ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև Հանրապետության Նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Միաժամանակ, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Բացի այդ, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Վերոհիշյալը վկայում է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)`
- ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները.
- սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը.
- կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները.
- նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը.
- կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի «Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-128-Ն հրամանագիրը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։