ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է վարչապետի 2023 թվականի հուլիսի 24-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N866-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջներից։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-150-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։ Օրենքի՝ Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները սահմանող 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կատարման ապահովման համար անհրաժեշտությունն է առաջացել ընդունելու սույն իրավական ակտը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՇՄԱԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1902-Լ որոշման 13-րդ կետից։