Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

««ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).Նախագծերի նպատակն է ապահովել երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ` ՕՈՒՆ) վերաբերյալ համապարփակ, ամբողջական, արժանահավատ և մշտապես թարմացվող վիճակագրության առկայությունը` նպաստելով ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանմանը և օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման շրջանակի ընդլայնմանը։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հայաստանում օտարերկրյա ներդրումների (ներառյալ օտարերկրյա ուղղակի ներդրումների` պաշտոնական վիճակագրությունը վարում են ՀՀ վիճակագրական կոմիտեն (այսուհետ`ՎԿ) և ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետ` ԿԲ), ընդ որում՝ ՎԿ-ն պատասխանատու է տնտեսության իրական հատվածի ՕՈՒՆ վիճակագրության վարման և տարածման, իսկ ԿԲ-ն` ֆինանսական հատվածի ՕՈՒՆ վիճակագրության համար` զուգահեռաբար ներկայացնելով ՀՀ վճարային հաշվեկշիռը, միջազգային ներդրումային դիրքը և արտաքին պարտքի վիճակագրությունը: Մյուս պետական մարմինները կատարում են օժանդակ գործառույթ` հանդիսանալով վարչական ռեգիստրներ` ՎԿ-ին և ԿԲ-ին տրամադրելով վիճակագրության վարման համար անհրաժեշտ տվյալներ ու տեղեկություններ:

Հայաստանում ՕՈՒՆ վիճակագրության հավաքագրման ու տարածման վերոնշյալ մոդելի համատեքստում ներդրումների վիճակագրության մասով առկա են որոշակի խնդիրներ, մասնավորապես`

  • «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանափակված է օտարերկրյա ներդրումներով բաժնետիրական ընկերությունների` ամբողջական և արդիականացված ցանկի հասանելիությունը պետական մարմիններին

Անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց օտարերկրյա մասնակից ունենալու վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (այսուհետ` պետական ռեգիստր), որտեղ յուրաքանչյուր կազմակերպության մասով նշում կա օտարերկրյա մասնակցության, կապիտալի չափի, մասնակիցների բաժնեմասերի և քաղաքացիության վերաբերյալ: Բացառություն են կազմում բաժնետիրական ընկերությունները, որոնց հաշվառումը վարվում է ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից և պետական ռեգիստրում բացակայում է համապարփակ տեղեկատվությունը այդ կազմակերպությունների վերաբերյալ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՎԿ-ն ընդգրկված չեն դեպոզիտարիայից ծառայողական տեղեկատվություն ստանալու իրավունք ունեցող գերատեսչությունների շարքում և չունեն տեղեկատվություն Հայաստանում գործող օտարերկրյա մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ։ Բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության անհասանելիությունը ՎԿ-ին լուրջ խնդիրներ է ստեղծում երկրում ՕՈՒՆ ամբողջական վիճակագրական հաշվառում իրականացնելու համար։

  • ՕՈՒՆ վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազայի հասանելիության անհնարինություն ներդրումների քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ զբաղվող կառույցների համար

Ներկայումս օտարերկրյա ներդրումների ոլորտում պետական քաղաքականություն վարող մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որը չունի հասանելիություն օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվական բազային, մինչդեռ թիրախային քաղաքականության մշակման, դրա իրականացման մշտադիտարկման և գնահատման համար նախարարությունը ՕՈՒՆ կազմակերպությունների մասին առավել մանրամասն, որոշ դեպքերում նաև առավել հասցեական տվյալների հասանելիության կարիք ունի:

Բացի այդ, ՕՈՒՆ կազմակերպությունների վերաբերյալ համապարփակ տվյալների բացակայությունը սահմանափակում է ներդրումների իրականացման հանրայնացումը, ինչը էականորեն բարդացնում է ներդրումների առաջմղման գործառույթների, ինչպես նաև հետներդրումային սպասարկման աշխատանքների իրականացումը:

  • Երկրում ՕՈՒՆ գործարքների մասին ամբողջական տեղեկատվությունը բացակայում է

Համաձայն ՕՈՒՆ միջազգային սահմանման, ՕՈՒՆ ցուցանիշը, բացի ուղղակի ներդրումով կազմակերպության գործարքներից ներառում է նաև ուղղակի ներդրող միավորի և ուղղակի ներդրմամբ կազմակերպության բոլոր փոխկապակցված ընկերությունների միջև կատարված տարաբնույթ գործարքների տվյալները: Ներկայումս ՀՀ-ում վարվող ռեգիստրներում առկա տվյալները թույլ են տալիս բացահայտել միայն ուղղակի ներդրող – ուղղակի ներդրմամբ կազմակերպություն կապը, մինչդեռ չեն նույնականացվում այդ կազմակերպությունների հետ փոխկապակցված ընկերությունները: Թեև հարցման համար կիրառվող վիճակագրական հաշվետվության ձևը պահանջում է կազմակերպություններից լրացնել ՕՈՒՆ գործարքները նաև փոխկապակցված ընկերությունների հետ, այնուամենայնիվ, չկան կազմակերպությունների կողմից տրամադրվող տվյալների որակի ստուգման և վերահսկման մեխանիզմներ:

  • Տվյալների որակի վերահսկման նպատակով վարչական ռեգիստրները լիարժեք չեն օգտագործվում

ՕՈՒՆ որակյալ վիճակագրության ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես առաջնային` կազմակերպությունների կողմից ներկայացվող, այնպես էլ երկրորդային` պետական և այլ մարմիններում առկա տվյալները` թե վիճակագրության ամբողջականության, թե արժանահավատության նպատակով խաչաձև ստուգումներ կատարելու համար։ Տարբեր վարչական աղբյուրներում առկա տվյալների օգտագործումը ենթադրում է նաև պետության ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման ծանբեռնվածության նվազեցում:

  • ՕՈՒՆ վիճակագրության հրապարակումներում քիչ են մանրամասնեցված (դետալիզացված) տվյալները

Ներկայումս ՕՈՒՆ վիճակագրության հրապարակումն իրականացվում է տվյալների տարածման ստանդարտ պահանջների հիման վրա, մինչդեռ տվյալ վիճակագրության օգտագործողներին (հատկապես պետական քաղաքականություն իրականացնող մարմիններին) անհրաժեշտ են լրացուցիչ մանրամասներ, մասնավորապես` ներդրումների մասին տվյալներ ըստ գործիքների, գործարքների, ակտիվների տեսակի և այլն: Այդ մանրամասների պակասը պայմանավորված է նաև ներդրումների վերաբերյալ տվյալների բազաներում առկա բացերով, որով սահմանափակվում է ներդրումների մասին ճշգրիտ մանրամասների տարածման հնարավորությունը: Թեև վիճակագրական մանրամասներ տրամադրելու ուղղությամբ առկա են որոշակի բարելավումներ (միջազգային ներդրումային դիրքն ըստ գործարքների և այլ փոփոխությունների), այնուամենայնիվ, համապարփակ վիճակագրությունը` համաձայն միջազգային լավագույն փորձի վրա հիմնված առաջարկների, կարող է նպաստել ներդրումների վիճակագրության օգտագործողների կարիքների բավարարմանը:

  • Օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների վերաբերյալ տվյալները ժամանակային լագով են հայտնվում ՎԿ և ստուգաճշտումների կարիք ունեն

Ներկայումս օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպությունների տվյալները ՎԿ են հասնում որոշակի ժամանակային պարբերականությամբ և կարող են ընդգրկվել ընտրանքում որոշակի ուշացումով (մեկ, երկու եռամսյակ կամ անգամ մեկ տարի)։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ստեղծել օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վարչական ռեգիստր (այսուհետ` օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստր)։ Օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրը «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից և հարկային մարմնից։ Իրենց հերթին ՀՀ ՎԿ-ն, ՀՀ ԿԲ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրենց գործառույթների իրականացման նպատակով հանդիսանալու են այդ ռեգիստրի օգտագործողներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և շրջանակով։ Վարչական ռեգիստրը վարողը հանդիսանալու է հարկային մարմինը: Բարեփոխման այս փուլում օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրում ներառվել է օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պետական մարմիններում (ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա) առկա հիմնական տեղեկատվությունը: Բարեփոխման հաջորդ փուլում ներդրումների վարչական ռեգիստրում ներառվող տեղեկատվության շրջանակը կընդլայնվի՝ համաձայն ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած՝ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի շրջանակների ամփոփման մասին խորհրդակցության 7-րդ կետով սահմանված հանձնարարականի։

Առաջարկվող լուծումը թույլ կտա ապահովել օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վերաբերյալ համապարփակ տվյալներ, որը էականորեն կբարելավի վիճակագրության հավաքագրման գործընթացը և կբարձրացնի տվյալների որակը:

Օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրում ամբողջական  և պարբերաբար թարմացվող տվյալների առկայությունը հնարավորություն կընձեռի ներդրումների ոլորտի պետական քաղաքականության ու վերջինիս շրջանակներում իրականացված միջոցառումների մշտադիտարկման և գնահատման համար:

Օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրի ստեղծումն ու դրանում ներառված ամբողջական տվյալների հավաքագրումը կնպաստեն միջազգային հեղինակավոր ներդրումային տարբեր աղբյուրների կողմից հրապարակվող Հայաստանում կատարված ներդրումների թվի մասին հավաստի տվյալների ներկայացմանը, ինչը կնպաստի Հայաստանի` միջազգային ներդրումային քարտեզում ներկայացվածության, ներդրումային միջավայրի թափանցիկության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը` դյուրացնելով ներդրումների առաջմղման գործառույթի իրականացումը:

Օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրի տվյալների ամբողջական օգտագործումը կբարձրացնի պետական ծախսերի արդյունավետությունը և կնվազեցնի տնտեսվարողների` հաշվետվություններով ծանրաբեռնվածությունը:

  1. Կարգավորման առարկան.Նախագծի կարգավորման առարկան Հայաստանում օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վարչական ռեգիստրի ստեղծումն է, որով սահմանվում են հավաքագրվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվություն տրամադրող մարմինները և տեղեկատվություն ստացող մարմինները:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի աջակցությամբ:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վարչական ռեգիստր, ինչը թույլ կտա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ԿԲ-ին, ՎԿ-ին իրենց իրավասությունների շրջանակում օգտվելու տվյալ ռեգիստրից և բարելավելու ներդրումային քաղաքականության մշակումը և իրականացումը, վճարային հաշվեկշռի վարման որակը, օտարերկրյա ներդրումների վիճակագրության ամբողջականությունը և արժանահավատությունը, օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման որակը և օտարերկրյա ներդրումների խթանման գործընթացը։
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
  • ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, կառավարության տնտեսական թիրախ` զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերությունը հասցնել 6%-ի։
  • Ի կատարումն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած՝ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի շրջանակների ամփոփման մասին խորհրդակցության 7-րդ կետով սահմանված հանձնարարականի` նախարարությունում ձեռնարկությունների մակարդակով ներդրումների տեղեկատվության հավաքագրման հարցը քննարկելու մասին, որը կզուգորդվի պետական ներդրումների, ՊՄԳ ծրագրերի հետ և ըստ այդմ կկազմվի միասնական վիճակագրական շտեմարան:
  • Քննարկվել է

    03.11.2023 - 18.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2534

Տպել