Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փափաոխություն և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Համայնքների բնապահպանական հիմնախնդիրների լուծումը, համայնքներում մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի ապահովումը շարունակական գործընթաց է։ Համայնքային բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման արդյունավետության բարձրացումը, դրանցում պետության ակտիվ և գործնական աջակցությունը էական նշանակություն ունեն շրջակա միջավայրի պահպանության գործընթացում։

          Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  կարգավորումների՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Սակայն՝ նշված մեխանիզմը բավարար չափով ֆինանսական միջոցներ չի գեներացնում առկա հիմնախնդիրների անհրաժեշտ չափով մեղմման համար՝ հաշվի առնելով վերը նշված բնապահպանական հարկի ցածր դրույքաչափերը, ինչի հետևանքով համայնքների կողմից վերոնշյալ օրենքի շրջանակներում իրականացվող բնապահպանական ծրագրերը (որոնք կարող են ներառել նաև առողջապահական միջոցառումներ) համարժեք չեն հասցված վնասին։ Էական է նաև այն հանգամանքը, որ որոշ ընդերքգտագործողներ արդեն իսկ բացված հանքում ներկայումս չեն իրականացնում արդյունահանում, ինչի հետևանքով չեն հաշվարկում բնապահպանական հարկի գումարներ (կամ շատ փոքր չափով են հաշվարկում)։ Արդյունքում՝ համայնքի կամ հարակից տարածքներում կարևորվում է շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը։

          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  կարգավորումները տարածվում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև Կառավարության սահմանած չափորոշիչների հիման վրա, շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների ազդակիր համայնքների վրա։ 2024 թվականին այդ համայնքները 21-ն են, իսկ 2025 թվականի համար՝ 24-ը։ Հետևաբար, հանրապետության համայնքների գերակշիռ մասը բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով պետական բյուջեից միջոցների ստացման հնարավորություն չունի։

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ ևս սահմանված են մեխանիզմներ, որոնց միջոցով իրականացվում է համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրումը։ Սակայն դրանց ծրագրային ոլորտներից մի քանիսն են առնչվում շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանությանը, որի հետևանքով որոշ առանցքային ոլորտներ (անտառնտկում և անտառվերականգնում, էլեկտրական շարժունակության մեծացում) դուրս են մնում վերոնշյալ սուբվենցիաների իրականացման շրջանակներից։

 

Նախագծով նախատեսված՝ «կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանների ստեղծում» ծրագրային ուղղության նպատակահարմարությունը պայմանավորված է Կառավարության 2023 թվականի  նոյեմբերի 30-ի «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 2105-Ն որոշման դրույթներով, համաձայն որոնց՝

  • համայնքը, աղբավայրի տնօրինող հանդիսանալու պարագայում, հանդիսանում է աղբավայրի շահագործման ժամկետի ավարտից կամ աղբավայրի փակումից հետո առնվազն հինգ տարվա ընթացքում մոնիթորինգի իրականացման, շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցության կանխարգելման և ստեղծված իրավիճակում համապատասխան միջոցների ձեռնարկման համար պատասխանատու,
  • շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ազդեցության մասին, որը բացահայտվել է իրականացվող ինքնահսկման և մոնիթորինգի արդյունքում, համայնքը, աղբավայրի տնօրինող հանդիսանալու պարագայում անմիջապես գրավոր տեղեկացնում է օրենսդրությամբ սահմանված մարմիններին,
  • համայնքն իր կողմից շահագործվող աղբավայրի տարածքում իրականացված մոնիթորինգի արդյունքները ներառում է շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվող Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծի և Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի համապատասխան բաժիններում:

          Հարցը քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում, որտեղ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հանձնարարվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ համատեղ քննարկել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում հավաքագրվող գումարներից զատ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված մեխանիզմներին համահունչ մեխանիզմներ սահմանելու հնարավորության հարցը, համաձայն որի՝ պետությունը ևս մասնակցություն կունենա բնապահպանական ծրագրերի իրականացմանը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է.

          ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ սահմանված՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրային ոլորտներում կատարել փոփոխություն և լրացումներ, որի արդյունքում համայնքներին բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը, էականորեն կմեծանան մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերի քանակը և ընդգրկման շրջանակները, կապահովվի դրանցում պետության գործուն մասնակցությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում.

          - հանրապետության բոլոր համայնքներին հնարավորություն կընձեռվի բնապահպանական ծրագրերի իրականացման համար օգտվել պետական համաֆինանսավորման մեխանիզմներից,

          - համայնքների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն առավել մեծամասշտաբ բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման համար,

          - բնապահպանական ծրագրերը կդառնան ավելի համայնքահենք և հասցեական,

          - էականորեն կմեծանան մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերի քանակը և ընդգրկման շրջանակները,

          - պետական համաֆինանսավորման շնորհիվ կապահովվի բնապահպանական ծրագրերի պլանավորման, մշակման ու իրականացման կայունությունն ու շարունակականությունը։

          Նախագծով ամրագրվել են նաև պետական բյուջեից համայնքներին տրամադրվող Բնապահպանական սուբվենցիաների ծրագրային ուղղությունները և չափաբաժինները, որոնց հաշվարկման համար հիմք են հանդիսացել շրջակա միջավայրի ոլորտում պետության առաջնահերթությունները, համայնքների կայուն զարգացման համար ծրագրի կարևորությունը, նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հնարավոր չափերը և համայնքների կողմից համաֆինանսավորման ու այլ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունները, ծրագրերի իրականացման արդյունքում հնարավոր ֆինանսական օգուտների ստացման հնարավորությունը։

          Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա լրացում կատարել Վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 278-Ա որոշման մեջ՝ հանձնաժողովի կազմում ներառելով նաև շրջակա միջավայրի նախարարին։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում։ Բնապահպանական սուբվենցիաների տրամադրումը նախատեսվում է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ սահմանված՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման շրջանակներում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2021-2026թթ. ծրագրի» 4.10-րդ «Շրջակա միջավայրի պահպանություն» և 6.6-րդ «Տարածքային կառավարում և ինքնակառավարում» կետերի դրույթներից։

  • Քննարկվել է

    13.06.2023 - 04.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2556

Տպել