-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման և հավատարմագրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության և անվտանգության իրավական հիմքերը:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) թանգարան` ոչ առևտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում (այսուհետ` կազմակերպություն), որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում, հանրահռչակում և հանրայնացնում է բնության և հասարակության պատմական զարգացման ընթացքում ստեղծված նյութական և ոչ նյութական ժառանգությունը, որը հասանելի է հանրությանը և իրականացնում է սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական և ճանաչողական գործունեություն այն ձեռք է բերում, հավաքում մարդկության, բնության նյութական և/կամ ոչ նյութական արժեքներ, դրանց տալիս թանգարանային առարկայի կարգավիճակ` կազմակերպելով հաշվառումը, պահպանությունը, պաշտպանությունը, հետազոտումը, մեկնաբանումը, հանրայնացումը, ինչպես նաև իրականացնում կրթական ծրագրեր` նպատակ ունենալով սերունդներին փոխանցել թանգարանային ժառանգությունը, նպաստել գիտության զարգացմանը, հասարակության կրթական մակարդակի բարձրացմանը, օժանդակել հասարակության հոգևոր արժեքների աճին, ապահովել հասարակության գեղագիտական և/կամ կրթական ժամանցը:
2) թանգարանային առարկա` թանգարանում հաշվառված երկրաբանական, բուսական և կենդանական աշխարհի նմուշ, հասարակության կենսագործունեության նյութական և ոչ նյութական ժառանգության առարկա, որի հատուկ հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում վերջինիս պահպանումն ու ուսումնասիրումը հասարակության համար.
3) մշակութային առարկա ` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ, ներառյալ` համարանիշային (սերիական) արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ, ինչպես նաև ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, մշակութային արժեք չեն ներկայացնում.
4) թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառում՝ թանգարանային առարկաների և հավաքածուների ուսումնասիրում և փաստաթղթավորում.
5) թանգարանի գլխավոր մատյան՝ թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման հիմնական փաստաթուղթ, որը տվյալներ է պարունակում թանգարանային առարկայի և հավաքածուի մասին.
6) թանգարանի ֆոնդ` թանգարանի գլխավոր մատյանում հաշվառված թանգարանային առարկաների և հավաքածուների ամբողջություն.
7) Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո գտնվող, պատմականորեն ձևավորված, թանգարանների գլխավոր մատյաններում հաշվառված և մշտապես համալրվող թանգարանների ֆոնդերի ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի մասն է.
8) Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մաս կազմող բացառիկ թանգարանային առարկաներ, որոնք ենթակա են հաշվառման հատուկ պահպանության համապատասխան պայմանակարգով.
9) Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայա-ցուցակ` Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ներառված յուրաքանչյուր թանգարանային առարկայի և հավաքածուի մասին հիմնական տեղեկություններ պարունակող շտեմարան (ռեեստր).
10) թանգարանային առարկայի և հավաքածուի պահպանում, անվտանգության ապահովում՝ թանգարանային առարկայի և հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմի ստեղծում, բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանում և վտանգների կանխարգելում.
11) թանգարանային առարկայի և հավաքածուի ուսումնասիրում՝ թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ հնարավոր տեղեկույթի հայտնաբերում, հավաքում, նկարագրում, համադրում, վերլուծում.
12) թանգարանային առարկայի և հավաքածուի հանրայնացում (հանրահռչակում)՝ թանգարանային առարկաների և հավաքածուների ներկայացումը հասարակությանը հանրային ցուցադրման, գիտակրթական գործունեության, տպագիր և էլեկտրոնային վերարտադրման եղանակներով.
13) հիմնական ցուցադրություն` թանգարանի ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաներն և հավաքածուները ներկայացնող միասնական բովանդակություն ունեցող տևական ցուցադրություն, որն ունի գիտական հայեցակարգ, գեղարվեստորեն ձևավորված է և ապահովված է գիտականորեն հիմնավորված տեղեկատվությամբ։
14) Թանգարանային հավաքածու՝ թանգարանի տիրապետության տակ գտնվող, թանգարանի` թանգարանային առարկաների հաշվառման գլխավոր մատյանում ներառված թանգարանային բոլոր առարկաների ամբողջություն:
15) Թանգարանային գործ՝ մշակույթի ոլորտ, որը ներառում է գիտական, հետազոտական և կրթական գործընթացներ՝ ուղղված թանգարանային նշանակության օբյեկտների բացահայտմանը, թանգարանային ֆոնդերի ձեռքբերմանը, թանգարանային առարկաների հաշվառմանը և պահպանմանը, թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ուսումնասիրմանը և հանրահռչակմանը.
- Սույն օրենքը չի արգելում «թանգարան» բառի օգտագործումը այլ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց անվանման մեջ եթե իրականացնում են թանգարանային հավաքածուների ուսումնասիրման և հանրահռչակման գործունեություն։
Հոդված 3. Թանգարանների տեսակները
- Ըստ սեփականության ձևի` թանգարանները լինում են`
1) պետական թանգարաններ՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետության կողմից՝ ի դեմս կառավարության,
2) համայնքային թանգարաններ՝ հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
3) ոչ պետական թանգարաններ՝ հիմնադրված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:
- Թանգարանները ըստ հավաքածուի բնույթի հիմնականում լինում են`
1) պատմության թանգարաններ, որոնք ներառում են երկրի, ազգի, ժողովրդի, որևէ դարաշրջանի կամ երևույթի պատմությանը վերաբերող թանգարանային առարկաներ ու հավաքածուներ (հնագիտական, ազգագրական, երկրագիտական, գրականության, արվեստի և ճարտարապետության, պատմության թանգարան և այլն).
2) արվեստի թանգարաններ, որոնք ներառում են համաշխարհային և ազգային արվեստի նմուշներ (պատկերասրահներ, ժամանակակից արվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի, ժողովրդական արվեստի, լուսանկարչական արվեստի թանգարան և այլն).
3) բնագիտական թանգարաններ, որոնք ներառում են երկրաբանական, բուսական և կենդանական աշխարհի նմուշներ, հնէաբանական գտածոներ, տեխնիկայի առաջընթացը ներկայացնող առարկաներ և այլ վավերագրեր, (բնության, երկրաբանության, բժշկության, տիեզերքի, կապի, տեխնիկայի թանգարան և այլն).
4) հուշային թանգարաններ, որոնք ներառում են մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ և հավաքածուներ, (տուն-թանգարաններ, հուշաթանգարաններ և այլն):
Հոդված 4. Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
- Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ԳԼՈՒԽ 2.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
Հոդված 5. Թանգարանների ստեղծումը և գործունեության դադարեցումը
- Հայաստանի Հանրապետության տարածքում թանգարանները ստեղծվում և գործում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Թանգարանի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. Թանգարանի գործունեության նպատակները և գործառույթները
- Թանգարանի գործունեության նպատակներն են.
1) բնության, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին.
2) գիտականորեն համակարգված, հաշվառված թանգարանային առարկաների և հավաքածուների ձևավորումը.
3) ազգային արժեհամակարգի և քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելը:
- Թանգարանի գործառույթներն են.
1) թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերումը, ֆոնդերի համալրումը, հաշվառումը, պահպանումը և պաշտպանումը,
2) թանգարանային առարկաների և հավաքածուների գիտական մշակումը, հետազոտումը, ուսումնասիրումը և թվանայնացումը,
3) թանգարանային առարկաների և հավաքածուների հանրայնացումը (ցուցադրում, հրապարակում),
4) ճանաչողական և մշակութային ծրագրերի իրականացումը,
5) գիտակրթական և կրթամշակութային ծառայությունների մատուցումը:
Հոդված 7. Թանգարանի հավատարմագրումը
- Թանգարանը կարող է հավատարմագրվել ըստ ցանկության` թանգարանի ղեկավարի դիմումի հիման վրա:
- Թանգարանի հավատարմագրումը իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ։
- Պետական և համայնքային թանգարանները ենթակա չեն հավատարմագրման, դրանք համարվում են հավատարմագրված թանգարաններ:
- Թանգարանը հավատարմագրվում է՝ ստանալով համապատասխան վկայական, որի վերաբերյալ լիազորված պետական մարմինը կատարում է համապատասխան գրառում գրանցամատյանում։
- Թանգարանը ենթակա է հավատարմագրման, եթե համապատասխանում է հետևյալ պահանջներին.
1) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների ուսումնասիրում, հաշվառում, պահպանում և պաշտպանում, ցուցադրում և հանրահռչակում,
2) ունի թանգարանի գործունեության իրականացման համար տարածք` ապահովված թանգարանային առարկաների ու հավաքածուների պահպանության ու անվտանգության պայմաններով և գույքով,
3) ունի լիազորված պետական մարմնի սահմանած թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետներ ,
4) ունի ֆինանսավորում,
5) մատչելի է հանրության համար:
- Սույն հոդվածի 5-րդ մասի պահանջներին չհամապատասխանելը հիմք է թանգարանի հավատագրման մերժման համար, որը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Թանգարանի ղեկավարը` դիմումի համաձայն կարող է հրաժարվել թանգարանի հավատարմագրումից:
- Թանգարանի հաշվառման, վկայականի տրամադրման կարգը և ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Թանգարանի շենքերը և զբաղեցրած տարածքները հասարակության կամ պետության կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 8. Պետական թանգարանների գործունեության և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի նկատմամբ հսկողությունը
- Պետական թանգարանների գործունեության և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի նկատմամբ հսկողությունն իրականացնում է մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):
ԳԼՈՒԽ 3.
ԹԱՆԳԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 9. Թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառում
- Թանգարանի կողմից թանգարանային առարկաները և հավաքածուները ենթակա են հաշվառման: Դրանց հաշվառման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:
- Պետական և համայնքային թանգարանների ֆոնդերում հաշվառված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային առարկաները և հավաքածուները հիմնադրի կողմից ամրացվում են թանգարանին որոշակի ժամկետով կամ անժամկետ` անհատույց օգտագործման իրավունքով:
- Պետական և համայնքային թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանի ֆոնդում հաշվառված թանգարանային առարկաներն ու հավաքածուները հիմնադրի կողմից ամրացվում են այլ պետական կամ համայնքային թանգարանի:
4.Թանգարանի ֆոնդում հաշվառված թանգարանային հավաքածուները բաժանման (մասնատման) ենթակա չեն:
Հոդված 10. Թանգարանի ֆոնդի ձևավորումը և համալրումը
- Թանգարանի ֆոնդը ձևավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների և հավաքածուների հիման վրա:
- Թանգարանի ֆոնդը համալրվում է օրենքով չարգելված միջոցներով՝ թանգարանի համալրման ռազմավարությանը համապատասխան, որը հաստատում է հիմնադիրը, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի:
- Պետական և համայնքային թանգարանի ղեկավարը իր ֆոնդերի համալրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծում է ֆոնդային-գնահատող հանձնաժողով, որի աշխատակարգի օրինակելի ձևը հաստատում է լիազորված պետական մարմինը:
Հոդված 11․ Թանգարանի համալրումը թանգարանային առարկայով
1․ Պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուները համալրվում են հետևյալ եղանակներով.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թանգարանին թանգարանային առարկայի ամրացում,
2) թանգարանի կողմից գնում,
3) նվիրատվության ստացում,
4) հնագիտական պեղումներ իրականացնող անձի կողմից հայտնաբերված գտածոների անհատույց ստացում,
5) օրենքով չարգելված այլ եղանակներով:
Հոդված 12. Թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը և անվտանգության ապահովումը
- Թանգարանի թանգարանային առարկաները և հավաքածուները վերցվում են մշտական պահպանության թանգարանի ֆոնդում:
- Թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը ապահովելու համար թանգարաններում սահմանվում է գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմ և իրականացվում է թանգարանային առարկաների և հավաքածուների կոնսերվացում, ամրակայում և վերականգնում:
- Թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների ամրակայման և վերականգնման աշխատանքները իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):
- Թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնողի որակավորման կարգը և չափորոշիչները, թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության, կոնսերվացման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Հավատարմագրված թանգարանն իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանություն` բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված պահպանության կանոններին համապատասխան:
- Թանգարանի ղեկավարը պարտավոր է ապահովել թանգարանային առարկաների և հավաքածուների անվտանգությունը:
Հոդված 13. Թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանությունը
- Թանգարանները կարող են պայմանագրի հիման վրա` վճարովի կամ անվճար հիմունքներով իրականացնել թանգարանային առարկաների և հավածաքուների ժամանակավոր պահպանություն՝ դրանք չընդգրկելով տվյալ թանգարանի գլխավոր մատյանում:
- Թանգարանը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք թանգարանային առարկաները և հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնել այլ թանգարանների կամ կազմակերպությունների` պայմանագրի հիման վրա առավելագույն 3 տարով:
- Թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը։
- Պետական կամ համայնքի uեփականությունը համարվող թանգարանային առարկաները կամ հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնվել պետական, համայնքային կամ ոչ պետական թանգարաններին՝ պայմանագրի հիման վրա:
5․ Պետական թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է լիազորված պետական մարմնի կողմից, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումը` համայնքի ավագանու որոշմամբ:
Հոդված 14. Թանգարանային առարկաների և հավաքածուների մատչելիության ապահովումը և հանրայնացման (հրապարակման) իրավունքը
- Թանգարանային առարկաները և հավաքածուները մատչելի են հանրության համար` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2․ Թանգարանային և մշակութային արժեք ներկայացնող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով:
- Թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանների ներքին կանոնակարգով:
- Թանգարանային առարկաների և հավաքածուների մատչելիությունը կարող է սահմանափակվել`
1) դրանց պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքերում,
2) դրանց վերականգնման ընթացքում լինելու դեպքում։
- Թանգարանային առարկաների և հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները և դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով, որպես խորհրդանիշ` հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, բացառությամբ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
- Այն թանգարանային շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Հիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան իրավունքով օժտված անձը իրավունքի ունի արգելելու թանգարանին հանձնված շենքերում և տարածքներում իրականացնելու այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել թանգարանային առարկաները և հավաքածուն կամ հակասում է թանգարանի կանոնադրությանը:
Հոդված 15. Թանգարանային առարկաների և հավաքածուների օտարումնը նվիրատվությունն ու հաշվառումից հանելը,
- Պետական կամ համայնքի uեփականությունը համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն օտարման ենթակա չէ:
2․ Արգելվում է պետական սեփականություն համարվող և ֆոնդերում հաշվառված թանգարանային առարկանների նվիրատվությունը։
- Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կարող է փոխանակվել թանգարանային համարժեք այլ առարկայով թանգարանի միջնորդությամբ` մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա, որը տրամադրվում է համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից:
4․ Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը իրականացվում է լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը` համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝:
- Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի ֆոնդի հաշվառումից կարող են հանվել`
1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա,
2) թանգարանային առարկայի կամ հավաքածուի` դատարանի որոշմամբ նախկին տիրապետողին վերադարձնելու դեպքում,
3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման դեպքում:
- Պետական սեփականութjուն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանվում է լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկան կամ հավաքածուն` համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:
- Պետական կամ համայնքային uեփականություն համարվող թանգարանային առարկաներից ու հավաքածուներից կորած (գտնվելու վայրը անհայտ) առարկաները չեն կարող հանվել հաշվառումից և մնում են հաշվառված:
- Ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները և հավաքածուները կարող են օտարվել սեփականատիրոջ որոշմամբ` իր դիմումի համաձայն:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները և հավաքածուները (ամբողջական կամ առանձին) կարող են օտարվել` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով լիազորված պետական մարմնին: Օտարման մասին տեղեկություն չհայտնելու դեպքում թանգարանային առարկան և հավաքածուն չեն հանվում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդից:
- Ոչ պետական թանգարանում ընդգրկված թանգարանային առարկաներն ու հավաքածուները ենթակա են վաճառքի միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից:
11․ Արգելվում է թանգարանային առարկաների կամ դրանց առանձին մասերի (պատկանելիքների) օտարումը և/կամ օգտագործումը՝ որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդը` որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ, անբաժանելի մասն է:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը (ռեեստրը) վարում է լիազորված պետական մարմինը:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկելու վկայականի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված, նախկին պետական թանգարանների հիմնական ֆոնդերում ընդգրկված և համայնքներին հանձնված թանգարանային առարկաները, հավաքածուները համարվում եմ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը:
- Պետական և համայնքային թանգարանների վերակազմակերպումից և գործունեության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները մնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմը և այդ կազմում թանգարանների ֆոնդերի ընդգրկումը
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդը կազմված է պետական, համայնքային և ոչ պետական թանգարանների ֆոնդերում ընդգրկված թանգարանային առարկաներից և հավաքածուներից։
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասն են կազմում պետական թանգարաններում մշտապես պահպանվող, նախկին պետական թանգարանների հիմնական ֆոնդերում ընդգրկված և համայնքներին հանձնված թանգարանային առարկաները և հավաքածուները:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համայնքային մասն են կազմում այն թանգարանների հիմնական ֆոնդերում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները, որոնց հիմնադիրն է հանդիսանում համայնքը:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին կանոնակարգին համապատասխան թանգարանների ֆոնդի առարկայացուցակում գրանցվելու պահից:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանի ֆոնդի սեփականատիրոջը լիազորված պետական մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկելու մասին վկայական:
6․ Մասնավոր թանգարանային առարկաների ընդգրկումը ֆոնդում իրականացվում է կամավոր սկզբունքով։
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը կազմված է պետական, համայնքային և ոչ պետական թանգարանների ֆոնդերում ընդգրկված թանգարանային առարկաներից և հավաքածուներից։
- Առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում փոփոխություն կատարելը
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմից թանգարանային առարկան հանված է համարվում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում այդ մասին նշում կատարելու օրվանից:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակից հանվում է լիազորված պետական մարմնի կողմից:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համայնքային մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակից հանվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, որի օրինակը ներկայացվում է լիազորված պետական մարմին Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում համապատասխան փոփոխություն կատարելու համար:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակից հանվում է սեփականատիրոջ դիմումի համաձայն:
5.Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները պարբերաբար ենթակա են գնահատման, որի ընթացակարգը սահմանվում է լիազոր պետական մարմնի որոշմամբ:
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը և ժամանակավոր արտահանումը
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը։
- Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները ենթակա չեն մշտական արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից։
3․ Թանգարանային առարկանների ժամանակավոր արտահանման առավելագույն ժամկետը 1 տարի է։
4․ Թանգարանային առարկաների ժամանակավոր արտահանումը իրականացվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ԵԱՏՄ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով և նորմատիվ իրավական ակտերով:
- Արտակարգ իրավիճակում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում և Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների տարհանման և դրանց պաշտպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմը
- Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկվում են պետական, համայնքային թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները և հավաքածուները: Թանգարանների ֆոնդերից բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաների և հավաքածուների ընտրության չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը համարվող` բացառիկ արժեք ունեցող առարկաները և հավաքածուները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում կարող են ընդգրկվել սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
- Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, նվիրաբերության, ինչպես նաև չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա:
Հոդված 22․ Թանգարանների օգտագործումը
1․ Թանգարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:
2․ Թանգարանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է թանգարանի բնույթին։
Հոդված 23․ Թանգարանների ձեռնարկատիրական գործունեությունը
- Թանգարանը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
- Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
ԳԼՈՒԽ 5.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 24. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) իրականացնում է թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պահպանության և օգտագործման ոլորտում պետական քաղաքականությունը.
2) կարգավորում է պետական թանգարանների ստեղծման, վերակազմակերպման և գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները.
3) հաստատում է թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնողի որակավորման կարգը և չափորոշիչները.
4) ապահովում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի պետական մասի և Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի պահպանությունը, պաշտպանությունը, համալրումը և օգտագործումը.
5) հաստատում է թանգարանների ֆոնդերից բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաների և հավաքածուների ընտրության չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի կազմում ընդգրկելու կարգը.
6) հաստատում է արտակարգ իրավիճակում Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդում և Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների տարհանման և դրանց պաշտպանության կարգը.
7) հաստատում է թանգարանի հավատարմագրման, հաշվառման, վկայականի տրամադրման կարգը, ձևը և հավատարմագրումից հրաժարվելու կարգը.
8) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային ֆոնդի մասին կանոնակարգը և վկայականի ձևը.
9) հաստատում է հավատարմագրված թանգարաններին պետական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները.
10) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման կարգը.
11) սահմանում է պետական և համայնքային թանգարանների ֆոնդի մատչելիության ապահովման կարգը.
12) հաստատում է թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման, պահպանության, անվտանգության, կոնսերվացման (կանխարգելման), ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման կարգը.
13) սահմանում է թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության կարգը․
14) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների գիտական հաշվառման, ուսումնասիրման և դրանց պահպանության կարգը
15) ստեղծում է թանգարաններ ու արգելոց-թանգարաններ:
Հոդված 25. Լիազորված պետական մարմնի լիազորությունները
- Լիազորված պետական մարմինը`
1) հսկողություն է իրականացնում իր ենթակայության պետական թանգարանների գործունեության նկատմամբ.
2) վարում է Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկայացուցակը (ռեեստրը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3) հաստատում է պետական թանգարանների զարգացման հայեցակարգերը, ծրագրերը, հիմնական ցուցադրության գիտական պլանը և հիմնական ցուցադրության գեղարվեստական նախագծերը.
4) վերահսկողություն է իրականացնում հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության կանոնների նկատմամբ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած թանգարանային առարկաները և հավաքածուները պետական թանգարաններ կամ այլ կազմակերպություններ մշտական պահպանության հանձնումը.
6) ապահովում է հավատարմագրված թանգարանների թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնումը.
7) սահմանում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերը.
8) սահմանում է իր ենթակայության թանգարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.
9) աջակցում է թանգարանի աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը.
10) հաստատում է թանգարանների ֆոնդային-գնահատող հանձնաժողովի աշխատակարգի օրինակելի ձևը.
11) վերահսկողություն է իրականացնում պետական թանգարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
12) հաստատում է իր ենթակայության թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը.
13) հաստատում է նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագները․
14) հաստատում է նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրությունում մասնագիտական լուսանկարման և տեսագրման սակագները․
15) հաստատում է հավատարմագրված թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության կանոնները.
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ,
17) հաստատում է թանգարանների խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը․
18) հաստատում է պետական թանգարաններից անվճար օգտվողների և պետական թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկերը և սակագները։
Հոդված 26. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
- Տեղական ինքնակառավարման մարմինները`
1) ապահովում են համայնքային թանգարանների լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
2) հսկողություն են իրականացնում համայնքային թանգարանների գործունեության նկատմամբ.
3) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 27. Տարածքային կառավարման և այլ պետական մարմինների լիազորությունները
- Տարածքային կառավարման և այլ պետական մարմինները`
1) ապահովում են իրենց ենթակայության թանգարանների լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
2) հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության թանգարանների գործունեության նկատմամբ.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 28. Թանգարանների խորհրդի լիազորությունները
- Թանգարանների խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է թանգարանների զարգացմանը նպաստելը։
- Թանգարանների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել թանգարանների (անկախ ենթակայությունից և սեփականության ձևից), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մասնագետներ:
- Թանգարանների խորհուրդը առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական մարմին` թանգարանների գործունեության և գործունեությանը նպաստող պետական ռազմավարության մշակման, թանգարանային քաղաքականության, գիտական ծրագրերի, դրանց ֆինանսավորման, բյուջետային միջոցների բաշխման հարցերի վերաբերյալ:
- Թանգարանների խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատում է ` լիազորված պետական մարմնը` 3 տարի ժամկետով:
ԳԼՈՒԽ 6.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 29. Թանգարանների ֆինանսավորումը
- Պետական թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
- Համայնքային թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
- Թանգարաններին տրամադրվում է պետական աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 7.
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
- Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31. Թանգարանային առարկաներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը և վնասի հատուցումը
1․թանգարանային առարկաներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8.
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
-
Քննարկվել է
21.06.2023 - 11.07.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1650
Տպել