Լրամշակման փուլում է
«Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» «______» 2023 թվականի N ____-Ն
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հաստատել․
- ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը՝ համաձայն N1 հավելվածի,
- ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N2 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն․ Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի «________» «__» - ի N ---- Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրված հիմնադրութային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ՝ ՌԷԳ) իրականացման հետ կապված հարաբերությունները:
- Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված դեպքերում նախաձեռնողը իրականացնում է ՌԷԳ գործընթացը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով՝ օրենքի 5-րդ գլխով սահմանված կարգով։
- ՌԷԳ-ը իրականացվում է երեք փուլով`
- ՌԷԳ շրջանակի որոշումը․
- ՌԷԳ հաշվետվության կազմումը․
- ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրույթային փաստաթղթում:
II ՌԷԳ-Ի ՇՐՋԱՆԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՓՈՒԼ
- ՌԷԳ-ի շրջանակի որոշման փուլի ընթացքում որոշվում է հիմնադրույթային փաստաթղթի ընդգրկման շրջանակը, որոշվում են գործընթացի մասնակիցները, իրականացվում է հանրային իրազեկում՝ օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով իրականացվում է անդրսահմանային ծանուցում և քննարկումներ։
- ՌԷԳ շրջանակի որոշման խնդիրներն են.
- վեր հանել շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների հնարավոր ազդեցության մասշտաբները,
- ելնելով շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցությունից՝ որոշել հիմնադրութային փաստաթղթի դրույթների այլընտրանքնեը,
- իրազեկել հանրությանը հիմնադրութային փաստաթղթի, դրա այլընտրանքային տարբերակների վերաբերյալ,
- հավաքագրել ՌԷԳ հաշվետվության կազմման համար անհրաժեշտ, այդ թվում՝ շրջակա միջավայրի վիճակին վերաբերող տեղեկատվություն:
- ՌԷԳ-ի շրջանակի որոշման փուլի ընթացքում բացահայտվում և ուսումնասիրվում են շրջակա միջավայրի՝ ներառյալ մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները որոշելու հետևյալ չափանիշները.
ա) հիմնադրութային փաստաթղթի արդիականության, կարևորության հիմնավորումները՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի, ներառյալ՝ մարդու առողջությանն առնչվող հիմնահարցերը,
բ) հիմնադրութային փաստաթղթի սահմանած հիմքերը նախատեսվող գործունեությունների կամ նախագծերի համար՝ տեղադիրքի, բնույթի, չափսերի, հզորությունների, գործելու պայմանների, ռեսուրսների բաշխման տեսանկյունից,
գ) հիմնադրութային փաստաթղթերի ազդեցությունը և կապը այլ հիմնադրութային կամ ռազմավարական փաստաթղթերի հետ,
դ) շրջակա միջավայրի՝ ներառյալ բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, հավանականությունը, տևողությունը, հաճախականությունը, հակադարձ լինելը, ծավալը, հնարավոր ազդեցության ենթակա տարածքի չափը, ազդեցության ենթակա բնակչության թվաքանակը:
զ) շրջակա միջավայրի՝ ներառյալ մարդու առողջության վրա հնարավոր ռիսկերը:
է) ազդեցությունների անդրսահմանային բնույթը:
- ՌԷԳ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ՓՈՒԼԸ
- ՌԷԳ –ի հաշվետվությունը կազմվում է` հիմք ընդունելով սույն Որոշման Հավելված 2-ի պահանջները։
- Հաշվետվությունը կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների կարծիքները, առաջարկություններն և խորհրդակցության արդյունքները:
- ՌԷԳ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ
- ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրույթային փաստաթղթում իրականացվում է օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով։
- ՌԷԳ փորձաքննությունն իրականացվում է Կառավարության կողմից սահմանված կարգով և օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
- ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ՀԵՏՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
- Նախաձեռնողը, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մոնիտորինգ, հիմնադրութային փաստաթղթի իրականացման, և դրա արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ:
- Մոնիտորինգի արդյունքների և հիմնադրութային փաստաթղթի, ՌԷԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում կազմվում է հետնախագծային վերլուծության ծրագիր:
- Շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության վրա չնախատեսված ազդեցությունների ի հայտ գալու դեպքում նախաձեռնողը նախատեսում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:
- Տարին մեկ անգամ մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի էլ. կայքում:
- ՌԷԳ հաշվետվությունը համաձայն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ներկայացվում է լիազոր մարմին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
- ՌԷԳ հաշվետվության եզրահանգումները, հանրության և գործընթացի մասնակիցների դիտողությունները և առաջարկությունները հաշվի են առնվում հիմնադրութային փաստաթղթում, հիմնավորումները ներառվում են փորձաքննական եզրակացությունում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի «________» «__» - ի N ---- Ն որոշման
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. ՌԷԳ հաշվետվությունը մշակվում է համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։
2. Հիմնադրութային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների համար Օրենքով նախատեսված ժամկետներում և ընթացակարգով։
3.Հիմնադրութային փաստաթղթի` ՌԷԳ հաշվետվությունը պետք է ներառի․
1) հիմնադրութային փաստաթղթի համառոտ բովանդակությունը, նպատակը, առկայության դեպքում նաև կապը կամ համապատասխանությունը տվյալ տարածքի համար հաստատված այլ առնչվող հիմնադրութային փաստաթղթերի հետ,
2) հիմնադրութային փաստաթղթին առնչվող` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված, կամ ստորագրված միջազգային պայմանագրերը և առնչվող այլ իրավական ակտերը,
3) հնարավոր ազդեցության ենթակա տարածքին առնչվող շրջակա միջավայրի, այդ թվում՝ բնակչության առողջության, ներկա վիճակը և խնդիրները,
4) շրջակա միջավայրի, այդ թվում՝ բնակչության առողջության հավանական փոփոխությունների միտումները՝ առանց հիմնադրութային փաստաթղթի դրույթների իրականացման,
5) շրջակա միջավայրին, այդ թվում՝ բնակչության առողջությանը վերաբերվող միջազգային, ազգային և այլ մակարդակներում սահմանված նպատակները, որոնք վերաբերում են հիմնադրութային փաստաթղթին և այն ուղիները, նկատառումները, որոնք հաշվի են առնվել հիմնադրութային փաստաթղթերը մշակելիս,
6) հիմնադրութային փաստաթղթի դրույթների իրականացման դեպքում շրջակա միջավայրի, ներառյալ բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունները, այդ թվում՝ անդրսահմանային,
7) հիմնադրութային փաստաթղթի մոտեցումների բոլոր հնարավոր այլընտրանքային տարբերակների (այդ թվում` զրոյական) համեմատությունը և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորումը,
8) հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները, դրանց արդյունավետությունը,
9) հիմնադրութային փաստաթղթի գործողության ընթացքում ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) և հետնախագծային վերլուծության ծրագիրը,
10) գնահատման մեթոդների, դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, դժվարությունների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները,
11) հաշվետվությունում ներառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները,
12) տեղեկատվություն հանրության ծանուցման, քննարկումների արդյունքների, գրավոր կամ բանավոր ներկայացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման հիմնավորումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն,
13) հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է հիմնադրութային փաստաթղթի ոչ տեխնիկական նկարագիրը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և դրանց մեղմման միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը:
-
Քննարկվել է
10.10.2023 - 26.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3042
Տպել