Հիշել նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ  գործողությունների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ), որը կներառի առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝  

  1. Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
  2. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
  3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
  4. Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
  5. Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար:

 

  • Քննարկվել է

    12.03.2023 - 28.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Անչափահասների արդարադատություն, Հանրային առողջապահություն, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9522

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Քայլել ձեռնարկել երեխաների դպրոցական կրթության հասանելիությունը ապահովելու նպատակով։ Հայտնաբերել և նվազեզնել կրթությունից դուրս մնալու ռիսկերը և նախապայմանները։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Ընդլայնել դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվող անձանց ցանկը․ Օրենսդրությամբ նախատեսել պետական տուրքի վճարումից ազատում՝ հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործերով։ Հաշվի առնելով պետական տուրքի վճարման գծով օրենքով նախատեսված արտոնություն չունենալու հանգամանքները՝ նշված խմբի անձինք ունեն դատարան դիմելու մատչելիության իրավունքի ապահովման խնդիր։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.03.2023

Ներդնել աշխատանքից անօրինական ազատման դեպքում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համարժեք մեխանիզմ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է անձին աշխատանքից ապօրինի ազատելու պարագայում վերջինիս հատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափ, ինչը հակասում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության հիմքով։ Բացի այդ, օրենսդրությամբ չեն սահմանվում աշխատանքից անօրինական ազատվելու պարագայում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավական հիմքեր, ինչը բացառում է ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորությունը։ ՀՀ-ի վերաբերյալ իր հետևություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մշտապես արձանագրել է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի անհամապատասխանությունը Խարտիայի 24-րդ հոդվածին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության և ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայության վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Կոմիտեի, փոխհատուցման ցանկացած առավելագույն շեմի սահմանումը, որը կազդի փոխհատուցման համաչափության, ինչպես նաև դրա կանխարգելիչ բնույթի վրա, արգելվում է: Եթե նյութական վնասի հատուցման համար գործում է նման շեմ, ապա խախտման զոհը պետք է հնարավորություն ունենա ստանալու ոչ նյութական վնասի փոխհատուցում այլ իրավական ճանապարհներով (օրինակ՝ խտրականությանն առնչվող օրենսդրությամբ), իսկ դատարանները պետք է որոշումը կայացնեն ողջամիտ ժամկետում: Սակայն ինչպես Աշխատանքային օրենսգրքով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չի նախատեսվում ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունք աշխատանքից անօրինական ազատման դեպքում, և շարունակում է գործել աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի կարգավորումը։

Տեսնել ավելին