Հիշել նախագիծը

<Շուկայի վերահսկողության մասին> Հայաստանի Հանրապետության oրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Համաձայն «Տեսչական մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետի համաձայն տեսչական մարմնի վերահսկողության ոլորտը օրենքով սահմանված ոլորտն է կամ ոլորտի մասը, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:                             

    «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն Կառավարությանը ենթակա մարմին է հանդիսանում նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին): Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման 4-րդ կետով սահմանված են տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, մասնավորապես՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ճանաչվել է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառություն իրականացնելու ոլորտների նկատմամբ:        

Այսպիսով, հաշվի առնելով տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների առանձնահատկությունները և այդ ոլորտները կարգավորող օրենքների՝ վերահսկողությանն առնչվող նորմերի ներդաշնակության անհրաժեշտությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենք:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում.

Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ: 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունումը թույլ  կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 14.1 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում կառավարության հաստատմանը:»: 

6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ մի շարք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում՝ սահմանելով նախաբանում լիազորող նորմերը:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     

 

  • Քննարկվել է

    17.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3172

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

24.11.2022

Համաձայն նախագծի սահմանված է սպառողների շահերի պաշտպանության սկզբունք` սպառողների առողջության համար արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանություն՝ այդ ընթացքում կանխարգելելով սպառողներին մոլորեցնելը. Գտնում ենք, որ հիշյալ օրենքի գործածության շրջանակներում որպես սպառողների շահերի պաշտպանություն չպետք է դիտարկել անձի առողջություն: Շահերի պաշտպանությունը նաև պետք է ներառի սեփականության, գույքային, ոչ գույքային, անձնական և այլ իրավունքներ, ազատություններ և շահեր:

Տեսնել ավելին