Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Ներկայացվող նախագծի նպատակը ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալների ստեղծումն է։

              1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

Այս ծրագրային դրույթին համապատասխան, նվազագույն և միջին կենսաթոշակի չափի բարձրացումն ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ  սահմանված են հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, նվազագույն կենսաթոշակի չափը։ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմաբ սահմանաված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։

Հարկ է նշել, որ ընդհանուր կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների համակարգի առանձին ցուցանիշների միջև առկա է տրամաբանական փոխկապակցվածություն։ Հաշվի այն հանգամանքը, որ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի տևողության՝ օրենքով սահմանված չափը չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով անձը ձեռք է բերում սոցիալական նպաստի՝ ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք, նվազագույն կենսաթոշակի չափն ավելացնելիս նպատակահարմար է նույն չափ սահմանել նաև ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը։

Ըստ այդմ, անհրաժեշտ համարժեք փոփոխություններ կատարել նաև  ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:  

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հուլիսի 1-ից սահմանել՝

  • նվազագույն կենսաթոշակի չափը` 36000 դրամ (31600 դրամի փոխարեն),
  • աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն),
  • զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 դրամ (1600 դրամի փոխարեն),
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50600 դրամ (46000 դրամի փոխարեն)

բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41400 դրամ (36000 դրամի փոխարեն)

գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38000 դրամ (33000 դրամի փոխարեն)

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38000 դրամ (33000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120000 դրամ (90000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում տարբերակելով նպաստի չափերը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել՝

  • ծերության նպաստի չափը՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն),
  • ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39000 դրամ (31600 դրամի փոխարեն)
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37500 դրամ (31600 դրամի փոխարեն)
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն)։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար` կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափերը, հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ ենթաբաժնից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը)։

5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման հիմքում դրված՝ կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշները հիմնականում համապատասխանում են Կառավարության 2023 թվականի բյուջետային ուղերձում ամրագրված ցուցանիշներին։ Տարբերությունն առկա է միայն աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքի մասով, որին հնարավոր կլինի անդրադառնալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման բանաձևի վերանայման դեպքում (համապատասխան օրենքի նախագիծը ներկայումս շրջանառվում է)։
Նախագծի ընդունման դեպքում  ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարները՝

  • բավարար են աշխատանքային կենսաթոշակների դեպքում,
  • անբավարար են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների (պայմանավորված շահառուների ծրագրային ցուցանիշի (հաշվարկված 01.07.2022 դրությամբ) նկատմամբ փաստացի թվի ավելացմամբ, շուրջ 5.5 մլրդ դրամ) և ապայական կենսաթոշակների (պայմանավորված շահառուների թվի, զինծառայողի անձնական գործակցի և զինծառայության ստաժի՝ ծրագրային ցուցանիշների նկատմամբ փաստացիի ավելացմամբ, շուրջ 2 մլրդ դրամ) դեպքերում։

Ընթացիկ տարվա բյուջեի առաջիկա եռամսյակի կատարողականի արդյունքներով կհստակեցվի տարեվերջի պահանջը։

  • Քննարկվել է

    12.06.2023 - 28.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2989

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.06.2023

Մովսես Արիստակեսյան ՏՆՏԵսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Դեմ ենք այս նախագծին, քանի որ դրանով նախատեսված փոփոխություննեը, թեև արտաքուստ կրում են սոցիալական բնաւյթ, այդուհանդերձ հակասահմանադրական են: Նախ դրանք չեն համապատասխանում Հայաստանում տնտեսական կարգը սոցիալական շուկայական է սահմանադրական իրավակարգավորմանը, ապաևէ Սոցիալական խարտիայով սահմանված այն միջազգային նորմին, որ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների մակարդակները պետք է փոփոխվեն նախընթաց ժամանակաշրջանի սպառողական գների աճին համապատասխան և նվազագույն կենսաթոշակների ու նպաստների չափերը պետք է կազմեն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի առնվազն 60 և ավելի տոկոսը: Փաստորեն այսօրվա դրությամբ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 75.000 ՀՀ դրամ (https://www.arlis.am/), թեև ՀՀ իշխանությունները խոստացել էին, որ դա 2023 թ. հունվարի 1-ից պետք է կազմի 80.000 ՀՀ դրամ (https://www.24news.am/news/223652): Դրա հետ մեկտեղ երկրում 2022 թ. արդյունքներով գնաճն ըստ պաշտոնական տվյալների կազմել է 8.3 տոկոս (https://www.azatutyun.am/a/32217194.html) Ըստ այդմ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի և նպաստի չափը պետք է կազմի առնվազն 45.000 ՀՀ դրամ և ոչ թե 24.000 ՀՀ դրամ, ինչպես առաջարկվում է նախագծվ, որպեսզի ՀՀ հպարտ կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարողանա ապահովել ֆիզիկական իր նվաստ գոյությունը: Այս ամենը ծիծաղելի է թվում, երբ տեսնում ենք ՀՀ կառավարության գործողությունները գնաճի, հայկական ար-ույթի այս պայմաններում ՏՏ ոլորտին տրվող արտոնությունների, իրավապահ մարմինների աշխատակիցների, դատական համակրագի աշխատակիցների աշխատավարձների կրկնակի կերպով բարձրացման, ապօրինի հավելավճարների ու պարգևավճարների տրման քաղաքականությունը: Օրինագիծը պարզ ծիծաղ է ՀՀ հպարտ քաղաքացու հանդեպ: Թող այդպիսի չափերով օրինագծի հեղինակները վարվեն իրենց աշխատավարձների նկատմամբ:

Կարեն Աբրահամյան

12.06.2023

Առաջարկում եմ այսուհետ կենսաթոշակների ավելացման ժամանակ շեշտը դնել աշխատանքային ստաժի հաշվարկման վրա, մինչև 20 տարի ստաժ ունեցող ու ընդհանրապես ստաժ չունեցող քաղաքացիները գրեթե նույն չափով կենսաթոշակ են ստանում.ո՞ւր մնաց աշխատելը խրախուսելու պետության քաղաքականությունը

Տեսնել ավելին