ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագիրը,
2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) վարչական և ֆոնդային ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 2 606 707,0 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 0 դրամ:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 481 707,0 հազար դրամ՝ աճելով նախորդ տարվա պլանավորված, բյուջեի 24.0 %-ով, որը կազմում է 1 193 041.9 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 587 303,0 հազար դրամ՝ 2023 թվականի հաստատված 527 042.8 հազար դրամի դիմաց, որը պայմանավորված է փոխադրամիջոցների գծով գույքահարկի ավելացումով, ուժի մեջ մտած անշարժ գույքի հարկով, այլ եկամուտների ավելացմամբ։
Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 2024 թվականի համար 355 688.0 հազար դրամի չափով կամ 2023 թվականի հաստատված ցուցանիշից 326526.0 հազար դրամ կամ 8,0 %–ով ավել։ 2024 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով
2023 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2023 թվականի համար անշարժ գույքի հարկի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։
Տեղական տուրքերը 2024 թվականին ծրագրվել են 21378,4 հազար դրամի չափով, որը 5083,4 հազար դրամով կամ 31.2 %-ով ավել է 2023 թվականի 16 295,0 հազար դրամ ծրագրային ցուցանիշից։ Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում շինարարության թույլտվությունների թվի ավելացմամբ։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները նախագծով ծրագրվել են 889 171,8 հազար դրամ՝ 2023 թվականին նախատեսված 660 767,4 հազար դրամ գումարի համեմատ ավելանալով 34,0 %-ով կամ 228 404,0 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2023 թվականին հաստատված գումարները 5231,7 հազար դրամ ժողովրդական և լարային գործիքների ուսուցման համար։
3) Այլ եկամուտներ.
2024 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 205737,1 հազար դրամ՝
2023 թվականի բյուջեով նախատեսված 179721,8 հազար դրամի դիմաց կամ աճել է 14 %-ով՝ 26015,3 հազար դրամ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները՝ աղբահանության դիմաց, տույժեր, տուգանքներ և այլ եկամուտներ։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Նոր Հաճըն համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 2 606 707,0 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 56%-ը կամ 1 481 707,0 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 1 125 500,0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 550 000,0 հազար դրամ, դիֆիցիտը՝ 0 դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 15 %-ը կամ 396 168.0 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0,1%-ը կամ
1700,0 հազար դրամը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 22,8 %-ը կամ 594 900,0 հազար դրամը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 6,09 %-ը կամ 159,005 հազար դրամը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 10 %-ը կամ 261250,0 հազար դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 9,0 %-ը կամ 237 150,0 հազար դրամը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 25,19 %-ը կամ 656 672.0 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին, 1,0 %-ը կամ 28 000,0 հազար դրամը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին,
10,4 %-ը կամ 271 862 հազար դրամը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին, որն էլ ամբողջությամբ ուղղվել է համայնքի ֆոնդային բյուջե։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 18 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև հաստիքների աշխատավարձերի ավելացման և համայնքի բնակավայրերի բնակչության սոցիալ տնտեսական կենսամակարդակի բարձրացմանը:
Ոլորտի, մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը։
2) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝
2.1) փողոցների ասֆալտապատման և գծանշման աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 22,8 %-ը, որը նախատեսված է քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով․
2.2) տարվա ընթացքում Նոր Հաճըն համայնքի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում և ընդլայնում է նախատեսվում: Այս աշխատանքներին կհատկացվի 65000,0 հազար դրամ․
2.3) Համայնքի տարբեր բնակավայրերում նախատեսվում է գազաֆիկացման աշխատանքներ, որի համար նախատեսվում է 32900.0 հազար դրամ:
2.4) Կրթության ոլորտում նախատեսվում է իրականացնել և շարունակել ծրագրեր՝ մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի ձեռքբերում, արվեստի դպրոցի կառուցում, ընդանուր 117900,0 հազար դրամ:
2.5) 76000.0 հազար դրամ նախատեսվում է համայնքի Նոր Գեղի և Մրգաշեն բնակավայրերում կոյուղագծերի կառուցման աշխատանքների համար:
2.6) 60500.0 հազար դրամ նախատեսվում է համայնքի մի շարք բնակավայրերում բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգման համար:
2.7) 27500.0 հազար դրամ նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման համար:
2.8) 165000,0 հազար դրամ նախատեսվում է Նոր Հաճըն համայնքի Թեղենիք և Մրգաշեն բնակավայրերի մշակույթի տների հիմնանորոգման համար:
-
Քննարկվել է
19.12.2023 - 03.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություններ, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարան
Դիտումներ` 1727
Տպել