Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

__________ թվականի N _____-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1441-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`

  1. Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշման հավելված 1-ում 2-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի______-ի թիվ

 ___    որոշման

 

ԲԱԺԻՆ II: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Ռազմավարության և դրա Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման ապահովման նպատակով նախատեսվում է երկու մեխանիզմ՝ Մշտադիտարկման խորհուրդ, որը գործելու է որպես ընդհանուր մշտադիտարկման մեխանիզմ, և Հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ՝ որպես հասարակական վերահսկողության ապահովման մեխանիզմ:

  1. Ընդհանուր ոլորտային մշտադիտարկման և վերահսկողության նպատակով կազմավորվում է 16 անդամից բաղկացած Մշտադիտարկման խորհուրդ (Խորհուրդ):

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու գործառույթներ իրականացնող մշտապես գործող բազմաշահառու խորհրդատվական մարմին է:

Խորհրդի կազմի մեջ մտնում են՝ 

1) Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը,

2) Արդարադատության նախարարը, 

3) Արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, 

4) Գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` Գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ), 

5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Բարձրագույն դատական խորհրդի անդամը (համաձայնությամբ), 

6) Վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ),

7) Դատական դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ), 

8) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ),

9) Քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ),

10) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, 

11) Ազգային Ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` մշտական հանձնաժողովի անդամը (համաձայնությամբ), 

12) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը (համաձայնությամբ),

13) Փաստաբանների պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը (համաձայնությամբ), 

14) Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով ուսանողներ ունեցող երկու իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող մեկական ներկայացուցիչ՝ պրոֆեսորադասախոսական կազմից (համաձայնությամբ),

15) Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը (համաձայնությամբ),

16) Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից 2 ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

Խորհրդի անհատական կազմի ձևավորումն ապահովվում է Արդարադատության նախարարության միջոցով, իսկ անհատական կազմը հաստատվում է Վարչապետի կողմից։ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածությունները ներկայացվում են այն հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Արդարադատության նախարարության կայքում: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելու կարգը դիմում ներկայացնելու վերջնաժամկետից առնվազն 30 օր առաջ հրապարակվում է Արդարադատության նախարարության կայքում:

Խորհրդի անդամները կարող են փոխարինվել` այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով Վարչապետին: Խորհրդի համաձայնությամբ անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի: Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում Խորհրդի որոշումն ուղարկվում է լիազորությունները դադարեցված անդամին ներկայացրած մարմնին (անձին), որը որոշումն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է նոր ներկայացուցչի:

Խորհուրդը համարվում է ձևավորված իր անդամների կեսից ավելին նշանակվելու դեպքում: Խորհուրդն իր գործառույթներն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կատարվող հարցման և պատասխանի, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով: Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների կեսից ավելին ներկա լինելու դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Խորհրդի աշխատակարգով:

Խորհուրդն ընդունում է իր աշխատակարգը՝ կազմավորվելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել Խորհրդի կողմից՝ Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 Խորհուրդը կարող է ձևավորել աշխատանքային խմբեր Խորհրդում ընդգրկված մարմինների (անձանց) կազմից կամ Խորհրդի նախագահի թույլտվությամբ այլ անձանցից, որոնք պատասխանատու կլինեն Ռազմավարությամբ սահմանված առանձին ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համակարգման համար: Խորհրդի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության կարգը հաստատվում է Խորհրդի կողմից:

 Խորհրդի անդամներին վարչական, փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով Արդարադատության նախարարության կազմում ստեղծվում է Խորհրդի քարտուղարություն:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման գործառույթներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ Խորհրդի քարտուղարության միջոցով:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգումը և մշտադիտարկումն ապահովելու նպատակով պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի քարտուղարություն են ներկայացնում Գործողությունների ծրագրով իրենց վերապահված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն՝ Խորհրդի աշխատակարգով  կամ Խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթերով սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան: Խորհրդի քարտուղարությունը նշված ժամկետի ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված տեղեկատվությունը և դրա հիման վրա կազմում համապատասխան կիսամյակի հաշվետվությունը և ներկայացնում Խորհրդին՝ միաժամանակ տեղադրելով  Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Հաշվետվության առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, լրամշկում է հաշվետվությունը և կրկին ներկայացնում է Խորհրդին՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից հաշվետվությունը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ՝ դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ կիսամյակային հաշվետվությունը հրապարակելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է մշտադիտարկման ու գնահատման վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույցը, որը ներկայացնում է Խորհրդին՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Զեկույցը ներառում է նաև Խորհրդի տարեկան գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Զեկույցի առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է Խորհրդին՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից զեկույցը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ՝ դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը կիսամյակային հաշվետվությունը և տարեկան ամփոփ զեկույցը Կառավարություն է ներկայացնում Խորհրդի կողմից հաստատելուց կամ դրանց առնչությամբ Խորհրդի կամ դրա առանձին անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացված լինելու դեպքում դրանք ամփոփելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության զեկույցների քննարկման արդյունքում կարող է.

  • Կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ Ռազմավարությունում և Գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
  • առանձին գործողությունների կատարման համար պատասխանատու մարմիններին ներկայացնել խորհրդատվական կարծիքներ՝ առանձին գործողությունների կատարման ընթացքի, աստիճանի և կատարմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում առաջարկվող փոփոխությունների իրականացման աշխատանքները համակարգվում է Արդարադատության նախարարության կողմից՝ որպես դատաիրավական ոլորտում կառավարության քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին:

 Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի ազդեցության գնահատման նպատակով Խորհուրդը միջնաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 3 տարի) ու երկարաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 5 տարի) փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա գնահատվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու կառուցակարգերի վերանայում:

Խորհուրդն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է նախաձեռնել Ռազմավարության առանձին նպատակների իրագործման համար պատասխանատու մարմինների հաշվետվողականության լրացուցիչ գործընթացներ:

  1. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվում է նաև աշխատանքային խումբ։

Աշխատանքային խմբի հիմնական նպատակներն են.

  • քննարկել և վերլուծել Ռազմավարությանն առնչվող բոլոր ընթացիկ ծրագրերը, գործողությունները և քայլերը, Ռազմավարությունից բխող առանձին նախագծերի կամ միջոցառումների իրականացման ընթացքը,
  • անհրաժեշտության դեպքում ներկայացնել գրավոր առաջարկություններ՝ ուղղված Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովմանը,
  • ամփոփել Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի կատարման արդյունքները և արդյունավետությունը:

Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ։ Աշխատանքային խմբի գործունեության արդյունքներն ամփոփվում են գրավոր հաշվետվության կազմման միջոցով, որը ներկայացվում է Արդարադատության նախարարին՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

  • Քննարկվել է

    02.02.2023 - 17.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2832

Տպել