«Միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի N _____-Ն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______________ _____-ի N______-Ն որոշման
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերը և կարգը սահմանելու հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի 3-րդ կետում չնշված դեպքերում՝ հարկ վճարողներին միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացվում է միայն իրենց անվամբ բացված բանկային հաշիվներին։
3. Միասնական հաշվից գումարների վերադարձը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին իրականացվում է հետևյալ դեպքերում՝
1) բանկային հաշիվներ չունեցող կազմակերպություններին գումարների վերադարձն իրականացվում է․
ա․ կազմակերպությունների վերակազմակերպաման դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության բանկային հաշվին,
բ․ լուծարված կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության մասնակցի բանկային հաշվին՝ մյուս մասնակիցների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի մասնակիցներ),
2) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում՝ ժառանգի անձնագրային տվյալներով բացված բանկային հաշվին,
3) բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս՝ որպես ֆիզիկական անձ, անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին,
4) պետական ոչ առևտրային կազմակերպություններին գումարների վերադարձը կարող է իրականացվել նաև նրանց գանձնապետական հաշիվներին։
4. Միասնական հաշվում առկա գումարները վերադարձվում են սույն կարգին համապատասխան այդ գումարները ստանալու իրավասություն ունեցող անձանց՝ նրանց կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա։
5. Սույն կարգին համապատասխան՝ ֆիզիկական անձի նույնականացումը և վերջինիս բանկային հաշվի իսկությունը ստուգվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապեության կենտրոնական բանկի համատեղ սահմանված կարգով։
6.Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում թղթային տարբերակով, և դիմումին կից ներկայացվում են նաև իրավահաջորդությունը, մասնակից հանդիսանալու փաստը, ժառանգությունը և անձի նույնականացումը հավաստող համապատասխան փաստաթղթերը։
7. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով։
-
Քննարկվել է
15.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3248
Տպել