Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի թույլտվությամբ՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված իրավահարաբերությունները:
Հաշվառումն անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց կարգաբանական պատկանելիության, վտանգվածության կարգավիճակի, քանակական և որակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային տեղաբաշխվածության մասին տեղեկությունների համակարգ է:
Հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի և հաշվառման տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին)։
Հաշվառումն ապահովում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար: