ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 1. Անվտանգության խորհրդի կարգավիճակը
- Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
Հոդված 2. Անվտանգության խորհրդի գործառույթը և լիազորությունները
- Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
- Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
- Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
- Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
ԳԼՈՒԽ 2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները
- Անվտանգության խորհրդի անդամներն են`
վարչապետը.
առաջին փոխվարչապետը.
փոխվարչապետները.
Անվտանգության խորհրդի քարտուղարը.
պաշտպանության նախարարը.
արտաքին գործերի նախարարը.
ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
ոստիկանության պետը.
զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ԳԼՈՒԽ 3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը և անցկացումը
- Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով:
- Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին և քվեարկել հօգուտ կամ ընդդեմ քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշման:
- Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
- Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
- Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 6 անդամ:
- Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 7 անդամ:
- Անվտանգության խորհուրդը լսում և ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:
- Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը և հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը:
- Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնել Անվտանգության խորհրդի օրակարգի վերաբերյալ:
- Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը և քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն 5 օր առաջ:
- Սույն հոդվածի 10-րդ մասում նշված փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:
- Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանում է վարչապետը:
- Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:
- Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին վարչապետի հանձնարարությամբ կարող է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:
- Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրվում են Անվտանգության խորհրդի քարտուղարության կողմից:
ԳԼՈՒԽ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, ընդունման կարգը
- Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ Անվտանգության խորհրդի առնվազն 4 անդամների ձայներով:
- Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ստորագրում են վարչապետը և պաշտպանության նախարարը, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ վարչապետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:
- Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում և դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:
ԳԼՈՒԽ 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 6. Անվտանգության խորհրդի աշխատակարգը
- Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը կարգավորվում են վարչապետի կողմից հաստատված Անվտանգության խորհրդի աշխատակարգով:
Հոդված 7. Անվտանգության խորհրդի քարտուղարը և քարտուղարությունը
- Վարչապետը նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին:
- Անվտանգության խորհուրդն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:
- Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանրային ծառայողներին:
- Անվտանգության խորհրդի քարտուղարը՝
1) կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
2) մշակում և վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.
3) նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջել փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ հրատապ դեպքերում՝ հնարավոր սեղմ ժամկետում.
4) անմիջականորեն ղեկավարում և վերահսկում է Անվտանգության խորհրդի քարտուղարության, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող՝ խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության՝ վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
6) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ Անվտանգության խորհրդին և վարչապետին ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաև առաջարկություններ՝ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
7) իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում և դրանց կատարման վերաբերյալ վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհրդին և Հայաստանի Հանրապետության վարչապետին.
8) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում և կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
9) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:
- Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական և տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:
ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
ԳԼՈՒԽ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակարգը հաստատելու, այն ստեղծելու և քարտուղարությունում նշանակումներ կատարելու ժամկետները
- Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:
- Անվանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
- Անվտանգության խորհրդի քարտուղարությունը ստեղծվում և քարտուղարության հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո: