Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) սահմանում է.

«1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

  1. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:»:

Այսպիսով, Քրեական օրենսգիրքը գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանում է մի շարք նախապայմաններ: Դրանք են՝

  1. անձը հանցանքը կատարել է առաջին անգամ,
  2. արարքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,
  3. անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,
  4. չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,
  5. վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը,
  6. վնաս պատճառած լինելու դեպքում այլ կերպ հարթում է պատճառված վնասը:

Վերոգրյալի հիման վրա կարող ենք փաստել, որ գործուն զղջալու դեպքում կարևորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը և պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը:

Նկատենք, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Նման պայմաններում հարց է առաջանում. իսկ ինչու նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում:

Այս համատեքստում ուշագրավ է ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով (օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի.

«1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է տվյալ անձի համար, ինչպես նաև խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:»:

Ինչպես տեսնում ենք, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս օրենսդիրը հանցագործության ծանրության աստիճանին չի անդրադարձել, ինչի արդյունքում ստացվում է, որ բացառիկ հանգամանքների առկայության պարագայում անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում դատարանը կարող է կիրառել այդ խրախուսական նորմը: Ի տարբերություն դրա, գործուն զղջալու հիմքի կիրառման դեպքում օրենսդիրը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար սահմանել է սահմանափակում՝ անթույլատրելի համարելով գործուն զղջալու քրեաիրավական նորմի կիրառումը:

Հաշվի առնելով այն, որ օրենսդիր մարմինը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար հանցանքի ծանրությամբ պայմանավորված սահմանափակում չի նախատեսում, առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում ևս չնախատեսել նման սահմանափակում:

Վերոգրյալով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) լրացնել 1.1 մասով՝ և դրանով իսկ նախատեսել կարգավորում, որ այն դեպքերում, երբ անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը՚:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից։

 

4.Ակնկալվող արդյունքը.

Օրենսդրական նման փոփոխության դեպքում քրեական հետապնդման մարմինները, մարդասիրության սկզբունքից ելնելով, հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, հնարավորություն կունենան խիստ բացառիկ դեպքերում կիրառել այդ խրախուսական նորմը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ բեռնաթափելով ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը:  

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

  • Քննարկվել է

    27.02.2023 - 14.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5408

Տպել

Առաջարկներ`

Hayk Hwvsepyan

28.02.2023

Չի կարելի։Առաջարկը ընդունելի չէ։Կարող է տեղիք տալ կոռուպցիոն երևույթների, Հանցագործ տարրերի կողմից տուժողների նկատմամբ ներգործության ուժեղացման։ Դրա համար սահմանվել է ներման ինստիտուտ։

Tigran Poghosyan

27.02.2023

Բոլոր դեպքերում կարելի է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 84-րդ հոդվածի կիրառման հարցը, այլ ոչ թե միանգամից քրեական պատասխանատվությունից ազատման:

Tigran Poghosyan

27.02.2023

Մյուս դեպքերում հաշվի առնել տուժողի կարծիքը, հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու, թրաֆիքինգի, շահագործման, առևանգման և այլ նմանատիպ ծանրության գործերով:

Տեսնել ավելին