Meri Julhakyan
05.03.2024
Առաջարկում եմ այդ ռեսուրսները ուղղել առաջնագծին որպեսի կարիք չլինի Երևանը պաշտպանելու։
11 - Կողմ
10 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետում «աշխարհազորի» բառը փոխարինել «տարածքային պաշտպանության համակարգի» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 9.1-ին կետը.
3) լրացնել 9.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.2) տարածքային պաշտպանություն՝ խաղաղ և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչի հնարավորությունների բարձրացման, Հայաստանի Հանրապետության սահմանների, Հայաստանի Հանրապետության տարածքի բնակավայրերի, ռազմական օբյեկտների, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների պահպանության և պաշտպանության համակարգ, որը ներառում է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը, տարածքային պաշտպանության զորքերը և տեղական պաշտպանության ուժերը.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 4-րդ կետում «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «, տարածքային պաշտպանության համակարգի» բառերը, իսկ «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերը հանել.
2) 2-րդ մասի 9-րդ և 3-րդ մասի 3-րդ կետերում «աշխարհազորի» բառը փոխարինել «տարածքային պաշտպանության համակարգի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և 2-րդ մասը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «պլանով» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել 3.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1) մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանի մշակման աշխատանքներին.».
2) 2-րդ մասի 8-րդ կետում «ծավալմանը» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանի իրագործմանը» բառերը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ծավալմանը» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանի իրագործմանը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում հանել «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:» նախադասությունը:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «աշխարհազորի» բառը փոխարինել «տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում §, աշխարհազորը¦ բառը հանել:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29.1-ին հոդվածը:
Հոդված 11. Օրենքը լրացնել 6.1-ին գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 6.1
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 29.2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Տարածքային պաշտպանության նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
2. Տարածքային պաշտպանության խնդիրներն են`
1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.
2) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ.
3) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.
4) ռազմական, պետական կարևորագույն և հատուկ օբյեկտների, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:
ՀՈԴՎԱԾ 29.3. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Տարածքային պաշտպանության համակարգը ներառում է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը, տարածքային պաշտպանության զորքերը և տեղական պաշտպանության ուժերը:
2. Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կառավարման մարմին է՝ զորամիավորման կարգավիճակով, որն ապահովում է տարածքային պաշտպանության զորքերի գործունեության կազմակերպման, ղեկավարման և պատրաստության գործընթացը:
3. Տարածքային պաշտպանության զորքերը ստեղծվում են ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային ուղղությունների մարտական խնդիրների կատարման նպատակով և կազմված են միավորումներից, զորամասերից ու ստորաբաժանումներից: Տարածքային պաշտպանության զորքերի կառուցվածքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանով:
4. Տարածքային պաշտպանության զորքերն ունեն խաղաղ և պատերազմական ժամանակի հաստիքներ: Խաղաղ ժամանակի հաստիքներ ունենալու և դրանցում նշանակում կատարելու նպատակն է՝ միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կազմակերպչական գործընթացի ապահովումը: Խաղաղ ժամանակի հաստիքներին (պաշտոններին) նշանակումն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման միջոցով: Պատերազմական ժամանակի հաստիքներին կատարվում է կցագրում՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիներից:
5. Տարածքային պաշտպանության զորքերի գործունեությունը կարգավորող մարտական և զորահավաքային պատրաստականության անհրաժեշտ փաստաթղթերի մշակումն իրականացվում է խաղաղ ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Տարածքային պաշտպանության զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման և զորահավաքային պլանների համաձայն: Տարածքային պաշտպանության զորքերի կիրառումը ռազմական դրության ժամանակ իրականացվում է դրանց ստեղծման ուղղություններով պաշտպանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, դրանք կարող են կիրառվել նաև այլ ուղղությունների պաշտպանության համար:
6. Տարածքային պաշտպանության միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված քաղաքացիների պատրաստությունը խաղաղ ժամանակ իրականացվում է պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման, իսկ ռազմական դրության ժամանակ՝ զորահավաքային զորակոչի միջոցով:
ՀՈԴՎԱԾ 29.3. ՏԵՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
1. Տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում և գործում են ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:
2. Տեղական պաշտպանության ուժերը, կապված համայնքի սահմաններից (տարածքից) և համայնքում հաշվառված բնակչության թվից՝ բաղկացած են առանձին գումարտակներից կամ առանձին վաշտերից:
3. Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի (համայնքների) վարչական տարածքի (տարածքների) պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
4. Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ`
1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության,
2) ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
3) ով պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
5. Ստորաբաժանումների համալրումը և պայմանագրերի կնքումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատները՝ համագործակցելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված զորամասերի հետ:
6. Ստորաբաժանումները խաղաղ ժամանակ անցնում են պատրաստություն՝ տարածքային պաշտպանության խնդիրների ապահովման ուղղությամբ, որն իրականացվում է համապատասխան զորամասի պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով: Ստորաբաժանումների կիրառումը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և պաշտպանության նպատակով, իրականացվում է զորամիավորման հրամանատարի հրամանով՝ ըստ այն զորամասի մարտական խնդիրների, որի կազմում ներառված է ստորաբաժանումը:
7. Ստորաբաժանումներում ներգրավված քաղաքացուն հատկացվում է զինվորական համազգեստ, պատրաստության և կիրառման ժամանակահատվածում նրան ամրակցվում է զենք, ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված քաղաքացու վրա, կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության և կիրառման ժամանակահատվածում, տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը: Ստորաբաժանումներում ներգրավված աշխատող քաղաքացիների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Ստորաբաժանումների կազմում ներգրավված քաղաքացիներին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
Հոդված 12. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա, իսկ սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն Օրենքի 29.3-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքում ուժը կորցրած ճանաչել 5-րդ հոդվածի 4-րդ մասը և 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքում ուժը կորցրած ճանաչել 48-րդ հոդվածի 6.2-րդ, 68-րդ հոդվածի 3-րդ և 102-րդ հոդվածի 4-րդ մասերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում ուժը կորցրած ճանաչել 30-րդ հոդվածի 2-րդ մասը և 40-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Քննարկվել է
21.02.2024 - 08.03.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2613
Տպել05.03.2024
Առաջարկում եմ այդ ռեսուրսները ուղղել առաջնագծին որպեսի կարիք չլինի Երևանը պաշտպանելու։