Հիշել նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ

    1. Ընթացիկ իրավիճակը ևիրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

     

    Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառման պահանջից:

    Նախկինում ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր  միջոցառումներ, որոնք էապես բարելավել են մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում:

    Իրականացված ծրագրերով, այնուամենայնիվ, լիարժեքորեն չեն ապահովվել դրանցով սահմանված նպատակների իրականացումը: Բացի այդ, հաշվի առնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթությունները, ի հայտ է եկել գործողությունների նոր ծրագրի ընդունման անհրաժեշտությունը:

     2.Առաջարկվող կարգավորման բնույթը

    Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի միջոցով՝ բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխություն ապահովելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը և ապահովվելու են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանն ուղղված գործուն մեխանիզմները:

    Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը անհրաժեշտ և չափելի միջոցառումների միջոցով հասցեագրում  և համակարգված ձևով տալիս է թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում:

    Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի հիմքում ընկած են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 650-Լ որոշմամբ սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։

    Համապատասխանաբար, Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 650-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի 42-րդ կետի համաձայն։

    3.Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     «Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, բացի ռազմավարությունից բխող գործողություններով նախատեսված իրավական ակտերի ընդունումից, առկա չէ: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ռազմավարությունից բխող գործողությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները և աղբյուրները նախատեսված են ռազմավարության գործողությունների ծրագրով:

     4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառման պահանջից:

    5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների և հասարարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով: 

     

     

     

     

 

 

  • Քննարկվել է

    12.03.2023 - 28.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Անչափահասների արդարադատություն, Հանրային առողջապահություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9524

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Քայլել ձեռնարկել երեխաների դպրոցական կրթության հասանելիությունը ապահովելու նպատակով։ Հայտնաբերել և նվազեզնել կրթությունից դուրս մնալու ռիսկերը և նախապայմանները։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Ընդլայնել դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվող անձանց ցանկը․ Օրենսդրությամբ նախատեսել պետական տուրքի վճարումից ազատում՝ հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործերով։ Հաշվի առնելով պետական տուրքի վճարման գծով օրենքով նախատեսված արտոնություն չունենալու հանգամանքները՝ նշված խմբի անձինք ունեն դատարան դիմելու մատչելիության իրավունքի ապահովման խնդիր։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Ներդնել աշխատանքից անօրինական ազատման դեպքում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համարժեք մեխանիզմ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է անձին աշխատանքից ապօրինի ազատելու պարագայում վերջինիս հատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափ, ինչը հակասում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության հիմքով։ Բացի այդ, օրենսդրությամբ չեն սահմանվում աշխատանքից անօրինական ազատվելու պարագայում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավական հիմքեր, ինչը բացառում է ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորությունը։ ՀՀ-ի վերաբերյալ իր հետևություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մշտապես արձանագրել է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի անհամապատասխանությունը Խարտիայի 24-րդ հոդվածին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության և ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայության վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Կոմիտեի, փոխհատուցման ցանկացած առավելագույն շեմի սահմանումը, որը կազդի փոխհատուցման համաչափության, ինչպես նաև դրա կանխարգելիչ բնույթի վրա, արգելվում է: Եթե նյութական վնասի հատուցման համար գործում է նման շեմ, ապա խախտման զոհը պետք է հնարավորություն ունենա ստանալու ոչ նյութական վնասի փոխհատուցում այլ իրավական ճանապարհներով (օրինակ՝ խտրականությանն առնչվող օրենսդրությամբ), իսկ դատարանները պետք է որոշումը կայացնեն ողջամիտ ժամկետում: Սակայն ինչպես Աշխատանքային օրենսգրքով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չի նախատեսվում ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունք աշխատանքից անօրինական ազատման դեպքում, և շարունակում է գործել աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի կարգավորումը։

Տեսնել ավելին