Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշ-տությունը

Գիտության և տեխնիկայի  զարգացումն ու հանրապետության տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի վրա դրանց ազդեցությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը: Քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով ու արդյունավետ իրականացումով, որոնց լիարժեք կիրառության համար անհրաժեշտ է գործուն իրավական համակարգ:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), որում սահմանված են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Օրենքն ընդունվել է 2000 թվականին, որը ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր), ինչպես նաև Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ Օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում:

Ծրագրի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Օրենքում ՀՀ կառավարության իրավասությանը վերապահել հետևյալ լիազորող նորմերը՝

  • Հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները, ներառյալ կատարողականի ցուցանիշները, ինչը թույլ կտա կարգավորել գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, ինչի պատճառով ներկայումս գործնականում անհնար է ունենալ արդյունքների համադրելիություն: Համապատասխան նորմի առկայությունը հնարավորություն կտա նաև սահմանելու կազմակերպությունների տարատեսակներ ըստ դրանց լուծելիք խնդիրների տարատեսակների, ինչպես նաև ունենալու կատարողականի միասնական ցուցանիշներ:
  • Հաստատում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման հինգամյա ռազմավարական ծրագիրը և դրա իրակնացման միջոցառումների ժամանակացույցը, գործող օրենքում այս լիազորող նորմը բացակայում է, ինչի հետևանքով ոլորտային քաղաքականության նկարգիրն ամբողջական չէ:
  • Հաստատում է հայագիտության, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների զարգացմանն ուղղված ծրագիրը, նախկին ձևակերպումը սահմանում է միայն հայագիտության ոլորտի զարգացման ծրագրի ընդունումը, որին առաջարկվող փոփոխությամբ ավելանում են հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներն ամբողջությամբ, քանի որ հայագիտական ուսումնասիրություններն իրենց առաննձնահատկություններով հանդերձ հիմնականում պատկանում են հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների բնագավառին, իսկ որակական ցուցանիշների վրա իրական ազդեցության համար անհրաժեշտ է իրականացնել ոլորտային միասնական քաղաքականություն:
  • Հաստատում է գիտական կադրերի ատեստավորման կարգը, պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները: Աշխատավարձերի նորմավորումից հետո, համաձայն Ծրագրի, անհրաժեշտ է հաստատել գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման չափանիշները, որոնք համապատասխանելու են աշխատանքի վերջնարդյունքի միջազգային ընդունելի կատարողականին և նպաստելու են գիտության ոլորտի միջազգային մրցունակությանը, ինչը ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրով: Սահմանված չափանիշների համաձայն իրականացվելու են ատեստավորման հետագա գործընթացները:
  • Հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և թեմատիկ (դրամաշնորհային) ֆինանսավորման ձևերով պետական ֆիինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: Վերջիններս գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի պետական ֆինանսավորման գործիքներն են, որոնց՝ կարգավորումներ տալու լիազորությունները բացակայում են գործող Օրենքում, իսկ նշված կարգերն ընդունված են 2001 թվականին և չեն համապատախանում ինչպես ոլորտի կառավարման ներկա մոդելին, այնպես էլ ծրագրերի նկատմամբ սահմանվելիք վերահսկողության մեխանիզմներին: Գործող կարգերը հնարավորություն չեն տալիս նաև ներդնելու գիտական արդյունքի ժամանակակից չափանիշներ, ինչպես նաև չեն ապահովում իրավական հենք` կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների ներդրման համար, փոփոխությամբ նախատեսվում է ունենալ երեք ձևերը նկարագրող երեք առանձին կարգեր, որոնք կնկարագրեն ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացումը, ընտրության (գիտական և գիտատեխնիկական փորձաքննության) մեխանիզմը, քննարկման և հաստատման փուլերը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը, ֆինանսավորման ողջ ընթացքում ուղեկցումն ու մշտադիտարկումը ինչպես նաև վերջնարդյունքների հաշվառումը և դրանց ազդեցությունը նույն ձևով ֆինանսավորման հաջորդ փուլերի վրա:

Միաժամանակ անհրաժեշտ է Օրենքում ներմուծել մի քանի նոր հասկացություններ և մի շարք հասկացություններ հստակեցնել: Մասնավորապես՝

  • Օրենքի 1-ին հոդվածում լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական բնագավառի աշխատող» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները: Ճարտարագիտատեխնիկական աշխատողները փաստացի գիտական աշխատողներին զուգահեռ մասնակցում են գիտական արդյունքի ստացմանը, և մինչ այս կադրերի հաշվառման ժամանակ ներկայացվում էին որպես վարչական հատվածի աշխատակիցներ, ինչը, սակայն, չի համընկնում ոլորտում աշխատողների համար ՏՀԶԿ (OECD) կողմից հաստատված ձևակերպումներին: Գիտամանկավարժական բնագավառի աշխատող հասկացությունն օգտագործվում է մի շարք իրավական ակտերում առանց սահմանման, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է հստակ իրավական ձևակերպման անհրաժեշտության (այդ թվում՝ դատական գործընթացների ժամանակ): Գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգն ըստ էության գոյություն ունի 2013 թվականից: 2021 թվականից սկսած՝ կատարելագործման արդյունքում ոլորտի պետական ֆինանսավորման և հաշվետվությունների ամբողջական գործընթացն իրականացվում է առցանց, ինչի հետևանքով անհրաժեշտ է ունենալ դրա սահմանումը և վարման կարգը (15.1 հոդվածում լրացումով):

Լրամշակման կարիք ունի Օրենքի 8-րդ՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան» հոդվածը.

  • Ակադեմիայի կանոնադրությունը ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը և դրանց կանոնադրությունները հաստատում է կառավարությունը: Վերջինովս ՀՀ կառավարությանը վերապահվում են համապատասխան լիազորություններ, որոնց իրագործումը Ակադեմիայի համակարգը կառավարման տեսակետից բերում է իրավահարաբերությունների հստակ դաշտ:
  • Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից ու կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կետով Ակադեմիայի կազմում սահմանվում է ընդհանուր կառավարման մարմին, որի կազմը ավելի ներկայացուցչական է, ինչի հետևանքով Ակադեմիայի համակարգի կառավարումը չի սահմանափակվում միայն Ակադեմիայի շրջանակներում:
  • Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է Ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական և գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 75 տարին: Այս դրույթը նկարագրում է Ակադեմիայի ղեկավար կազմի կառուցվածքը և կարգավորում է այդ կազմի փոփոխությունների մեխանիզմը:

Օրենքի` Կառավարության լիազորություններին վերաբերող 14-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցված է ճանաչվում, քանի որ նպատակային-ծրագրային ֆինանսավորման ներկայացված և մասնագիտական հանձնաժողովի կողմից երաշխավորված հայտերի ցանկն առանձին Կառավարության հաստատման ներկայացնելը հավելյալ ռեսուրսի չարդարացված ծախս է:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետից «մասնագիտական որակի» բառերի դուրսբերմամբ ատեստավորման նպատակը և դրա արդյունքում տրվող եզրակացության գործառույթը համապատասխանեցվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի ձևակերպումներին, այսինքն՝ ատեստավորման արդյունքում ստուգվում է աշխատակցի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին:

Օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններով կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը` այն դարձնելով ավելի նպատակային և սահմանափակումների կիրառման համար ստեղծելով օրենսդրական հիմքեր. այսպիսով պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել միայն պետական ֆինանսավորման բազային ձևով իրականացվող ծրագրերում հիմնական աշխատող գիտաշխատողներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու/մնալու համար: Իսկ 70 տարին լրացած և գիտական ծրագրերում չընդգրկված գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց նախատեսվում է կենսաթոշակից բացի տրամադրել ամենամսյա հավելավճար` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: Սահմանափակումները նախատեսված են նշված կարգավորման արդյունքում  ծագող իրավահարաբերությունները կանխատեսելի դարձնելու նպատակով, ինչպես նաև ստեղծում են որոշակի սոցիալական երաշխիքներ և հիմքեր` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:

Օրենքի` ոլորտի ֆինանսավորումը սահմանող 23-րդ հոդվածում իրականացվող փոփոխություններից. ֆինանսավորման «պայմանագրային (թեմատիկ)» ձևի անվանումն առաջարկվում է փոխել «թեմատիկ (դրամաշնորհային)» ձևակերպմամբ` այն համապատասխանեցնելով Ծրագրում տեղ գտած ձևակերպմանը, ինչպես նաև համապատասխանեցնելով ֆինանսավորման ձևի էությանը, քանի որ գիտաշխատողների կողմից փաստացի այս ձևով ֆինանսավորում ստանալու համար ներկայացվում է հետազոտական թեմա, որը ֆինանսավորման երաշխավորվելու պարագայում ստանում է դրամաշնորհային ֆինանսավորում:

Նույն հոդվածն առաջարկվում է համալրել նոր` 6-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային ծախսերի շրջանակներում պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումներն իրականացվում են հրատապության սկզբունքով: Կարգավորման կարիքն առաջացել է այն հանգամանքից, որ սկսած 2020 թվականից՝ Կառավարության կողմից ոլորտի ֆինանսավորման որոշակի բաժինը տրամադրվում է ենթակառուցվածքների համալրմանը գիտական ժամանակակից սարքավորումներով, որոնց ձեռքբերման գործընթացը ֆինանսավորման հատկացման սկզբից որոշ դեպքերում տևում է մինչև 2.5 տարի, ինչը չի համընկնում ոլորտի զարգացման նախանշված տեմպերին, այս կարգավորման նպատակն է ստեղծել իրավական հիմք` մեկ անձից կամ հրատապության հիմքով գնման այլ, ավելի արագագործ եղանակներով սարքերի ձեռք բերման համար, քանի որ գիտության ոլորտում ժամանակակից հետազոտությունների տեմպերը էապես արագ են, և մի քանի տարի ձգվելու պարագայում հնարավոր է սարքավորման ակտուալությունն այլևս նույնը չլինի ինչ դրա ձեռքբերման կարիքի առաջացման պահին:

Օրենքի 24-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել նոր` 5-րդ մասով՝

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման թեմատիկ (դրամաշնորհային) ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցույթի պայմաններով: Լրացման նպատակն է ստեղծել արտերկրի լավագույն կենտրոններում վերապատրաստման մեկնած աշխատակիցների աշխատանքի անընդհատությունն ապահովելու իրավական հիմքեր՝ միևնույն ժամանակ, չստեղծելով հավելյալ չարդարացված ծախսեր, քանի որ երկարաժամկետ վերապատրաստման մեկնելիս կացության վայրը հիմնականում հանդիսանում են ամսական վարձով կացարանները, որոնց վարձն էականորեն ցածր է հյուրանոցների գիշերավարձից, նախատեսվում է վերապատրաստման ընթացքում ֆինանսավորումը կազմակերպել միջազգային շարժունության ծրագրերի նմանությամբ` ֆինանսական աջակցությամբ (scholarship):

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Սոցիալական նախարարական կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 6-րդ՝ «2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը հաստատելու մասին» կետի 1-ին՝ «ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ համատեղ քննարկել նմանատիպ որոշում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություն կատարել գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը ՀՀ կառավարության կողմից հաստատվելու նորմ պարունակող համապատասխան օրենքում» ենթակետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 02/11/35663-2022 գրությանը համապատասխան:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով՝

  • օրենքում մի շարք հասկացությունների հստակեցում,
  • ժամանակակից հասկացությունների, ինչպես նաև Օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար ՀՀ կառավարության իրավասությանը վերապահող լիազորող նորմերի ներմուծում,
  • գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման, գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման թեմատիկ (դրամաշնորհային) ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար մրցույթի պայմաններով սահմանվող ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման ավելի ցածր արժեքների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային ծախսերի շրջանակներում պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման նպատակով գնումները հրատապության սկզբունքով իրականացնելու հետ կապված հարաբերությունների կանոնակարգում:

Մասնավորապես, գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը պետք է նպաստի գիտական աշխատանքի հեղինակության բարձրացմանն ու գիտական ներուժի արդյունավետ վերարտադրության գործընթացին, բավարար նյութական պայմաններ ապահովի ինքնուրույն և արդյունավետ ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար: Պետական գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի աշխատավարձը բաղկացած է հիմնական աշխատավարձից, պարգևատրումներից, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներից:

Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է Կառավարությունը:

Պետությունը  բուհում և  գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:

Նախագծով սահմանված ամենամսյա դրամական վճար նշանակելու համար դիմելու,  ամենամսյա դրամական վճար նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ ամենամսյա դրամական վճար նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ամենամսյա դրամական վճար նշանակելու լիազորություն ունեցող ՀՀ  կառավարության լիազորած մարմինը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացին և դինամիկ զարգացմանը:

  1. ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» և «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» կետերով սահմանված նպատակներից:

  • Քննարկվել է

    16.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

27.12.2022 10:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4603

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Խաչատրյան

01.01.2023

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «բ» կետում «հայագիտության» բառից հետո լրացնել «, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների» բառերը. Կարծում եմ առանձին պետք է լինի հավաստիությունը, այլապես նորից է ստորադասվելու հայագիտությունը։ Ակադեմիա ձևակերպումը արդյո՞ք նպաստելու է գիտության դերի բարձրացմանը։ Ատեստացիա պետք է համապատասխանի գրված պահանջներին և արտացոլի իրականությունը։

Ստեփան Պետրոսյան

20.12.2022

Ըստ էության խոսքը գնում է ՀՀ ԳԱԱ վերացման մասին: Միթե դա կօգնի գիտության զարգացմանը, կարծում են ունենալու է հակառակ արդյունքը: Առաջարկում են ՀՀ ԳԱԱ հարցին անդրադառնալ ակադեմիական քաղաքի շինարարության, գործարկումից և կայացումից հետո, երբ ամեն ինչ ավելի պարզ կդառնա:

Տեսնել ավելին