարել փաստաբանին, ինչը մեծացնում է միավոր անհուսալի դեբիտորական պարտքին բաժին ընկնող վարչարարական ծախսը։ Հաշվի առնելով կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ հարկման հատուկ համակարգերի հաշվին ընդհանուր համակարգից օգտվողների շրջանակի ընդլայնման ուղղությամբ՝ խնդիրն առաջիկայում ավելի է սրվելու, քանի որ էապես մեծանալու է շահութահարկ վճարող փոքր տնտեսավարողների թիվը։

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133 - Լ որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը սահմանում է, որ արդարադատության արդյունավետության և մատչելիության ապահովման տեսանկյունից շարունակում է արդիական մնալ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը:

Այս նպատակից ելնելով ՀՀ օրենսդրությամբ ներկայումս ներդրվել են մի շարք իրավակարգավորումներ, որոնք սահմանել են արտադատական կարգով վեճերի լուծման և գումարի բռնագանձման պահանջի լուծման ընթացակարգեր, որոնք արտացոլված չեն ՀՀ հարկային օրենսգրքի՝ դեբիտորական պարտքերն անհուսալի ճանաչելու առկա մեխանիզմում: Մասնավորապես, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի հիման վրա արբիտրաժային համաձայնություն կնքելու դեպքում կողմերի միջև առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը: Միաժամանակ, նույն օրենքի 35-րդ հոդվածը սահմանում է նաև, որ որոշակի դեպքերում Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման համար ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

Միևնույն ժամանակ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացվել է 18.3-րդ գլուխ, որով սահմանվել է նոտարի կողմից մինչև 2 (երկու) միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու ընթացակարգ:

Այս ընթացակարգերի կիրառման հետևանքները, սակայն չեն ամրագրվել ՀՀ հարկային օրենսգրքի վերոնշյալ դրույթում, այսինքն` այդ կարգադրությունը հիմք չէ դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար:

Միջազգային պրակտիկայում տարածված են դեբիտորական պարտքերը շահութահարկով հարկման նպատակով անհուսալի ճանաչելու տարբեր մոդելներ՝ պարտքը վերադարձնելուն ուղղված արժանահավատ գործողությունների ներկայացումից (Լեհաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Գերմանիա և այլն) մինչև պարզեցված ընթացակարգով ծախսագրման որոշակի շեմի՝ հասույթի նկատմամբ տոկոսի սահմանում (Հնդկաստան, Ճապոնիա)։

 Ընդունված են նաև անհուսալի ճանաչված դեբիտորական պարտավորությունների մասով վճարված ԱԱՀ գումարների վերադարձ կամ հաշվանցում նախատեսող կարգավորումները (Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Բահրեյն, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Խորվաթիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Հունգարիա, Իտալիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, և այլն)[1]։

 

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Նախագծի նպատակը շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար 100.000 դրամը գերազանցող դեբիտորական պարտքերն  անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարության պարզեցումն է։

 

3 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է՝

 

  • Բարձրացնել 100.000 դրամ շեմը՝ սահմանելով 300.000 դրամ,

 

  • Նախատեսել, որ 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջով հայցը դատարանի կողմից վարույթ ընդունվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից (իսկ վեճն արբիտրաժի լուծմանը հանձնելու դեպքում` արբիտրաժային վարույթի սկզբի օրվանից) կամ վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից, սակայն դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության ուժի մեջ մտնելու պահից դեբիտորական պարտքի գումարը այդ հարկային տարում ճանաչվում է որպես համախառն եկամտի ավելացում:

 

Շեմի բարձրացումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով՝

  1. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին գլխավորությամբ գործող ՓՄՁ խորհրդի աշխատանքների շրջանակում խորհրդի քարտուղարություն հանդիսացող Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը հարցում է անցկացրել ավելի քան 12.000 փոքր և միջին տնտեսավարողների շրջանում: Վերջինիս մեկ տարվա ընթացքում իրականացրած գործարքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողների՝ բիզնեսը բիզնեսի (B2B) հետ հարաբերություններում մեկ գործարքի միջին կշռված մեծությունը կազմում է 488.860 դրամ, իսկ բիզնեսը սպառողի (B2C) հետ հարաբերություններում՝ 550.261 դրամ։

Նույն ցուցանիշը 115 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցողների համար կազմել է համապատասխանաբար 635.312 և 1.730.000 դրամ (տե՛ս, Աղյուսակ 1)։

Իրականացվել է նաև 132 փոքր և միջին տնտեսավարողների ավելի խորքային դաշտային ուսումնասիրություն: 2022թ․ սեպտեմբերի դրությամբ փաստացի անհուսալի դեբիտորական պարտքերի (կետանցման օրվանից ավելի քան 365 օրից ավել չմարված դեբիտորական պարտքերի) վերլուծությունը պարզել է, որ տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցողների՝ 100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների միջին մեծությունը՝ մեկ հաշվարկային փաստաթղթի հաշվով կազմել է 153.000 դրամ, իսկ 115 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն ունեցողներինը՝ 257.000 դրամ (տե՛ս, Աղյուսակ 2):

  1. Գործող կարգավորումն ուժի մեջ է մտել 2002 թվականից դեկտեմբերի 31-ից և գործում է մոտ 21 տարի։ Նշված ժամանակահատվածում գնաճի ցուցանիշը կազմել է 113.74%, որով ճշգրտելու դեպքում միայն 100.000 դրամը կկազմեր 224.000 դրամ։

 

Աղյուսակ 1

Տարեկան մինչև 115 մլն դրամ շրջանառություն

 
 

Գործարարների միջև հարաբերություններում (B2B)

Գործարար-սպառող հարաբերություններում (B2C)

 
 

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ

18 315

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ

25 548

 

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար

18 105 109 060

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար

28 795 725 793

 

Բիզնեսների քանակ

2 644

Բիզնեսների քանակ

4 565

 

Մեկ գործարքի միջին արժեքը

988 540

Մեկ գործարքի միջին արժեքը

1 127 122

 
         

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ

135 220

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ

13 741

 

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար

1 496 860 903

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար

384 100 392

 

Բիզնեսների քանակ

3 152

Բիզնեսների քանակ

2 822

 

Մեկ գործարքի միջին արժեքը

11.070

Մեկ գործարքի միջին արժեքը

27.952

 
         

Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը

488 860

Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը

550 261

 
         

Տարեկան 115 մլն դրամից ավել շրջանառություն

 
 

Գործարարների միջև հարաբերություններում (B2B)

Գործարար-սպառող հարաբերություններում (B2C)

 
 

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ

13 445

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակ

6 137

 

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար

17 301 637 834

100 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների հանրագումար

21 386 898 931

 

Բիզնեսների քանակ

144

Բիզնեսների քանակ

91

 

Մեկ գործարքի միջին արժեքը

1 286 845

Մեկ գործարքի միջին արժեքը

3 484 911

 

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ

61 677

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների քանակ

1 049

 

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար

1 026 696 385

Մինչև 100 000 ՀՀ դրամը գործարքների հանրագումար

26 513 726

 

Բիզնեսների քանակ

144

Բիզնեսների քանակ

60

 

Մեկ գործարքի միջին արժեքը

16 646

Մեկ գործարքի միջին արժեքը

25 275

 

Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը

635 312

Բոլոր գործարքների միջին կշռված մեծությունը

1 730 000

 

 

              Աղյուսակ 2

 
Գործարարների միջև հարաբերություններում (B2B)

Մինչև 115 մլն շրջանառություն

115 մլն-ից ավել շրջանառություն

100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների միջին մեծությունը՝ մեկ հաշվարկային փաստաթղթի հաշվով

100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների տեսակարար կշիռը

100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների միջին մեծությունը՝ մեկ հաշվարկային փաստաթղթի հաշվով

100 հազար դրամը գերազանցող անհուսալի դեբիտորական պարտավորությունների տեսակարար կշիռը

Արժեքային արտահայտությամբ

ըստ պարտավորությունների թվի

Արժեքային արտահայտությամբ

ըստ պարտավորությունների թվի

153 000

30%

15%

257 000

80%

43%

             

 

Հաշվի առնելով վերը բերված վերլուծությունը, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում փոփոխություններ չպլանավորելու և որոշակի կայուն շեմ ունենալու անհրաժեշտությունը՝ առաջարկվել է գործող 100․000 դրամի փոխարեն նախատեսել 300.000 դրամ շեմը։

 

Առաջարկվող մյուս փոփոխության մասով հարկ է նշել, որ դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման վերաբերյալ ՀՀ կառավարության 05.10.2017թ․ 1373-Ն որոշմամբ սահմանված պահուստավորման առավելագույն ժամկետը  365 օրն է։ Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու և ծախսագրելու համար անհրաժեշտ է մինչև այդ ժամկետը ունենալ դատարանի վճիռ, ինչը գործնականում անհնար է։ Նախ, գործարար հարաբերություններում անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ պարտքը գործընկերային կարգով, առանց դատարանի միջամտության, ստանալու համար, որից հետո միայն կարող է որոշում ընդունվել դատարան դիմելու մասին։ Որպես կանոն, «սպասման ժամկետը» մեկ տարի է։

Մյուս կողմից, հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է ևս զգալի ժամանակահատված՝ վճիռ ունենալու համար։ Սա նշանակում է, որ տնտեսավարողները ստիպված են լինում հարկ վճարել այն գումարից, որը դեռ չեն ստացել կամ չեն ստանալու։

Նման անբարենպաստ իրավիճակը կվերանա, եթե դատարան (կամ արբիտրաժային տրիբունալ) դիմելն արդեն իսկ հիմք կհամարվի դեբիտորական պարտքն անհուսալի համարելու համար։

Միաժամանակ, չարաշահումներից խուսափելու նպատակով նախատեսվել է, որ կարգավորումը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ կկայացվի դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ դատական վճիռ։

 

Հաշվի առնելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում իրականացված լրացումները՝ առաջարկվում է նաև նոտարի կողմից մինչև 2 (երկու) միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու դեպքում տնտեսավարողներին հնարավորություն տալ այդ գումարը ճանաչելու որպես անհուսալի դեբիտորական պարտք։

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ՝

  • Կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը, կկրճատվեն այդ գործընթացում առաջացող ծախսերը։
  • ՀՀ հարկային օրենսգրքի կարգավորումը համահունչ կդարձվի «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին։

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

Նախագծի ընդունումը բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 4.6 կետի (Հարկային/մաքսային/այլ վարչարարական բեռի գնահատում և պարզեցում ՓՄՁ-ների համար) նպատակներից։

    

  1. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի աջակցությամբ գործող Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից համատեղությամբ։

Նախագիծը քննարկվել է 24.11.2023 թվականին կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում:

 

7 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսում։ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն ակնկալվում։ 

 

 

 

[1] https://assets.kpmg.com/content/dam/kpmg/xx/pdf/2020/04/indirect-tax-treatment-of-bad-debts-a-multijurisdictional-analysis.pdf

https://www.irs.gov/publications/p535

https://taxsummaries.pwc.com/poland/corporate/deductions#:~:text=As%20of%201%20January%202020,reduce%2Fincrease%20the%20tax%20base

https://www.ato.gov.au/Business/Income-and-deductions-for-business/Deductions/Deductions-for-unrecoverable-income-(bad-debts)/#Othertaxconsiderations
https://www.grantthornton.jp/globalassets/1.-member-firms/japan/pdfs/newsletter/bulletin/bulletin_202104.pdf

https://incometaxindia.gov.in/charts%20%20tables/deductions.htm

  • Քննարկվել է

    20.03.2024 - 04.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2378

Տպել