Գևորգ Նազարյան
14.03.2024
Ռազմական ստանդարտների վերնագրերը պետք է գաղտնի լինեն, առաջարկում եմ անվանումները չհրապարակել։
Նախագիծը չի ընդունվել
24 - Կողմ
7 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․Անհրաժեշտությունը
«Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ:
Սույն որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից: 2023 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հողի որակի, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։
Ստանդարտացման ազգային մարմինը 2023 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդարտացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով նախատեսված է հրատարակել «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար նախապատրաստվելու է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք կտրամադրվեն ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։
2024 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը նախատեսված է 14123.4 հազ. դրամ: Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:
Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար`
ա) ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ.
բ) միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ.
գ) ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:
Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով։
3․Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ստանդարտացման բնագավառում քաղաքականությունը սահմանվում է լիազորված պետական մարմնի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, որը բխում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:
Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման․
ա) տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման․
բ) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման․
գ) պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման․
դ) Հայաստանի Հանրապետությունում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման, ԵՄ շրջանակներում գործող դիրեկտիվների/կանոնակարգերի հիման վրա համապատասխան ոլորտային ազգային տեխնիկական կանոնակարգերի արդիականացման համար:
Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:
Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ․
ա) դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար,
բ) համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ստանդարտացման ազգային մարմնի համակարգման համատարած և համակողմանի հարցում է անցկացվել շահագրգիռ բոլոր կողմերի շրջանում, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ: Ներկայացված բոլոր առաջարկությունների, առկա պետական քաղաքականության և տնտեսական գերակայությունների հիման վրա ձևավորվել է նախագծով առաջարկվող Ծրագիրը:
6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումներով www.armstandard.am տեղադրելու միջոցով։
Հասարակության մասնակցությունը Որոշման նախագծմանը և/կամ քննարկումներին իրականացվում է շահագրգիռ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց առաջարկությունների և դիտողությունների ներկայացմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և/կամ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին:
Նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում, կամ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չկա։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրից։
8․ Ակնկալվող արդյունքը
Ծրագրի իրականացման արդյունքում կմշակվեն ազգային ստանդարտներ տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:
Քննարկվել է
13.03.2024 - 02.04.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1550
Տպել14.03.2024
Ռազմական ստանդարտների վերնագրերը պետք է գաղտնի լինեն, առաջարկում եմ անվանումները չհրապարակել։
14.03.2024
Ծրագրով նախատեսվում է մշակել ընդամենը 30 ազգային ստանդարտ, որոնցից մեկը՝ (ԻՍՕ 15189) վերանայում է։ Կարծում եմ, որ այս ծրագիրը որևէ կերպ չի արտացոլում ազգային տնտեսության ու արդյունաբերության իրական կարիքները։ Ստանդարտացմանն ուղղվող խիստ սահմանափակ ֆինանսավորումն էլ ընդգծում է այն հանգամանքը, որ պետությունը հետաքրքրված չէ ազգային ստանդարտների մշակմամբ։ Ծրագիր կազմելու մոտեցումը լրջորեն վերանայման կարիք ունի։ Այս մոտեցումն անընդունելի է։