ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությամբ հաստատվեցին Հանրային խորհրդի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող՝ Հանրային խորհրդի անդամների կազմը: Այսպիսով, ներկայում գործող Հանրային խորհուրդը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմինն է:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև Հանրապետության Նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրային խորհուրդը ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով Կառավարության խորհրդակցական մարմինը: Միաժամանակ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածով սահմանվել է, որ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Վերոհիշյալը վկայում է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)`
- ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները.
- սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը.
- նախատեսվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները.
- սահմանվել է, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ.
- կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը.
- նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Հանրային խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: