ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնի 3-րդ կետի։
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է բնակչության, տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանությունը բնական, տեխնոլոգիական և կենսաբանական վտանգներից: Աղետների ռիսկի կառավարումն (այսուհետ՝ ԱՌԿ) առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն՝ պետության դիմակայուն զարգացումն ապահովելու համար՝ ստեղծելով վտանգների ազդեցությանը ժամանակին և արդյունավետ դիմագրավելու, ներգործություններից առաջացած պայմաններին հարմարվելու և արագ վերականգնվելու կարողություն։
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ԱՌԿ համակարգի բարելավման, տարաբնույթ վտանգավոր երևույթներից մարդկանց կյանքի, առողջության և կենսամիջոցների, կազմակերպություների, պետության տնտեսական, նյութական, մշակութային, բնապահպանական կորուստների և վնասների նվազեցմանը և բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման հրամայականից՝ առանձնակի ուշադրություն դարձնելով բնակչության առավել խոցելի խմբերին։
2․ Ներկա իրավիճակը և առկա խնդիրները․
Բնածին վտանգների տեսանկյունից ՀՀ տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1%-ը՝ սողանքների, 30%-ը՝ սելավների և ջրհեղեղների, 0,5%֊ը՝ փլուզումների ու քարաթափումների, 12%-ը՝ ցրտահարությունների, 15%-ը՝ երաշտի, 17%-ը՝ կարկտահարման ազդեցությունների և այլն: ՀՀ հողատարածքների 80%-ից ավելին ենթակա են էռոզիայի, աղակալման/ալկալիացման, գերխոնավեցման և ջրակալման վտանգների ազդեցություններին:
Տեխնածին վտանգները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են: ՀՀ-ում կան 25 քիմիապես վտանգավոր օբյեկտներ, որոնք օգտագործում են ամոնիակ, քլոր, քլորաթթու, ազոտաթթու և այլ քիմիական նյութեր, թվով 1400-ից ավելի հրդեհապայթյունավտանգ օբյեկտ, մոտ 88 ջրամբար, շուրջ 23 պոչամբար, որոնցից 12-ը կոնսերվացված են, գործում է ատոմային էլեկտրակայան և այլն:
Կենսաբանական վտանգները ևս լրջագույն մարտահրավեր են: 2020-2022 թվականներին ՀՀ Առողջապահության նախարարության (այսուհետ՝ ԱՆ), «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ արձանագրվել է նոր կորոնավիրուսային համաճարակի (Քովիդ 19) 442887 հաստատված դեպք, որից 8624-ը՝ մահվան ելքով։
Կլիմայի փոփոխության ազդեցությունները զգացվում են ողջ աշխարհում և ՀՀ-ն բացառություն չէ: Ըստ 1990-2016 թվականների կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության՝ ՀՀ-ում 1961-1990 թվականների միջին վիճակագրականի նկատմամբ դիտվել է տարեկան ջերմաստիճանի աճ 1.23°C-ով և տեղումների նվազում՝ շուրջ 9%-ով:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ՀՀ -ում տեղի է ունենում քաղաքային բնակավայրերի գերբնակեցում (ուրբանիզացիայի մակարդակը կազմում է 55-60%), ինչը հանգեցնում է աղետների ռիսկի մեծացման:
Պետության կողմից շարունակաբար ջանքեր են գործադրվում ինչպես վերոգրյալ աղետների ռիսկերի նվազեցման, այնպես էլ դրանց արձագանքման ու հետաղետային վերականգնման համակարգերը կատարելագործելու ու հասարակության դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։
ԱՌԿ համակարգային հիմնախնդիրներն են՝
1) Թեպետ ԱՌԿ ոլորտում առկա են նշանակալի ձեռքբերումներ, այդուհանդերձ, հատկապես վերջին զարգացումները՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակն ու 44-օրյա պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ այլ մարտահրավերներ պահանջում են նոր տեսակի մոտեցումների որդեգրում, այդ թվում՝ գիտական աշխարհի ձեռքբերումների, նորարարական տեխնոլոգիաների ակտիվ կիրառում, պետական կառավարման համակարգի մարմինների միջև սերտ համագործակցություն և հանրության շարունակական ուսուցում, իրազեկում, ներգրավում և գիտակցության բարձրացում։ Նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին ուղղված ջանքերը և միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունները հիմնավորում են ԱՌԿ գործընթացներում էական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային աղետների վտանգները կարող են առաջացնել անդրսահմանային արտակարգ իրավիճակներ, թերի համագործակցությունը հանգեցնում է տարածաշրջանային խնդիրների անարդյունավետ լուծմանը, կարողությունների և ռեսուրսների ընդգրկման մեխանիզմների բացակայությանը` խոչընդոտելով անդրսահմանային վտանգների կանխումն ու կանխարգելումը:
2) Զուգահեռաբար, նկատվում է պետության, համայնքի, կազմակերպության բնականոն գործունեության և զարգացման գործընթացներում ԱՌԿ միջոցառումների ներառման օրենսդրական դաշտի և մեխանիզմների բացակայություն, ներառյալ՝ զարգացման արդյունքում աղետների նոր ռիսկի առաջացման հնարավորության բացառման մեխանիզմների մասով։
3) Քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում աղետների ռիսկի գնահատման անբավարար մակարդակը, հողերի դեգրադացիան, հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի խախտումները տարածքների և բնակչության համար ստեղծում են նոր ռիսկեր ու վտանգներ։
4) ԱՌԿ գործընթացներում հասարակության սոցիալապես անապահով, հատուկ կարիքներով և խոցելի խմբերի (կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, քրոնիկ հիվանդներ) ներգրավվածության թերի մակարդակը թույլ չի տալիս ամբողջովին հաշվի առնել հասարակության այդ շերտերի հատուկ կարիքներն ինչպես աղետից առաջ, այնպես էլ աղետից հետո, ինչը պահանջում է վերջիններիս առավել արդյունավետ ներգրավում ԱՌԿ բոլոր գործընթացներում։
5) Մշակութային, կրոնական, պատմական նշանակություն ունեցող կառույցների ու տարածքների աղետներին դիմակայունության ցածր մակարդակը, դրանց պահպանման ու շահագործման ծրագրերում աղետների կանխարգելման միջոցառումների բացակայությունը մեծացնում են այդ արժեքների խոցելիությունը բնական վտանգների նկատմամաբ:
6) Հետաղետային վերականգնման գործողությունների պլանավորման բացակայությունը թույլ չի տալիս երկրում ունենալ վերականգնման միասնական և համակարգված գործընթաց: Անհրաժեշտ է վերակառուցման ամբողջ ընթացքում, ինչպես նաև ազգային և տեղական մակարդակների զարգացման ծրագրերում ԱՌԿ գործընթացների ներառումը։
3. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագիծը ոլորտային միջին մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է՝ համաձայն ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1508-Լ որոշմամբ հաստատված «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգի»։
1) Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները, որտեղ աղետը սահմանվում է իբրև համայնքի կամ հասարակության բնականոն կենսագործունեության խաթարում, որի հետևանքների վերացումը և հետաղետային վերականգնումը գերազանցում են համայնքի կամ հասարակության սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը, իսկ աղետի ռիսկը աղետ առաջացնող վտանգի հավանականության և այդ աղետին ենթակա համակարգի խոցելիության համադրության արդյունքն է:
2) Նախագիծը որդեգրել է բնական, տեխնոլոգիական և կենսաբանական ռիսկերի կառավարման ուղղությամբ առկա խնդիրներին և դրանց խորքային պատճառներին առավել համալիր և աղետների ռիսկի գիտակցումով պայմանավորված դիմակայուն զարգացում ապահովելու մարդակենտրոն մոտեցում:
3) Բարեփոխումների օրակարգն անդրադառնում է ինչպես աղետների ռիսկի նվազեցմանը միտված միջոցառումների՝ ուղղված վտանգի գնահատմանը, կանխմանը, կանխարգելմանը, բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի տարրերի խոցելիության նվազեցմանը և կարողությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքման, այնպես էլ հետաղետային վերականգնման ուղղությամբ նախաձեռնությունների՝ աղետից տուժած բնակչության բնականոն կենսագործունեության պայմանների, տարածքների, օբյեկտների վերականգնմանը, վերակառուցմանն ու բարելավմանն ուղղված գործընթացներ՝ այսպիսով ընդգրկելով ԱՌԿ ողջ շրջանակը:
4) Համաձայն ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձագետների և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ԱՌԿ մասնագետների կողմից իրականացված գնահատումների՝ Նախագծով առաջարկվող միջոցառումներն ունեն հետևյալ բովանդակային բաշխումը՝
5) Վտանգի կանխում և կանխարգելում 50 %
6) Պատրաստվածություն 38 %
7) Արձագանքում և հետաղետային վերականգնում 12%
8) Նախագծի հայեցակարգային շրջանակն արտացոլում է ՀՀ սահմանադրական հիմունքներից բխող քաղաքականությունը, երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարական հանձնառությունները, ՀՀ կառավարության միջնաժամկետ առաջնահերթությունները, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախանշելով համակարգային բարեփոխումների օրակարգը։
Նախագծի շրջանակներում առանձնացվել են 5 գերակայություններ, որոնք հիմնաքարային են լինելու արդյունավետ համակարգի զարգացման համար.
1) ԱՌԿ համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում,
2) ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում,
3) Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ,
4) Անվտանգության մշակույթի ամրապնդում,
5) ԱՌԿ ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և Ներքին գործերի նախարարության կողմից՝ ապահովելով բազմաշահառու մասնակցայնություն։
Նախագծի մշակման աշխատանքներում աջակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը։
Նախագիծը մշակման տարբեր փուլերում քննարկվել է շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զարգացման գործընկերների և այլ գերատեսչությունների հետ։
5. Ակնկալվող արդյունքը․
Նախագծով սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝ մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ։
Միաժամանակ, Նախագծի գործողության ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքնում մինչև 2026 թվականը արձանագրվելու են հետևյալ ցուցանիշները՝
1) Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման հաստատված գործիքակազմի առկայություն
2) ԱՌԿ վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում առնվազն 30% -ով,
3) Սեյսմիկ խոցելիության գնահատում անցած կարևոր նշանակության օբյեկտների խոցելիության նվազեցում առնվազն 20%-ով,
4) Համայնքների առնվազն 30%-ում ԱՌԿ պլանների առկայություն և դրանց կիրառման վերաբերյալ պարբերական մշտադիտարկում,
5) Առնվազն 384 բնակավայրերի ռիսկի գնահատում և դրա հիման վրա համայնքային զարգացման ծրագրերի լրամշակում,
6) Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերում տեղադրված կամ վերազինված հիդրոօդերևութաբանական ավտոմատացված 15 կայանների առկայություն,
7) Եղանակային կանխատեսումների մշտադիտարկման և տեղեկատվության տրամադրման (վաղ ազդարարման) արդյունավետության բարձրացում 60%-ով,
8) Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սելավային ռիսկերի նվազեցում առնվազն 15%-ով,
9) Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 15%-ով, Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերի, Վանաձոր քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում առնվազն 30%-ով և այլն:
6. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը.
Նախագծի ֆինանսական շրջանակը ներկայացված է Հավելված N 2-ում, որի հիման վրա կապահովվի ՀՀ ներքին գործերի նախարարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համապատասխանեցում։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը նախանշում է 2023-2026 թվականների համար ՀՀ-ում ԱՌԿ համակարգի բարելավմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումների շրջանակը, հետևաբար վերջինս ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության առաջնահերթություններով, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով, տեղական ու միջազգային գործընկերների հետ համագործակցության համաձայնագրերով, փոխըմբռնման հուշագրերով, ինչպես նաև հաշվի է առնում ոլորտում ընթացիկ համակարգային բարեփոխումներն ու առկա տեղական և միջազգային փորձն ու գիտելիքը։
Նախագիծը մասնավորապես համահունչ է՝
1) ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ին,
2) ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և Փարիզյան համաձայնագրին,
3) ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրին,
4) ՀՀ 2050 վերափոխման ռազմավարությանը,
5) ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը,
6) ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։
ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»․ Նախագիծն ուղղված է 3-րդ «Ամուր առողջություն և բարեկեցություն», 4-րդ «Որակյալ կրթություն», 5-րդ «Գենդերային հավասարություն», 9-րդ «Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ», 11-րդ «Կայուն քաղաքներ և համայնքներ», 13-րդ «Գործողություն հանուն կլիմայի» և 17-րդ «Գործընկերությունների հանուն նպատակների» կայուն զարգացման նպատակներին հասնելուն։
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան և Փարիզյան համաձայնագիր․ Հիմք ընդունելով Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 8-րդ մասերը՝ 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» N 610-Լ որոշումը։
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Սենդայի ծրագիր)․ Սենդայի ծրագիրը «Ազգերի և համայնքների աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման» Հյոգոյի 2005-2015 թվականների գործողությունների ծրագրի իրավահաջորդ փաստաթուղթն է, որին ՀՀ-ը միացել է 2015 թվականին։
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»․ Նախագիծը բխում է 2-րդ «Պաշտպանված Հայաստան», 4-րդ «Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ», 8-րդ «Մաքուր և կանաչ Հայաստան», 9-րդ «Տարածքային խելամիտ զարգացում» և 13-րդ «Վերականգնվող և հանրամատչելի էներգիա» մեգանպատակներից: Օրինակ 2-րդ մեգանպատակին հասնելու ուղղությամբ որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»՝ ըստ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ» ցուցանիշների։
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն․ Նախագիծը նաև բխում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության «ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովումը» 7-րդ գլխից, մասնավորապես՝ «Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում» բաժնից, որն ուղղված է տեխնածին և տարերային աղետների ռիսկերի նվազեցմանը, արագ և նպատակաուղղված արձագանքմանը, հետևանքների կազմակերպված և արագ վերացմանը, արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և աղետակայուն վերականգնման համակարգերի կատարելագործմանը։
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր․ մասնավորապես ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնի 3.1 «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» կետից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ