Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անդրանիկ Ասլանյան 26.03.2024 16:06:36 Նախագծի անհեթեթությունը հիմնավորող ևս մեկ դիտարկում․ Ենթադրենք, ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից մեկը, ցանկանալով իր կողմից մատուցվող ծառայության, կամ արտադրվող արտադրանքի ծավալների ավելացման, հետևաբար նաև շահույթ ստանալու նպատակով, թույլտվություն ստանալ օգտվելու նշված ոլորտում հայտնի մեկ այլ տնտեսվարող սուբյեկտին պատկանող ապրանքային նշանից։ Այս պարագայում հարց է առաջանում, ինչումն է կայանում այս երկու անձանց միջև կամ այդ ապրանքային նշանից օգտվել ցանկացող տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկային պլանավորման չարաշահումը։ Եթե իրավիճակը դիտարկում ենք ապրանքային նշանի իրավատիրոջ տեսանկյունից, ապա վերջինս իր հայտնի ապրանքային նշանը ընդամենը տրամադրում է այլ անձի լրացուցիչ շահույթ ստանալու, կամ այդ ապրանքային նշանը առավել հայտնի դարձնելու նպատակով, եթե իրավիճակը դիտարկում ենք ապրանքային նշանը օգտագործողի տեսանկյունից, ապա վերջինիս նպատակն է այդ հայտնի ապրանքային նշանի օգտագործմամբ առավել մեծ շահույթ ստանալը, ընդ որում ընդհանրապես հայտնի չէ, արդյոք այդ անձինք իրականում այդ իրավիճակից քաղելու են այն օգուտը, որը ի սկզբանե նախատեսել են, թե՝ ոչ։ Բացի այդ, այս պարագայում առանձին քննարկման է արժանի նաև այն դեպքերը, երբ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողները գործունեություն են իրականացնում այլ երկրի ռեզիդենտ համարվող հարկ վճարողի ապրանքային նշանի ներքո (օրինակ միջազգային հագուստի հայտնի բրենդներ)։ Այս դեպքում ինչպես է որոշվելու հարկ վճարողի կողմից հարկային ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հանգամանքը, թե մի դեպքում այդ դեպքը առկա է լինելու իսկ մյուս դեպքում՝ ոչ, դրանով իսկ անհավասար վիճակում դնելով նույն իրավիճակում գործող տարբեր տնտեսվարող սուբյեկտների։ Կամ, հնարավոր է, որ միևնույն ապրանքային նշանը կարող է օգտագործվել նաև մի քանի տնտեսվարողների կողմից, սակայն նրանք բոլորը առընչություն ունենան միայն այդ ապրանքային նշանի իրավատիրոջ հետ, ընդհանրապես տղյակ չլինելով մյուս օգտագործողների մասին, ինչը լրացուցիչ անգամ հաստատում է առաջարկվող փոփոխության վիճահարույց լինելը։
2 Samvel Tumanyan 26.03.2024 16:23:56 Ակնհայտ է, որ նախագիծը լուրջ բացասական ազդեցություն է թողնելու ներդրումների իրականացման վրա, քանի որ պոտենցիալ ներդրողները միանշանակ հաշվի են առնում նաև հարկային օպտիմալացման հանգամանքները։ Այս նախագծի ընդունման պարագայում ցանկացած օպտիմալացում դիտվելու է որպես չարաշահում։
3 Edvard Hayrapetyan 26.03.2024 17:14:21 ՀՀ հարկային օրենսգրքով հարկ վճարողներին ուղղակիորեն վերապահված իրավունքների իրացման արդյունքում ստացված հարկային օգուտը չպետք է դիտարկվի որպես հարկային պլանավորման մեթոդների չարաշահում: Հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը մի կողմից իրավունք է սահմանում հարկ վճարողների համար՝ ստանալու հարկային օգուտներ, իսկ մյուս կողմից պատժում է այդ իրավունքից օգտվելու համար:
4 Armen Srapyan 26.03.2024 17:59:12 Կատարյալ հիմարություն, համոզված եմ ինքներդ չեք պատկերացնում ձեր նախագծից բխող շատ հարցերի պատասխաններ։
5 Hamest Suqiasyan 26.03.2024 18:13:55 Նախագծի հիմնավորումներում հղում եք տվել միջազգային փորձին։ Սակայն միջազգային պրակտիկայում օրենսդրական կարգավորումները և վարչարարությունը վերաբերում են իրավունքի իրացման չարաշահումներին, այլ ոչ սահմանված իրավունքի իրացմանը։ Իսկ այս նախագծով դժվար է տարանջատել՝ չարաշահումը որ դեպքերում են, իրավունքի իրացումը՝ որ։
6 Տիգրան Շահնազարյան 26.03.2024 18:33:06 Ինչու է որոշվել, որ Հաշվետու հարկային տարվա կամ եռամսյակի ընթացքում միմյանց միջև կատարվող գործարքների արժեքը կազմում է հարկ վճարողների կողմից կատարված գործարքների 50 տոկոս և ավելին, հիմք է այդ անձանց նկատմամբ հարկային պլանավորման չարաշահման դեպքի ճանաչման համար։ Ինչու 50, այլ ոչ թե ենթադրենք 30, 60 կամ 70 տոկոս, ապա նաև, ինչու հաշվետու եռամսյակ կամ տարի, կամ եթե օրինակ մեկ տնտեսվարող սուբյեկտի պարագայում այդ գումարը գերազանցում է իր ընդհանուր գործարքների 50 տոկոսը, իսկ մյուսի դեպքում՝ ոչ, ապա այս հիմքը առկա է, թե՝ ոչ։ Կամ ինչում են մեղավոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք տվյալ արտադրության կամ ծառայության առանձնահատկությունից ելնելով, իրենց կողմից արտադրված կամ ներմուծված ապրանքները վաճառում են սահմանափակ թվով հարկ վճարողների։
7 Levon Ghazaryan 26.03.2024 18:37:49 Նախագծով առաջարկվող Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2․1 մասի 8-րդ կետի համաձայն․ Հարկ վճարողները ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող են համարվում, եթե՝ 8) առևտրի, ծառայությունների կամ հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողները (որոնցից առնվազն մեկը գործունեություն է իրականացնում հատուկ հարկման համակարգում) հանդես են գալիս միևնույն ապրանքային նշանի ներքո կամ կիրառում են միևնույն համացանցային հաղորդագրի (IP) հասցեները կամ գովազդներում և հրապարակային օֆերտայի շրջանակներում օգտագործում են անհատականացնող միևնույն անվանումները, բառերը կամ նիշերը․ Այժմյան իրականությունում ՀՀ-ում գործում են բազմաթիվ բիզնես կենտրոններ, որոնք վարձակալական հիմունքներով տրամադրում են բիզնես ծավալելու համար տարածքներ, որոնցից մեծամասամբ օգտվում են ծառայություններ մատուցող կազմակերպությունները՝ վարձակալված տարածքներն օգտագործելով որպես գրասենյակներ։ Վարձակալությունը շատ դեպքերում չի սահմանափակվում միայն տարածքների՝ վարձակալությամբ տրամադրմամբ, այլ ներառում է նաև էլեկտրական էներգիայի, ջեռուցման, և ինտերնետ ծառայությունների տրամադրում վարձակալներին։ Այս դեպքում վարձակալները, հանդիսանալով առանձին հարկ վճարողներ, այդ մասին անգամ տեղյակ չլինելով, կարող են օգտագործել վարձատուի կողմից տրամադրված միևնույն համացանցային հաղորդագրի (IP) հասցեները։ Հետևաբար, առաջարկվող իրավակարգավորման դեպքում իրար հետ որևէ կերպ կապ չունեցող հարկ վճարողները կարող են համարվել ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող միայն այն պատճառաբանությամբ, որ օգտվում են վարձատուի կողմից տրամադրվող ինտերնետ կապից։ Նշված խնդիրը առավել սուր արտացոլում է գտնում այժմ մեծ տարածվածություն ստացած այսպես կոչված՝ աշխատատեղի տրամադրման(coworking) գրասենյակներում, որտեղ բացառապես վարձատուի կողմից տրամադրվող ինտերնետ կապից են օգտվում միևնույն տարածքում գտնվող, սակայն իրար անգամ չճանաչող տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Եվս մեկ հանգամանք, որը աբսուրդի է հասցնում առաջարկվող իրավանորմի կիրառելիությունը՝ տարբեր տնտեսվարողներ իրենց հաշվապահական հաշվառումը, հաշվապահական հաշվառման ծրագրային սպասարկումը կամ համակարգչային ցանցի սպասարկումը կարող են արտապատվիրակել միևնույն ընկերությանը, որը իր կողմից օգտագործվող ինետերնետ կապի միջոցով իրականացնում է տարբեր տնտեսվարողների սպասարկումը կամ հաշվապահական հաշվառումը՝ այդ թվում հաշվետվությունների ներկայացումը ՊԵԿ։ Առաջարկվող իրավանորմի պարագայում կարող է հարկային մարմինը դիտարկել, որ տարբեր տնտեսվարողները օգտագործում են միևնույն համացանցային հաղորդագրի (IP) հասցեները և այդ հիմքով տնտեսվարողներին ճանաչի ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող միայն այն օբյեկտիվ պատճառով, որ նշված տնտեսվարողների հաշվապահական հաշվառումը, հաշվապահական հաշվառման ծրագրային սպասարկումը կամ համակարգչային ցանցի սպասարկումը վարվում է մեկ կազմակերպության կողմից։
8 Արմեն Ղազարյան 26.03.2024 22:40:20 Մի քանի անգամ հանրային քննարկում անցավ այս նախագիծը, բայց կրկին նույն անորոշ հասկացություններով ներկայացված է։ Նախորդ խմբագրությունից ֆրանչայզինգն եք բացառել միայն, մնացած առաջարկների մասով գրեթե փոփոխություն չկա։ Եթե այսպիսի ոչ կառուցողական է ձեր դիրքորոշումը, ում՞ են պետք այս քննարկումներն ու լսումները։
9 NAREK NIKOXOSYAN 27.03.2024 10:18:43 Դիտարկեն այսպիսի տարածված իրավիճակ․ ոչ ռեզիդենտից ձեռք է բերվել ծառայություններ, որոնց դիմաց պետք է կատարվի վճարում։ Թեև կազմակերպության բանկային հաշվին առկա է եղել դրամական միջոցներ, սակայն վճարումը կատարվել է 2 եռամսյակ հետո։ Ըստ նախագծի ՝ նշված իրավիճակում տեղի է ունեցել հարկային պլանավորման չարաշահում, ինչը սկզբունքորեն անընդունելի է։
10 Գագիկ Կարապետյան 27.03.2024 11:11:48 ՀՀ ՊԵԿ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում նշված նախագծի քննարկումների ընթացքում ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների կողմից տրվել էին հավաստիացումներ, որ Միության կողմից ներկայացված առաջարկություններն ու մտահոգությունները հաշվի կառնվեն, մինչդեռ շատ դեպքերում նախագծով տրված են տրամագծորեն հակառակ և Միության կարծիքով անհիմն ու կիրառման տեսանկյունից՝ անթույլատրելի կարգավորումներ: Այս հանգամանքը, հիմքեր է տալիս ենթադրելու, որ Հասարակական խորհրդի նիստերը ընդամենը իրազեկման առաջնային նպատակ են հետապնդում, մինչդեռ մասնագիտական հանրային կառույցների ներկայացրած առաջարկների պատշաճ քննարկումներն առանձնապես չեն կարևորվում:
11 Vardges Vardanyan 27.03.2024 11:36:38 Նախագիծը չի բացառում միևնույն վարույթի շրջանակում միաժամանակ կիրառել ինչպես փոխկապակցվածության պատասխանատվություն, այնպես էլ չարաշահման արդյունքում հարկային պարտավորությունների վերահաշվարկ, ինչը իրավաչափ չէ։ Անհրաժեշտ է հարկային պլանավորման մեթոդների չարաշահման կարգավորումները տարանջատել փոխկապակցվածության ճանաչման կարգավորումներից։ Այսինքն, հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքը անգամ տեսականորեն չպետք է հիմք հանդիսանա վերջիններիս գործողությունները հարկային պլանավորման մեթոդների չարաշահում դիտարկելու համար։
12 Samvel Hartenyan 27.03.2024 12:47:56 Նախագծից անհասկանալի է, թե մինչև քանի հարկ վճարող կարող է նույն վարույթի շրջանակում ճանաչվել փոխկապակցված․ երկու՞սը, հարյու՞րը, հազա՞րը․․․ Ըստ էության այստեղ բացակայում է այն չափանիշը, որը կբացահայտի հարկ վճարողների՝ միասնական գործելու հավանականությունը, և միայն այդ չափանիշը բավարարելուց հետո, նախագծի վերոհիշյալ կետերում նշված չափանիշներից ելնելով, հաստատվի կամ հերքվի ընդհանուր տնտեսական շահից ելնելով գործելու առկայությունը։
13 Lilit Muradyan 27.03.2024 13:11:46 Որպեսզի հարկային մարմինը կարողանա այս նախագծով նախատեսվող իր լիազորությունները կիրառել, պետք է հասկանալ նաև, թե որտեղ են վերջանում այդ լիազորությունները, ինչը պարզ չէ։ Ու հենց այստեղից էլ սկսվելու է անարդարությունը, ապօրինությունը։ Ավելի լավ կլիներ դրանք էլ հստակեցվեին։
14 Svetlana Stepanyan 27.03.2024 15:00:32 Այս տեսքով ներկայացված նախագիծը կյանքի կոչվել չի կարող և, եթե հարկային մարմինը նպատակ ունի իրապես արդարացիորեն վերհանել հարկային պլանավորման չարաշահման դեպքերը, ապա նախքան օրենսդրական կարգավորումներ առաջարկելը պետք է իրականացնի մեծածավալ վերլուծական աշխատանքներ։
15 Հրանուշ Եղիկյան 27.03.2024 15:18:35 Հաշվի առնելով, որ «հարկային պլանավորման չարաշահումների» և «փոխկապակցավածության» ինստիտուտների ներդրման նպատակը, որը նշված է նաև նախագծի հիմնավորման մեջ, բիզնեսի (իրացման շրջանառությունների) տրոհման եղանակով հարկերից խուսափելու երևույթները կանխելն է, նախագծում առկա իրավական անորոշությունների պայմաններում հարկային մարմնի կողմից հարկ վճարողների նկատմամբ կամայական և սուբյեկտիվ դրսևորումները բացառելու նպատակով՝ իրավական ակտում նույնպես անհրաժեշտ է ամրագրել, որ հարկային պլանավորման չարաշահում կամ փոխկապակցվածություն առկա է, եթե հարկային մարմնի կողմից հիմնավորվել է հարկ վճարողների իրացման շրջանառությունների տրոհման եղանակով հարկերից խուսափումը։
16 Murad Malxasyan 27.03.2024 15:52:37 Ներկայացված տեսքով նախագիծը, իր սակավաթիվ, թերի, ծայրահեղ տարողունակ և անհասցե կարգավորումներով որևէ կերպ չի առնչվում հարկային պլանավորման չարաշահումների էությանը:
17 Hasmik Manukyan 27.03.2024 16:36:30 Եթե չարաշահում ասելով հասկանում ենք օրենքով սահմանված ցանկացած իրավունքի չարաշահում՝ որոշակի սահմաններից դուրս, ապա պետք է փորձել ողջամտության սահմաններում ձևակերպել այն սահմանագիծը, որից դուրս գալուց կհամարվի, որ առկա է հարկային պլանավորման չարաշահում։ Այս նախագծում չարաշահման սահմանումը խիստ լղոզված է․․․
18 Սահակ Սահակյան 27.03.2024 17:12:50 Կրկին վարչարարության չարաշահման լայն հնարավորություններ են ընձեռվում վարչական մարմնին, որը անխուսափելիորեն հանգեցնելու է ոչ միատեսակ կիրառության:
19 Kamo Goroyan 27.03.2024 17:26:58 Այն, ինչ առաջակվում է ներկայացված նախագծով ոչ թե հարկումից խուսափելու իրական դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ են, այլ հարկային վարչարարությունը կամայական ձևով չարաշահելու և տնտեսվարող սուբյեկտներին անհարկի պատժելու օրենսդրական հիմքեր։
20 Mayis Muradyan 27.03.2024 18:06:18 Խիստ սահմանափակ ժամկետների պատճառով տնտեսվարողները ընկնելու են ցայտնոտի մեջ, ինչից հարկային մարմինը փորձելու է չարդարացված օգուտներ գեներացնել՝ հարկատուներին գցելով անելանելի դրության մեջ։ Շատերը կբողոքարկեն, մի ստվար մասն էլ բիզնեսը տանուլ կտա ու երկրից կարտագաղթի։
21 Զորիկ Սահակյան 27.03.2024 18:50:20 Արդյո՞ք նման լայնածավալ վարչարարության համար ՊԵԿ-ը ունի ռեսուրսներ, բանիմաց, թացը չորից տարբերող կադրեր, որոնք մանրամասն ուսումնասիրած կլինեն այս նախագիծը և հասկացած կլինեն անհասկանալին։