Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 1998 թվականի մայիսի 5-ի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 76.1. հոդվածով՝
«76.1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը
- Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը տնտեսական ընկերակցության կամ ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, մասնակիցների իրավունքների պաշտպանության, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և կանոններ պարունակող իրավական ակտ է, որը հաստատում է Էկոնոմիկայի նախարարը:
- Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
- Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։
- Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը կարող է իրականացվել այնքանով, որքանով վերաբերելի է ոչ առևտրային կազմակերպությանը: Եթե օրենքով սահմանված դեպքում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը տարածվում է նաև ոչ առևտրային կազմակերպության վրա, ապա դա պետք է իրականացվի այնքանով, որքանով վերաբերելի է ոչ առևտրային կազմակերպությանը: Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը իրականացվում է առևտրային կազմակերպությունների համար սահմանված կանոններով այնքանով, որքանով վերաբերելի է ոչ առևտրային կազմակերպությանը:
Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․
- Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4.1. մասով՝
«4.1. Ազդագիրը պետք է պարունակի հավաստում թողարկողի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 76.1. հոդվածով սահմանված Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման մասին, որը իրականացվում է «հետևիր կամ բացատրիր» սկզբունքով: «Հետևիր կամ բացատրիր» սկզբունքը ենթադրում է, որ թողարկողը որպես կանոն հետևում է Կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջներին, իսկ այն պահանջները, որոնք չեն կիրառվում թողարկողի կողմից պետք է պատշաճ ներկայացված և բացատրված լինեն ազդագրում: Օտարերկրյա թողարկողը կարող է հավաստել իր երկրում ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքների ընդունումը և կիրառումը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 76.1. հոդվածով սահմանված Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը և կիրառումը:»։
Հոդված 2․ Եզրափակիչ մաս․
- Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 23-րդ կետով.
«23) հաստատում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման կարգը և ժամկետները:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «այդ թվում» բառերից հետո լրացնել «Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման և կիրառման, ինչպես նաև» բառերով:
Հոդված 3․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․
- Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
-
Քննարկվել է
06.12.2023 - 21.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2353
Տպել