ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովումը կարևոր և հրատապ հիմնախնդիրներից է, որը պահանջում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ: Սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունների թվի աճի և մարդու օրգանիզմի վրա բացասական հետևանքների վաղ հայտնաբերման համար, անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները նպատակաուղղված լինեն նաև արագ արձագանքման համակարգերի ներդրմանը՝ սննդի հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու և սպառողների առողջության և իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով:
Սննդամթերքի անվտանգության ոլորտում ծագած արտակարգ դեպքերում մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է, հնարավորինս արագ, շահագրգիռ բոլոր կառույցներին տեղեկացնել արտակարգ դեպքի բնույթի և չափի մասին:
Առևտրի գլոբալացման և արտահանման-ներմուծման գործարքների ծավալների աճի պատճառով հնարավոր է, որ մեկից ավելի իրավասու մարմիններ պատասխանատու լինեն սննդամթերքի անվտանգության ոլորտի արտակարգ դեպքին արձագանքելու համար, ուստի կիրառվող միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է շահագրգիռ բոլոր կողմերի ժամանակին և համակարգված համագործակցությունը:
«Սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման համակարգի ներդրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 1.3 կետի կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ստեղծել արագ արձագանքման համակարգի շրջանակ՝ սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այն նպատակաուղղված է պաշտպանել հանրային առողջությունը՝ ապահովելով ռիսկերի մեղմմանը, աղտոտման աղբյուրների բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառումը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի սննդամթերքի անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան կառույցների արագ արձագանքման հետ կապված փոխհամագործակցությունը, կստեղծվի սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքման համակարգ և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը: