ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Դատափորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծ։ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա չէ փորձագիտական գործունեության մասին օրենք, որպիսի պայմաններում փորձաքննությունների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները մինչ օրս ամբողջական և համապարփակ կարգավորում չեն ստացել:
Հարկ է նշել, որ դատավարական ընթացակարգերի շրջանակներում նշանակվող փորձաքննությունների դեպքերում խնդիրներն ինչ-որ չափով կարգավորվում են քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածների դրույթներով, իսկ դատավարական ընթացակարգերից դուրս իրականացվող փորձաքննություններն, ըստ էության, որևէ օրենսդրական կարգավորման առարկա չեն հանդիսանում:
Օրենքի բացակայության պայմաններում կանոնակարգված չեն փորձաքննության ոլորտի մի շարք հարաբերություններ, այդ թվում՝ փորձագիտական հիմնարկի կամ հաստատության բնորոշումները (չափորոշիչները), փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և այլն:
Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական գործունեությունն իրականացվում է հիմնական տեսակներով՝ փորձագիտական հիմնարկների՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, դատաբժշկական և դատահոգեբուժական տեսակներով նաև Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխանաբար՝ պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների և դատահոգեբուժական փորձագիտական ամբուլատոր և ստացիոնար հանձնաժողովների կողմից, իսկ որոշ տեսակներով՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց կամ յուրաքանչյուր առանձին դեպքով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական ընթացակարգերի համաձայն՝ փորձագետ ճանաչվող մասնագետների կողմից։
Ողջ վերոշարադրյալով բացահայտվում է նախատեսվող իրավակարգավորման շահառուների լայն շրջանակը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում «Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության հանգամանքը:
- 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է սահմանել փորձագիտական հիմնարկներին կամ հաստատություններին ներկայացվող ընդհանուր չափորոշիչներ, կարգավորել փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ մի շարք այլ հիմնահարցեր:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
- Նախագծի ընդունումից 1 տարի հետո փորձագիտական կազմակերպությունների և այլ միավորների 50 և ավելի տոկոսը կգործի օրենսդրությամբ դրանց կարգավիճակին ներկայացվող չափորոշիչներին համապատասխան,
- Օրենսդրական փոփոխությունից 2 տարի հետո փորձաքննություններն կիրականացվեն միատեսակ չափորոշիչներով որակավորված և վերապատրաստված՝ գործող փորձագետների առնվազն 50 տոկոսի կողմից,
- Մեթոդաբանական չափորոշիչների ընդունումից 2 տարի հետո դրանց տիրույթում գտնվող փորձաքննությունների 100 տոկոսն կիրականացվի այդ չափորոշիչների հաշվառմամբ,
- Գործող դատավարական ընթացակարգերին զուգահեռ կգործի փորձագետին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական ընթացակարգ, ինչի շնորհիվ կբարձրանա կատարվող փորձաքննությունների հիմանվորվածության մակարդակը, օբյեկտիվությունը, լրիվությունը, բազմակողմանիությունը՝ նվազեցնելով լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նշանակման դեպքերը,
- Կապահովվի դատական փորձաքննությունների Օրենքով սահմանված ժամկետներում կատարումը, ինչով կխթանվի դատական գործերի ավելի արդյունավետ և համալիր քննությունը ողջամիտ ժամկետներում, դրանով կկանխվի փորձաքնությունների անհարկի ձգձգումները։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
«Դատափորձագիտական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում, այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 12-րդ նպատակի 5-րդ կետից: