Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ձևավորմամբ նախատեսվում է պետական անտառներում, անտառային հողերում և համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության լիազորությունները վերապահել Ծառայությանը, իսկ վերահսկողությունը կշարունակի իրականացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Պետական անտառներում, անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում պաշտպանության լիազորություններն իրենց իրավասությունների սահմաններում կիրականացնեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող 6 ՊՈԱԿ-ները։
Վերոգրյալով պայմանավորված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող ՊՈԱԿ-ների և Ծառայության գործառույթների կրկնություններից ու նմանություններից խուսափելու նպատակով, Կառավարության որոշման նախագծով առանձնացվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության գործառույթները՝ դրանք օրենքի ուժով վերապահելով Ծառայությանը։
Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության առարկան և նպատակը՝ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնության տարեգրության վարման, բնական պաշարների կայուն օգտագործման, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման ապահովումն է: