ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 22-րդ հոդվածի պահանջներն, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 27.01.2009 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և դատավորների ընտրության մասին» թիվ 1646(2009) բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 29.03.2012 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության անունից դատավորի ընտրության համար Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին ներկայացվող երեք թեկնածուների ընտրության գործընթացը, թեկնածուների հավակնորդների առաջադրման հավասար պայմանների ստեղծման, նրանց ընտրության անկողմանակալ, թափանցիկ և հրապարակային ընթացակարգեր ունենալու հրամայականը՝ ընդունվել է Վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 10-ի N 881-ն որոշումը, որոնք միտված է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորի ընտրության ընթացակարգի համապարփակ և համակարգային կարգավորմանը:
Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ քննարկվող որոշման մեջ առկա են որոշակի խնդրահարույց դրույթներ, որոնք ենթակա են վերանայման:
Վարչապետի 881-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնց թվում՝ ի թիվս այլ փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը հավակնորդների ընտրությանը մասնակցելու համար պետք է ներկայացնի նաև իրավագիտության ոլորտում մասնագիտական հեղինակություն վայելող անձանց կողմից (բացառությամբ հանձնաժողովի անդամների) տրված առնվազն երկու երաշխավորագրեր: Մինչդեռ, նշված փաստաթղթերի ներկայացումն անհարկի ծանրաբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որն առանց այն էլ ծավալուն է: Բացի այդ, հավակնորդի՝ ներկայացվող պահանջներին համապատասխանությունը արդեն իսկ որոշվում է յուրաքանչյուր չափանիշի համար վերջինիս տրված միավորների հանրագումարով, այսինքն, վերջինիս՝ ներկայացվող պահանջներին համապատասխանության հարցի որոշման վրա նշված երաշխավորագրերը որևէ ազդեցություն չեն ունենալու:
Միաժամանակ, նույն հավելվածով սահմանվում է առհասարակ փաստաթղթերի ներկայացման արգելք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի այն հավակնորդի կողմից, ով ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 30.05.2019 թվականի N 685-Ն որոշմամբ սահմանված ֆիզիկական արատ կամ հիվանդություն: Մինչդեռ, փաստաթղթերի հավաքագրման փուլում նման արգելքի սահմանումը դիտարկվում է ոչ արդարացված, խտրական և գործընթացին մասնակցությունն անհարկի խոչընդոտող:
Որոշակի դրույթներ նաև ունեն վերանայման կարիք՝ ապահովելով որոշման հավելվածներում օգտագործվող տերմինների միատեսակ կիրառությունը:
2. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վերոնշյալ հիմնավորումների ուժով անհրաժեշտություն է առաջացել ընդունել քննարկվող որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող՝ Վարչապետի որոշման նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 10-ի N 881-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունման արդյունքում՝
- կվերացվի հավակնորդների կողմից առնվազն երկու երաշխավորագիր ներկայացնելու պահանջը,
- կվերացվի փաստաթղթեր ներկայացնելու արգելքը այն թեկնածուների մասով, ովքեր ունեն Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 685-Ն որոշմամբ սահմանված ֆիզիկական արատ կամ հիվանդություն:
3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն քննարկվող որոշման հավելվածներում առկա խնդրահարույց դրույթները՝ նպատակ ունենալով առավել հստակեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ներկայացվող պահանջները:
4. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
27.12.2023 - 11.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2136
Տպել