Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Կողմ
-
11892 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սուրեն Սեմերջյան 31.01.2024 17:45:57 | Հիմնավորման համաձայն՝ «Հայոց պատմություն» եզրույթը հակասում է Հանրակրթության պետական չափորոշիչի 33-րդ կետի 6-րդ ենթակետին, որով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Նշվածը հիմնավորումը ոչ միայն բավարար չէ, այլ նաև խեղաթյուրող է, քանի որ «Հայոց պատմություն» եզրույթն է, որ ամբողջովին իր մեջ ներառում Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն, մշակույթ և կրոն, աշխարհագրություն, հասարակական կյանքի հասկացությունները, քանի որ նշված բոլորը հանդիսանում են հայ ժողովրդի կենսագործունեությունը և պատմական ուղին բնորոշող կատեգորիաներ: Իր հերթին, «Հայաստանի պատմություն» հասկացությունը չի կարող իր մեջ ներառել մի քանի հասկացություններից բաղկացած շարք, այն դեպքում եթե այդ հասկացություններից մեկը ամբողջովին կրկնօրինակում է «Հայաստանի պատմություն» եզրույթը (այլապես կստացվի, որ Հայաստանի պատմությունը դա Հայաստանի պատմություն է, Հայաստանի աշխարհագրություն է և այլն, ինչը իմաստ չպարունակող նույնաբանություն է)։ Այսպիսով, հենց առաջարկվող փոփոխության ընդունման պարագայում կառաջանա Հանրակրթության պետական չափորոշիչի 33-րդ կետի մասով նկարագրված հակասությունը: | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
2 | Սուրեն Սեմերջյան 31.01.2024 17:47:23 | 2. Հիմնավորման մեջ նշված է, որ առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Նշվել էր նաև, որ այդ պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշում: Փաստորեն, վերանվանված «Հայաստանի պատմություն» առարկան իր մեջ ներառելու է նաև Հայաստան պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը: Անդրադառնալով ինստիտուցիոնալ մոտեցման ձևավորման կարևորության փաստարկին՝ կարծում եմ, որ զուտ ֆորմալ տրամաբանության տեսանկյունից՝ վերնագրի և բովանդակության նման անհամապատասխանությունը կրթություն ստացող դեռահաս քաղաքացիների մոտ առաջացնելու է բուն առարկան ավելի ամբողջական ընկալելու հետ կապված բարդություններ, ինչն բերելու է նաև հակառակ արդյունքին: Ստացվելու է այնպես, որ դեռահաս քաղաքացին «Հայաստանի պատմություն» անվան ներքո սովորելու է նաև պետության չգոյության որևէ ժամանակահատվածի մասին և հետևաբար՝ Հայաստանը դրա կողմից դիտարկվելու որպես որոշակի տարածքի տեղանուն, այլ ոչ թե պետության անվանում: Միջազգային փորձը նույնպես փաստում է վերոհիշյալ պնդումը, քանի որ Լեհաստանի պատմությունը կամ Ֆրանսիայի պատմությունը դա այդ երկրների ներկայիս աշխարհագրական շրջանակներում տեղի ունեցած պատմության նկարագրություն է, որն իր մեջ ներառում է նաև այլ ազգերի և նրանց կողմից ստեղծված պետականությունների պատմությունների ամբողջությունը (Օրինակ՝ Հռոմեական կայսրության): Այդպիսով, ներկայացված հիմնավորումը ունի լրամշակման կարիք, քանի որ առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում ներկայացված նպատակներին: | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
3 | Սուրեն Սեմերջյան 31.01.2024 17:47:23 | 3. Հիմնավորման մեջ տարբեր երկրների անվանումների մասով ներկայացված է հղումների ցանկ: Մասնավորապես, առաջին հղումով ներկայացված է «google» համակարգով «history textbook in the indian school» արտահայտության համապատասխանող նկարների որոնման արդյունքները: Փաստորեն, նախագիծը մշակած մարմնի կողմից համացանցում իրականացված պարզ որոնումը ներկայացված է որպես ծանրակշիռ փաստարկ: Կարծում եմ, որ նման հիմնարար նախագիծ ներկայացնելու պարագայում՝ կարելի էր առնվազն առանձնացնել հավատի արժանի մի շարք առանձին աղբյուրներ, այլ ոչ թե՝ ժամանակի ընթացքում փոփոխվող տեղեկատվություն ներկայացնող հղում: Ավելին, հղումով անցնելիս ակնհայտ է դառնում, որ Հնդկաստանի դպրոցական դասագրքերի վրա գրված է «Indian history» (Հնդկական պատմություն), այլ ոչ թե «History of India» (Հնդկաստանի պատմություն), ինչը ուղղակիորեն հակասում է հիմնավորման մեջ բերված փաստարկներին: | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
4 | Սուրեն Սեմերջյան 31.01.2024 17:47:23 | 4. Հիմնավորումից պարզ չէ, թե ինչ ադմինսիտրատիվ կամ նյութական ռեսուրսներ են հարկավոր լինելու նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում դրա պրակտիկ իրագործումը ապահովելու նպատակով: Չի կատարվել կարգավորման ազդեցության գնահատում: Կարծում եմ, որ հիմնավորմամբ պետք է առնվազն անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝ 1) Արդյո՞ք հին դասագրքերը հետ են կանչվելու և նոր դասագրքերի տպման կարիք է առաջանալու, ու ո՞րքան է այդ ամենը արժենալու: 2) Արդյո՞ք նոր, թարմացված ուղեցույցերի և այլ տեսակի օժանդակ փաստաթղթերի փոփոխության կարիք է առաջանալու: 3) Արդյո՞ք պատմության նոր, ինստուտուցիոնալ մոտեցաման շրջանակներում պատմության դասավանդումը ապահովելու համար ուսուցուցիչների վերապատրաստման կարիք է առաջանալու: 4) Արդյո՞ք տարբեր տարիքի աշակերտների կողմից Հայոց պատմությունը կոնցեպտուալ ընկալելու տեսանկյունից անջրպետ է առաջանալու՝ հաշվի առնելով դասագրքի անվանման փոփոխությունը» Հիմնավորումը ընդհանուր առմամբ մակերեսային է: | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
5 | Մերի Հովհաննիսյան 31.01.2024 19:14:30 | Դեմ եմ նախագծին, քանի որ վստահ եմ Ձեր «Հայաստանի պատմության» մեջ չի մտնելու Ուրարտուն, Կիլիկիան՝ ելնելով «աշխարհաքաղաքական և տարածքային իրավիճակից»։ Շատ շատ են դեմ լինելու հանգամանքները, բայց... Հայոց պատմություն և վերջ! | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
6 | ՏԻԳՐԱՆ Սարգսյան 31.01.2024 19:55:19 | Հայոց Պատմություն և հազարամյա սերունդների թողած պատմամշակութային արժեքներ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Արեգա Գալստյան 31.01.2024 20:47:11 | Դեմ եմ առաջարկին, որովհետև «Հայաստանի Պատմությունը» չի կարող լիարժեք ներկայացնել մեր ազգի անցած ճանապարհը։ | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Արտակ Մնացականյան 31.01.2024 21:14:16 | Դեմ եմ նախագծին, քանի որ հայոց պատմությունը, մեր ազգի արմատներից մինչև մեր ժամանակների վկայությունն է։ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Վիկտորյա Այվազյան 31.01.2024 22:00:13 | Առաջարկում եմ փոխարենը ՀՊՉ-ի 33-րդ կետի 6-րդ ենթակետում առկա «Հայաստանի և հայ ժողովրդի» արտահայտությունը փոխարինել «Հայոց» բառով, ինչը նույն կերպ կշտկի թվացյալ անհամապատասխանությունը։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
10 | Inessa Gabayan 01.02.2024 03:25:53 | Հայոց և միայն Հայոց, այլընտրանք ՉԿԱ՛ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
11 | Hasmik Enf 01.02.2024 07:53:02 | կատեգորիկ դեմ եմ!!! | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Մանե Ներսեսյան 01.02.2024 11:11:49 | Անհասկանալի, անիմաստ քայլեր, | Վերաբերելի չէ: | |
13 | Վահե Սարգսյան 01.02.2024 11:31:51 | ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։ 1. Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար: 2. ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առումով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմիջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կարծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթական հաստատությունների նկատմամբ անթաքույց անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայության շահերից: 3. Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ. ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրաժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվանումից և վերադարձ կատարել Ոսկեդարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։ բ) «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև։ գ) Օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով արտահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգտագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը (History of Armenia, История Армении, Histoire d'Arménie և այլն)։ Հենց այդ տրամաբանությամբ են առաջնորդվել 18-րդ դարի վերջին Միքայել Չամչյանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագետները (թե՛ հայ, թե՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրության ավանդույթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձևակերպումը հայերենում և համապատասխան լեզվամտածողությամբ թե՛ «Հայաստանի պատմություն» (լատիներեն (1736), ռուսերեն (1809, 1858, 1990), ֆրանսերեն (1841, 1869) և այլն), թե՛ «Հայերի պատմություն» (անգլերեն, 1978) տարբերակներն այլ լեզուներում։ դ) ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրների օրինակով առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տվյալ երկրի պատմությունը ժողովրդի պատմությունից չի տարբերակվում կա՛մ փաստացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտոնապես ֆրանսիացի է համարվում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, հետևաբար՝ տարբերակելու կարիք չկա։ Սաուդյան Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծված երիտասարդ պետություն է, որը պետականության ավանդույթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետություններից լոկ մեկն է: Հետևաբար՝ նրա պատմությունն արաբների պատմություն անվանվել չի կարող: Հնդկաստանը, Վրաստանն ու Ղազախստանը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետականակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժանվում են ենթաէթնիկ հանրությունների (վրացիները՝ մենգրելների ու սվանների, ղազախները՝ ավագ, միջին և կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այնպիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Ի դեպ, նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված օրինակները հիշյալ երկրների դպրոցներում դասավանդվող առարկաներին չեն վերաբերվում, այլ սոսկ առանձին գրքերի անվանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանվող տվյալ երկրի պատմության առարկայի անվանումները։ ե) Ի տարբերություն վերը բերված օրինակների՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմության դասավանդման համատեքստում ընդհանրություններ ունեն, օրինակ, հույները։ Հունաստանի Հանրապետության դպրոցներում «Հունաստանի պատմություն» անունով առանձին առարկա չկա, ամբողջ պատմությունը դասավանդվում է մեկ առարկայի շրջանակներում, որտեղ նյութի մեծ մասն ուղղակի Հունաստանի և հույների մասին է (հստակ պատկերացում կազմելու համար առաջարկվում են հետևյալ հղումները Միևնույն ժամանակ հունական գրականության և գիտության մեջ օգտագործվում են ինչպես Ιστορίατου Ελληνικού Έθνους (Հույն ժողովրդի պատմություն), այնպես էլ Ιστορία της Ελλάδας (Հունաստանի պատմություն) եզրույթները, բայց ավելի տարածված է «Ελληνική ιστορία» եզրույթը, որը բովանդակային առումով համարժեք է «Հայոց պատմություն» բառակապակցությանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանվել միաժամանակ և՛ «հունական», և՛ «Հունաստան» տարբերակներով: 4. Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով. ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առաջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշտոնապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնությունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշակիություն է պահանջում: բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջնադարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առարկայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմակերպությունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտոնատար անձանց կողմից հնչող պնդումները, թե վերոնշյալ խնդիրները ներառվելու են նոր անվանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն և որևէ երաշխիքով ապահովագրված չեն: Ամփոփելով վերոշարադրյալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրոցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ.՝ Է. Գ. Մինասյան | Ամբիոնի առաջարկները կդիտարկվեն: | |
14 | Վահե Սարգսյան 01.02.2024 12:00:42 | Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տիկինը՝ պ․գ․թ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, անդրադարձել է Հայոց պատմություն առարկայի անվանափոխման խնդրին, նշելով. ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀՀ բարձրագույն կոչման մասին ՀՀ օրենքում հստակ տեսնում ենք, որ այդ կոչմանն արժանացած հերոսները «Հայաստանի» տեղանվանմամբ են բնորոշվում։ Թաթուլ Կրպեյանը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀՀ բարձրագույն կոչման արժանացավ և պարգևատրվեց «Հայրենիքի» բարձրագույն շքանշանով 1996 թ․ սեպտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով։ Այդ օրվանից սկսած ես բազմիցս խորհել եմ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» բառակապակցության մասին, առանձնապես այն մասին, թե՝ ինչու՞ են օրենսդիրները ընտրել «Հայաստան» բառը կամ ոչ թե՝ ուղղակի, «Ազգային հերոս», կամ «ՀՀ Ազգային հերոս» ձևակերպումները։ Տարիներ առաջ հոդված եմ գրել Ազգային հերոսների մասին, բայց այս հարցին չեմ անդրադարձել։ Իմ գրառումներում միշտ փորձել եմ պահել «Հայաստանի ազգային հերոս» ձևը, սակայն միշտ վարանել եմ գրության հարցում․ ազգային և հերոս բառերը միշտ ուզել եմ գրել մեծատառով։ Օրենքում բոլոր երեք բաղադրիչները ամբողջությամբ մեծատառերով են։ Այդ դեպքում, կարծես թե, վարանելու հարց չի առաջանում, սակայն, երբ գրում ես փոքրատառերով, ապա խնդիր է առաջանում, որովհետև օրենքը չի հստակեցնում գրության ձևն այդ պարագայում։ Օրինակ՝ գրե՞լ տեքստերում ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Թաթուլ Կրպեյան, թե՞ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյան, թե՞ Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյան։ Այս տարիների ընթացքում, ինչպես հասկացա, ինձ նման բազմաթիվ մարդիկ ունեցել են այդ երկվությունը, որովհետև սկսեց նաև լայնորեն շրջանառվել «ՀՀ Ազգային հերոս» գրության ձևը։ ՀՀ՞, թե՞ Հայաստանի․․․ այս հարցը նույնպես առաջանում է, քանի որ այս դեպքում էլ բովանդակության փոփոխություն է տեղի ունենում։ Եթե ՀՀ-ն ենք նշում, ապա դա նշանակում է, որ 27 անձինք, որոնց շնորհվել է այդ կոչումը, միայն Հայաստանի երրորդ Հանրապետության հերոսներն են կամ պատկանում են այդ ժամանակաշրջանին։ Իսկ, երբ կիրառում ենք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ձևը, ապա պատմական և ժամանակային ավելի լայն ընդգրկում ենք արտահայտում, ցույց տալով, որ նրանք մեր հերոսական ժառանգության կրողներն են, հայ տիպար հերոսների նորօրյա սերունդը։ Այս հարցը նորից իմ մտածումների առարկան դարձավ, երբ վերջերս մեծ աղմուկ առաջացավ «Հայո՞ց պատմություն», թե՞ «Հայաստանի պատմություն» քննարկումների պատճառով։ Հայոց պատմությունը բնականաբար պատմական ու ժամանակագրական ավելի լայն ընդգրկում ունի։ Հայաստանի պատմությունը նույնպես կարող է այդպես ընկալվել, եթե այն չկաղապարենք քաղաքական ու վարչական սահմանափակումներով կամ սահմաններով։ Սակայն, քանի որ այս վերջին միտումն ակնհայտ է, ապա «Հայոց պատմությունը» կարող է լինել միակ ճիշտ ընտրությունը»։ | Առաջարկը կդիտարկվի: | |
15 | Տիգրան Մարտիրոսյան 01.02.2024 11:59:02 | «Բարձունք» կրթական շարժման Առաջնորդող խորհրդի հայտարարությունը՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելու առնչությամբ։ «Բարձունք» կրթական շարժումը վերջին մի քանի ամիսներին ուշադրությամբ հետևել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ ծավալված մասնագիտական ու հանրային քննարկումներին։ Ոլորտային մասնագետների փաստարկների հիման վրա կարելի է, օբյեկտիվորեն, խոտանված համարել այդ դասագիրքը։ Այս գործընթացը ի ցույց դրեց այն հանգամանքը, որ պատվիրատուն՝ այն է ԿԳՄՍ նախարարությունը, սխալ է կազմակերպել դասագրքերի պատվերի կատարման գործընթացը, որը չի սահմանափակվում միայն Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքով։ Առնվազն, ճիշտ չէ հաշվարկվել նոր դասագիրք ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը, ընթացակարգերը, հաշվի չի առնվել անհրաժեշտ մասնագետների ներառականությունը և ամենակարևորը՝ բացակայել է անհրաժեշտ վերահսկողությունը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Բարձունք» կրթական շարժման Առաջնորդող խորհուրդը ևս միանում է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը խոտանված ճանաչելու և պատվիրատուի օղակում թերացած պաշտոնյաներին օրենքով սահմանված համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջին։ Ցանկանում ենք անդրադառնալ նաև «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելու օրենքի նախագծին։ Հայ ժողովրդի պատմությունը միայն Հայաստան պետության պատմությունը չէ, և ոչ էլ տարբեր ժամանակներում գոյություն ունեցած հայկական պետականությունների պատմությունն է։ Հայոց պատմությունը նաև, և առաջին հերթին, հայ ժողովրդի կազմավորման, ազգային ինքնության, զարգացման, պետականաշինության և թե՛ տարածաշրջանում, թե՛ համաշխարհային թատերաբեմում նրա ունեցած դերակատարման պատմությունն է։ Այն շատ ավելի ընդգրկուն է, քան զուտ Հայաստանի պատմություն ասվածը։ Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև ոլորտային մասնագետների, գիտնականների օբյեկտիվ քննադատությունները այս առաջարկի վերաբերյալ` պահանջում ենք պահպանել առարկայի «Հայոց պատմություն» անվանումը։ Հ․ Գ․ Մեր դիտարկմամբ նշված և նման հարցեր բազմաշերտ են, ունեն նուրբ և հաճախ ոչ տեսանելի կողմեր, հետևաբար, ենթակա են խորը քննարկման, ուսումնասիրման ու վերլուծության գիտական հանրության և ոլորտային մասնագետների կողմից։ | Ձեր առաջարկը կքննարկվի: | |
16 | ՌԻՏԱ Նավոյան 01.02.2024 11:59:16 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
17 | Sevak Hovhannisyan 01.02.2024 11:59:32 | Հայոց պատմությունը մեր ժողովրդի պատմությունն է, որը ժամանակ առ ժամանակ պետականություն չի ունեցել, նաև կոչվել է այլ անուններով։ Ավելին հայոց պատմությունը ներառում է նաև Արցախի Հանրապետության պատմությունը, որը իրականություն է եղել և հուսով եմ նորից կստեղծվի։ Սա մեր պատմության խեղաթյուրում է։ Կտրականապես դեմ եմ առաջարկին, որը որևէ հիմնավորում չունի։ | Նախագծի հիմնավորումը ներկայացված է սույն հարթակում: | |
18 | Artur Mesropyan 01.02.2024 12:04:55 | Իսկ այս «տրամաբանությամբ» հաջորդը Հայոց լեզու՞ն ենք փոխելու Հայաստանի լեզվի՝ դուրս թողելով գրաբարը, միջին հայերենն ու արևմտահայերենը՝ պատմական Հայաստանի բարբառների հետ: | Վերաբերելի չէ: | |
19 | ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ 01.02.2024 12:05:35 | Հայոց պատմություն - նշանակում է հայերի գոյության պատմություն, այսինքն, որ պատնություն որը ներառում ու փաստում է մեր դարավոր գոյությունը, իսկ Հայաստանի պատմությունը ` Հայաստանի մի քանի տասնամյակների պատմությոընն է վկայելու միայն։ | Առաջարկը կդիտարկվի: | |
20 | Գևորգ Դարախչյան 01.02.2024 12:36:38 | Քվեարկել եմ ՙՙԴԵՄ՚՚: Անվանումը պետք է մնա ՙՙՀայոց Պատմություն՚՚, քանի որ այն իր մեջ արդեն ներառում է ՙՙՀայաստանի Պատմություն՚՚: Անվանումը փոխելու փոխարեն, հարկավոր է փոխել մատուցման ձևը, հետաքրքրացնել նոր սերունդին, խոսել Հայոց Պատմությունից, մեր անցյալից, ՀԱՅՔ-ից, Ծովից Ծով Հայաստանից, բայց նաև շատ կարևորել ներկան, Հայաստանի Պատմությունը, գնահատելով այն ինչ ունեք այս պահին և կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես պահել ու պահպանել այն ինչը մերն է: Համեմատականներ տանել Հայոց ու Հայաստանի պատմության մեջ, այսինքն անցյալի ու ներկայի համեմատականներ: Առանց անցյալի մենք չունենք ներկա, մոռանալով անցյալը կկորցնենք մեր ներկան: Պետք չէ ապրել անցյալով ու անդադար երազելով այն ամենի մասին ինչն այլևս մերը չէ: Պետք է կենտրոնանալ ներկայի վրա ու իրատեսորեն գնահատել այն ինչ ունենք այս պահին, բայց պետք է իմանալ մեր անցյալը ու մեր պատմությունը, ՙՙՀայոց Պատմությունը՚՚: Հ.Գ. Ֆրանսիան չունի մեր պատմությունը և շատ տրամաբանական է ՙՙՖրանսիայի Պատմություն՚՚ անվանումը, իսկ մենք՝ լինելով հնագույն ազգերից և ունենալով հազարամյակների պատմություն ու մշակույթ Պիտի կրենք ՙՙՀայոց Պատմություն՚՚ անվանումը: | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
21 | Բեթղեհեմ Արաբյան 01.02.2024 13:11:24 | Առաջարկում եմ հրապարակել իմ նախորդ առաջարկը) | Վերաբերելի չէ: | |
22 | Գոհար Գրիգորյան 01.02.2024 14:23:53 | Հայոց պատմությունը հայ ազգի պատմությունն է, Վանի թագավորության, Բիայնայի և Ուրարտուի, Մեծ Հայքի, Երվանդունիների և Արտաշեսյանների, Արշակունիների և Բագրատունիների պատմությունն է։ Հայ ժողովուրդը կազմավորվել և գոյություն է ունեցել ոչ միայն Հայաստանի ժամանակաշրջանում, այլ Քրիստոսից դարեր առաջ։ Անընդունելի է մեր երեխաներին ուսուցանել հայ ժողովրդի հազարամյա պատմությունը «Հայաստանի պատմություն» անվան տակ։ Հուսով եմ, նախագիծը հավանության չի արժանանա և չի ընդունվի։ | Նախագիծը ներկայացված է սույն հարթակում հանրային քննարկման և ստացված դիտարկումների հետագա քննարկման նպատակով: | |
23 | Գոհար Գալստյան 01.02.2024 14:26:40 | Հայոց պատմությունը միայն Հայաստանի պատմությամբ չի՛ սահմանափակվում։ | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
24 | Yelena Atoyants 01.02.2024 16:57:45 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
25 | Yelena Atoyants 01.02.2024 16:58:29 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: |