ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Աշխատանքային օրենսգրքի գործող իրավակարգավորումները ենթադրում են, որ աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտը դատական կարգով վիճարկվելու և այն անվավեր ճանաչվելու արդյունքում որպես հետևանք աշխատողին (այդ թվում նաև՝ հանրային ծառայողին) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար պետական բյուջեից վճարում է կատարվում (աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար), սակայն վերջինս այդ ընթացքում այլ աշխատանք կատարած և դրա համար վարձատրված է լինում: Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ տվյալ գործատուի մոտ աշխատակիցն ազատվել է աշխատանքից, ընդունվել է աշխատանքի այլ գործատուի մոտ, կատարել է այլ աշխատանք, որի արդյունքում, ըստ էության, հարկադիր պարապուրդում չի գտնվել (լինում են նաև դեպքեր, երբ նոր աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է լինում): Մինչդեռ, նման մոտեցումն արդարացված չէ՝ հաշվի առնելով այն, որ հարկադիր պարապուրդը տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների դադարման ուժով աշխատանքային հարաբերությունների դադարման օրվանից մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը զրկված է եղել իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, ոչ իր մեղքով և դրա համար չի վարձատրվում: Իսկ նշված ժամանակահատվածում այլ աշխատանքի անցնելիս աշխատողը փաստացի կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ արդեն այլ գործատուի մոտ, որի համար վարձատրվում է:
Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով լուծում կտրվի այս հարցին, և հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքերի համար կսահմանվի հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նշվածի համատեքստում հարկ է անդրադառնալ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի գործող խմբագրությանը, համաձայն որի՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ2/0208/02/16 քաղաքացիական գործով 11.03.2022թ.-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ « (...) հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ամբողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ աշխատողի մեղքով առաջացել է իրավիճակ, երբ աշխատողի համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը: Եվ անկախ նրանից՝ աշխատողը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ընթացքում այլ գործատուի մոտ ընդունվել է աշխատանքի, թե՝ ոչ, միևնույն է, իր նախկին գործատուի մոտ նա գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ, քանի որ տվյալ հարկադիր պարապուրդն առաջացել է այն գործատուի մեղքով, որի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքի պահանջների խախտմամբ։ Հետևաբար նման դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Հակառակ մեկնաբանության պարագայում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ գործատուն կարող է ազատվել հարկադիր պարապուրդ վճարելու պարտականությունից, եթե աշխատողն այլ գործատուի մոտ անցել է նախկին աշխատանքին հավասար վարձատրվող աշխատանքի և նույնիսկ կարող է պահանջել աշխատավարձերի տարբերության գումարը այն դեպքում, եթե աշխատողն այլ գործատուի մոտ անցել է նախկին աշխատանքից ավելի բարձր վարձատրվող աշխատանքի։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված՝ առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հարկադիր պարապուրդ վճարելու գործատուի պարտականությունը վերաբերում է տվյալ գործատուի և տվյալ աշխատողի միջև ծագած աշխատանքային իրավահարաբերություններին, և հարկադիր պարապուրդի օրենքով որոշված չափը չի կարող նվազեցվել՝ տվյալ աշխատողի և այլ գործատուի միջև ծագած աշխատանքային իրավահարաբերություններով պայմանավորված։»:
Հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը, ակնհայտ է, որ քննարկվող հոդվածի գործող խմբագրության պայմաններում հնարավորություն է ստեղծվել, որպեսզի զարգանա այնպիսի պրակտիկա, որ յուրաքանչյուր անձ, անկախ հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու փաստից, նախկին գործատուից լիարժեք հատուցում ստանա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Սակայն պետք է նշել, որ այն պարագայում, երբ աշխատողը նախկին աշխատանքից ազատվելուց հետո անցնում է այլ աշխատանքի (որը երբեմն կարող է լինել անգամ ավելի բարձր վարձատրվող), չի կարելի հստակ ասել, որ անձը գտնվում է հարկադիր պարապուրդում, քանի որ նա փաստացի կատարում է իր աշխատանքային պարտականությունները այլ գործատուի մոտ և վարձատրվում է դրա համար: Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև այն, որ որոշ դեպքերում անձին աշխատանքից անօրինական ազատելուց հետո վերջինս ստիպված անցնում է ավելի ցածր վարձատրվող աշխատանքի և փաստացի նախկին գործատուի մեղքով ունենում է ավելի ցածր եկամուտ՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան լուծում, որով կկարգավորվեն վերոգրյալ երկու իրավիճակներն էլ: Մասնավորապես, աշխատողը չի ունենա անսահմանափակ հնարավորություններ, անկախ այլ բարձր վարձատրվող աշխատանքի անցած լինելու փաստից, գործատուից ստանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում, միևնույն ժամանակ, հարկադիր պարապուրդի ընթացքում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի անցած լինելու պարագայում աշխատողը հնարավորություն կունենա նախկին գործատուից ստանալու նախկին և ներկա աշխատավարձների միջև եղած դրական տարբերությունը, այսինքն՝ գումարի այն չափը, որը նա չի ստացել նախկին աշխատանքից անօրինական ազատվելու հետևանքով: Արդյունքում՝ սույն նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում երրորդ նախադասության «կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք» բառերը փոխարինել «եթե հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից չի կատարվել այլ աշխատանք» բառերով և Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝
«Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ աշխատանք կատարելու բոլոր դեպքերում հարկադիր պարապուրդի համար վճարումը հաշվարկվում է հիմք ընդունելով աշխատողի՝ նախկինում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:»
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում ունենալ գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված և գործուն կարգավորումներ:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ: Այն բխում է Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 02/10.20/42071-2022 հանձնարարականից: