Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___________ 2023 թվական ________

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Գերմանական Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ հասարակական կազմակերպության վրաստանյան գրասենյակի (ASB Georgia), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված «Արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու վերաբերյալ» փոխգործակցության հուշագիրը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև 2022 թվականի ապրիլի 28-ին կնքված Համագործակցության երկամյա համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 16.1 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (այսուհետ` բժշկական կենտրոն) հենքի վրա` բժշկական կենտրոնի բուժաշխատողների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների ներգրավմամբ ստեղծել Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ (այսուհետ` ՀԱԱԲԹ):

2. Սահմանել`

1) ՀԱԱԲԹ-ի կառուցվածքը, կազմը և թվաքանակը` համաձայն Հավելված 1-ի:

2) ՀԱԱԲԹ-ի գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքավորումների (պարագաների) և նյութատեխնիկական միջոցների նախնական ցանկը` համաձայն Հավելված 2-ի:

3. ՀԱԱԲԹ-ն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով:

4. ՀԱԱԲԹ-ն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական թիմերը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգով:

5. ՀԱԱԲԹ-ն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. ՀԱԱԲԹ-ի գործունեության իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և այլ օրենքներ, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտեր, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելիս` նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները և ՀԱԱԲԹ-ի կողմից մշակված ստանդարտ գործելակարգերը (SOP):

7. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀԱԱԲԹ-ի ներգրավման հետ կապված` անձնակազմի առնվազն յոթնօրյա ինքնաբավ կեցության, ճանապարհորդական փաստաթղթերի, անձնակազմի ապահովագրության ու գործուղման, դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքավորումների (պարագաների), նյութատեխնիկական միջոցների և անձնակազմի տեղափոխման նպատակով տրանսպորտային միջոցների վարձակալության ու այլ ծախսերը, այդ թվում` ՀԱԱԲԹ-ի առաքելության ընթացքում արտերկրում չնախատեսված այլ ծախսերի համար 50.000 ԱՄՆ դոլարի չափով արտարժութային քարտային հաշվի (վճարային քարտով) օպերատիվ ռեզերվի ձևավորումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Ներքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել Հայաստանյան արագ արձագանքման բժշկական հիմնական, ինչպես նաև պահուստային թիմերի անհատական կազմերը.

2) Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին, չափորոշիչներին և տեխնիկական չափանիշներին համապատասխան` կազմակերպել ՀԱԱԲԹ-ի նախապատրաստումը և ներկայացումը միջազգային հավաստագրման (դասակարգման).

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ սահմանել ՀԱԱԲԹ-ի գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքավորումների (պարագաների) և նյութատեխնիկական միջոցների շրջանառության, պահպանման կարգը և ժամկետները.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ սահմանել ՀԱԱԲԹ-ի վարժանքները և դասընթացներն իրականացնելու կարգը և պարբերականությունը:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) իրականացնել ՀԱԱԲԹ-ի ընթացիկ աշխատանքների պլանավորումը, կազմակերպումն ու համակարգումը,

2) իրականացնել ՀԱԱԲԹ ղեկավար կազմի (բացառությամբ նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավարի) և կլինիկական կազմի (հիմնական և պահուստային) ընտրությունը,

3) կազմակերպել դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքավորումների (պարագաների) ընթացիկ գնումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին`

1) իրականացնել ՀԱԱԲԹ նյութատեխնիկական ապահովման կազմի և ՀԱԱԲԹ նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավարի (հիմնական և պահուստային) ընտրությունը,

2) ապահովել ՀԱԱԲԹ-ի նյութատեխնիկական ապահովման կազմի մասնակցությունը ՀԱԱԲԹ-ի նախապատրաստական և ուսուցման գործընթացներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կազմակերպված դասընթացներին և վարժանքներին,

3) ՀԱԱԲԹ-ի դասընթացները և վարժանքներն անցկացնելու համար, ըստ անհրաժեշտության, տրամադրել համապատասխան դաշտային ուսումնական տեղամասեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնավարժարաններում,

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ցուցաբերել տեսական, տեխնիկական և մեթոդական աջակցություն ՀԱԱԲԹ-ի ուսուցման, աշխատանքների կազմակերպման, նյութատեխնիկական ապահովման հարցերում,

5) կազմակերպել ՀԱԱԲԹ-ի գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ընթացիկ գնումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

11. ՀԱԱԲԹ-ի աշխատանքներին պայմանագրային կարգով, վճարովի կամ անվճար հիմունքներով, կարող են ներգրավել համապատասխան մասնագիտություններ ունեցող այլ անձինք ևս:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    18.10.2023 - 02.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2662

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ