Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում 2015-2022 թթ. տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բաժանման բնագավառներում իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել  խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր  համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում:

2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 8.1-ին կետով նախատեսված է «Միավորված համայնքների լիազորությունների և կարիքների ուսումնասիրման հիման վրա լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի մշակում» միջոցառումը:

   Կարգավորման նպատակը և բնույթը.

Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաբնակավայր համայնքներին նոր լիազորություններ փոխանցելու գործընթացի սկզբունքները, նպատակները, խնդիրները նկարագրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Հայեցակարգը նպատակ ունի նախանշելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորությունների ապակենտրոնացման մասով առաջիկա տարիների ընթացքում ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների և միջոցառումների շրջանակները, ներկայացնելով ապակենտրոնացման ենթակա այն հիմնական լիազորությունների բնագավառները, որոնց ապակենտրոնացմանը միտված կլինեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող փաստաթղթերի մշակման, հաստատման և իրագործման գործընթացները, խթանել տեղական ինքնակառավարման կայուն զարգացումը, վերածել ապակենտրոնացումը շարունակական և արդյունքամետ գործընթացի, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու կարևորությունը հանրային հարցերի շուրջ որոշումների կայացման գործում, ապահովել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և ստեղծել թափանցիկ, հաշվետու տեղական ինքնակառավարման համակարգ՝ հիմնված լավ կառավարման սկզբունքների վրա:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Հայեցակարգից ակնկալվող արդյունքները, որպես ծրագրային գործողություններ, կրում են երկարաժամկետ բնույթ և պետք է իրականացվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում: Մեջբերվածի համատեքստում՝ Հայեցակարգի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

  • Տեղական ինքնակառավարման մարմինների ներուժի և կարողությունների զգալի ավելացում.
  • Համայնքի և դրա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող հանրային բնույթի ծառայությունների շրջանակի էական ավելացում.
  • Հանրային բնույթի ծառայությունների հասանելիության և մատչելիության բարձրացում.
  • Վարչատարածքային բարեփոխումների արդյունավետության բարձրացում.
  • Համաչափ վարչական և ֆինանսական ապակենտրոնացման իրականացում՝ համայնքների ֆինանսական նոր կարողությունների ձևավորում և արդյունքահեն իրավասությունների շրջանակի մեծացում.
  • Համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացում.
  • Տեղական ինքնակառավարման մարմինների բավարար նյութական և ֆինանսական ռեսուրսների առկայություն.
  • Պետության և համայնքների բնակչության լիարժեք վստահության ձևավորում՝ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ.
  • Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքերի ստեղծում.
  • Միջհամայնքային համագործակցության ինստիտուտի կիրարկման ապահովում և այլն:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ցանկում 8.1-ին կետով նախատեսված «Միավորված համայնքների լիազորությունների և կարիքների ուսումնասիրման հիման վրա լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի մշակում» ենթակետի պահանջներից:

 

 

  • Քննարկվել է

    21.11.2022 - 07.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3720

Տպել

Առաջարկներ`

Gregory Khachatryan

24.11.2022

Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի նախագծի (այսուհետ՝ հայեցակարգ) ընդունման կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հաշվի առնել լիազորությունների ապակենտրոնացման օպտիմալության խնդիրը, որը ենթադրում է ապակենտրոնացում այնքան չափով, որքանով կարելի է դա անել հանուն պետության և նրա քաղաքացիների ու համայնքների (բնակավայրերի) բնակիչների բարեկեցության: Ապակենտրոնացման աստիճանը պետք է ունենա որոշակի հստակ սահման, որից այն կողմ այն այլևս արդյունավետ չի լինելու և վնասելու է հանրության շահերին։ Նման տրամաբանությամբ է ձևակերպված տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆերի կորը։ Պետության ապակենտրոնացման քաղաքականությունը խթանում է հանրային կառավարման արդյունավետության աճը, և այդ քաղաքականությունը հաջողությամբ կարող է իրականացվել, եթե ապակենտրոնացման քայլերը հիմնավորված են։ Եթե լիազորությունների ապակենտրոնացման մակարդակը բարձրացվում է չհիմնավորված ձևով, ապա պայմաններ են ստեղծվում կառավարման արդյունավետության կրճատման համար։ Ապակենտրոնացման որևէ X արժեքից հետո կառավարման աճող արդյունավետությունը կանգ է առնելու և սկսելու է նվազել։ Հենց այդ X արժեքի դեպքում է արձանագրվելու կառավարման օպտիմալ՝ Y արդյունավետությունը։ Ըստ էության, եթե «լիազորությունների ապակենտրոնացում» եզրույթը կիրառելի է կենտրոնական իշխանությունից դեպի ՏԻՄ-եր լիազորությունների փոխանցման առումով, ապա համայնքների խոշորացման պարագայում, բնակավայրերի բնակչության տեսանկյունից խոշորացումը «լիազորությունների կենտրոնացում» է բնակավայրերից մեկում, որը համարվում է բազմաբնակավայր համայնքի կենտրոն։ Այս առումով անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել ապակենտրոնացման արդյունավետությունը գնահատելու մեխանիզմ մշակելու գործընթաց, որը թույլ կտա չափելի դարձնել այն և որոշել, թե որքանով է շահում համայնքի կենտրոն չհանդիսացող բնակավայրի բնակչությունը և որքանով են հասանելի դառնում այս կամ այն ծառայությունները տվյալ բնակչությանը։ Ապակենտրոնացման չափը մեծացնելով, ինչպես նաև համայնքները խոշորացնելով ծանրանում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բեռը, ինչպես նաև մեծանում է նրանց հնարավոր սխալ գործողությունների հավանականությունը և ռիսկը։ Այս դեպքում անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել նաև ՏԻՄ-երի գործունեության հսկողության հստակ մեխանիզմը, առանց որի հնարավոր չէ ապահովել ՏԻՄ-երի գործունեության օրինականությունն ու արդյունավետությունը։ Այս առումով առաջարկում եմ հայեցակարգով նախատեսել համայնքներում իրավական և մասնագիտական հսկողության իրականացման առանձին կարգ մշակելու և հաստատելու պահանջը, որի շնորհիվ կհստակեցվեն հսկողության հետ կապված բոլոր մանրամասները (հսկողության իրականացման մեթոդաբանություններ, ուղեցույցներ և այլն):

Տեսնել ավելին