Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքը 5-րդ հոդվածից հետո լրացնել նոր 51-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 51. Օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վարչական ռեգիստրը

  1. Օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վարչական ռեգիստրը (այսուհետ` օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստր) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից վարվող` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատեր հաշվառված օտարերկրացիների վերաբերյալ տվյալների միասնական շտեմարան է:
  2. Սույն հոդվածի իմաստով օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է համարվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գրանցված կամ ռեդոմիցիլացված այն առևտրային ընկերությունը կամ ընկերակցությունը, որի առնվազն մեկ հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրացի է կամ օտարերկրյա իրավաբանական անձ կամ ռեդոմիցիլացվել է Հայաստանի Հանրապետությունում:
  3. Օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրը պետք է պարունակի oտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ հետևյալ տվյալները.
  • կազմակերպության անվանումը կամ ֆիրմային անվանումը.
  • կազմակերպական-իրավական ձևը.
  • պետական գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
  • հարկ վճարողի հաշվառման համարը.
  • գտնվելու վայրը, գործունեության վայրը, առկայության դեպքում` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
  • գործունեության տեսակը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.
  • հիմնադիրների (մասնակիցների) կազմը (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության (հաշվառման) վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, կազմակերպական-իրավական ձևը).
  • կանոնադրական կապիտալի չափը.
  • մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության, մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
  • կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը՝ արտահայտված տոկոսներով կամ մասերով.
  • բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ծառայողական տեղեկության տրամադրումը.
  • օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպության իրական շահառուների անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության (հաշվառման) վայրը, իրական շահառու դառնալու ամսաթիվը.
  • Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկրյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին.
  • ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտը` դրամական արտահայտությամբ.
  • աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպության` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գրանցված աշխատողների և ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց թիվը.
  • աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպության` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գրանցված աշխատողներին և ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարված աշխատավարձի, դրան հավասարեցված վճարների չափը և ծառայության վճարի գումարի չափը.
  • օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից վճարված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և վճարների չափը` ըստ յուրաքանչյուր հարկի և վճարի տեսակի.
  • օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպության` ապրանքների արտահանման և ներմուծման ծավալները` դրամական արտահայտությամբ,
  • շահութահարկ վճարող օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցված ծառայությունների, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից նրան մատուցած ծառայությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեղեկատվությունը,
  • շահութահարկ վճարող օտարերկրյա իրավաբանական անձի հիմնական միջոցների արժեքը հաշվետու տարվա սկզբում և վերջում` դրամական արտահայտությամբ:
  1. Օտարերկրյա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ սույն հոդվածի 3-րդ մասի 1-13-րդ կետերով սահմանված տվյալների արդիականացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 14-20 կետերով սահմանված տվյալների` օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրում ներառման պարբերականությունը և կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  2. Օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրը պետք է պարունակի անհատ ձեռնարկատեր օտարերկրացիների վերաբերյալ հետևյալ տվյալները.
  • անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
  • պետական հաշվառման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
  • քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
  • հարկ վճարողի հաշվառման համարը.
  • հաշվառման և բնակության վայրը (եթե տարբեր է հաշվառման վայրից), առկայության դեպքում` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
  • ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրի հասցեն (առկայության դեպքում).
  • գործունեության տեսակը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.
  • անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու ամսաթիվը  (առկայության դեպքում).
  • անհատ ձեռնարկատիրոջ կրկին հաշվառման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև նախորդ հաշվառման տվյալների համեմատ փոփոխությունները.
  • ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտը` դրամական արտահայտությամբ.
  • աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով անհատ ձեռնարկատիրոջ` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գրանցված աշխատողների և ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց թիվը.
  • աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով անհատ ձեռնարկատիրոջ կողմից` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գրանցված աշխատողներին և ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարված աշխատավարձի, դրան հավասարեցված վճարների չափը և ծառայության վճարի գումարի չափը.
  • անհատ ձեռնարկատիրոջ կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացման համար վճարված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և վճարների չափը` ըստ յուրաքանչյուր հարկի և վճարի տեսակի.
  • անհատ ձեռնարկատիրոջ ապրանքների արտահանման և ներմուծման ծավալները` դրամական արտահայտությամբ,
  • շահութահարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցված ծառայությունների, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից նրան մատուցած ծառայությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեղեկատվությունը.
  • շահութահարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջ ձեռքբերած հիմնական միջոցների արժեքը հաշվետու տարվա սկզբում և վերջում` դրամական արտահայտությամբ:
  1. Անհատ ձեռնարկատեր օտարերկրացիների վերաբերյալ սույն հոդվածի 5-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված տվյալների արդիականացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասի 10-16 կետերով սահմանված տվյալների` օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրում ներառման պարբերականությունը և կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  2. Օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրը ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները ռեգիստր վարող անձը ստանում է`

1) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական միասնական գրանցամատյանից.

2) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեգիստրավարի և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթներ իրականացնող անձից.  

3) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնից.

  1. Սույն հոդվածով սահմանված տվյալները տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին: Այլ պետական մարմիններին և անձանց օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրից անձնական տվյալներ տրամադրվում են օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և կարգով:
  2. Այլ պետական մարմիններին և անձանց օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայողական տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հրապարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
  3. Այլ պետական մարմիններին և անձանց օտարերկրյա ներդրումների վարչական ռեգիստրից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային գաղտնիքի տրամադրման, ինչպես նաև հրապարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով:
  4. Օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրի վարման, օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրին տվյալներ տրամադրող` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պետական մարմիններից և իրավաբանական անձանցից տվյալների ստացման կարգը, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրից սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պետական մարմիններին տրամադրվող տվյալների ցանկը և պարբերականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»:

ՀՈԴՎԱԾ 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  1. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 61-րդ հոդվածը լրացնել նոր` 8-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«8) Գործակալությունը «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրը վարող մարմնին և օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրից տեղեկատվություն ստացող  այլ պետական մարմիններին տրամադրում է գրանցված իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառված, «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 12-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«12) «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրը վարող մարմնին և օտարերկրյա ներդրողների վարչական ռեգիստրից տեղեկատվություն ստացող  այլ  պետական մարմիններին Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի  սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկության տրամադրումը, այդ թվում՝ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի), անվանական արժեքի, քանակի, տեսակի և դասի, թողարկողի, բաժնետոմսերով իրականացված գործարքների, բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների, թողարկողի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ սույն օրենքի 197-րդ հոդվածի իմաստով Հայաստանյան անվանատերերին և Օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    03.11.2023 - 18.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2535

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ