Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14.1-ին գլուխը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ գլխում լրացնել նոր՝ 230.1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 230.1. Շարժական գույքի գրավի առանձնահատկությունները

  1. Շարժական գույքի գրավը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, անշարժ չհամարվող գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:
  2. Շարժական գույքի գրավի պայմանագրով շարժական գույքի գրավի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի:
  3. Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է շարժական գույքի գրավի իրավունքի առարկա: Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի շարժական գույքի գրավի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը և հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնելու գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:
  4. Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում, շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի, պետք է նաև նշվի պայմանագրի կնքման պահին շարժական գույքի գրավի իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում շարժական գույքի գրավի առարկայի կազմը կարող է փոփոխվել, ներառյալ՝ շարժական գույքի գրավի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ:
  5. Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում շարժական գույքի գրավի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից դադարում է լինել շարժական գույքի գրավի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է շարժական գույքի գրավի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
  6. Շարժական գույքի գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:
  7. Շարժական գույքի գրավի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է միասնական գրանցամատյանում գրանցված շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:
  8. Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցումն առաջացնում է նախապատվության իրավունք նույն շարժական գույքի նկատմամբ չգրանցված ապահովված իրավունքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:
  9. Ապագայում ձեռք բերվող շարժական գույքի առարկայի նկարագիրն ընդհանուր լինելու դեպքերում շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ունի այն անձը, ում ֆինանսավորմամբ ձեռք է բերվում շարժական գույքը։
  10. Պարտապանի կողմից շարժական գույքի գրավի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող շարժական գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ։
  11. Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից շարժական գույքի գրավի իրավունքը զիջվելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է:
  12. Շարժական գույքի գրավի նկատմամբ իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին օրենքով:
  13. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունների վրա:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի վերնագրում և ամբողջ տեքստում «ապահովված իրավունքներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «գրավի իրավունք» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։

  • Քննարկվել է

    13.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2331

Տպել