ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
|
Oրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
|
- Սույն օրենքը կարգավորում է ոչ պարենային արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:
- Սույն օրենքի գործողությունը չի տարածվում տարանցիկ փոխադրվող արտադրանքի, սննդամթերքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի և դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:
Հոդված 2.
|
Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը
|
- Շուկայի վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքից և նորմատիվ այլ իրավական ակտերից:
Հոդված 3.
|
Հիմնական հասկացությունները
|
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
- Լիազոր մարմին՝ ոչ պարենային արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի, ինչպես նաև նյութական պահուստի ոլորտներում վերահսկողություն իրականացնող՝ տեսչական մարմին.
- ոչ պարենային արտադրանք (այսուհետ` արտադրանք)` լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա արտադրանք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են պահանջներ.
- վերահսկողություն` լիազոր մարմնի կողմից իրականացվող գործողություն կամ գործողությունների համալիր, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրանքի անվտանգության, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի, ինչպես նաև նյութական պահուսի ոլորտներում ծավալած գործունեության համապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
- անվտանգ արտադրանք՝ լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա արտադրանք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
- վտանգավոր արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտադրանքին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող արտադրանք.
- ստուգում`«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.
- մշտադիտարկում (մոնիթորինգ)` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով` լիազոր մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացվող գործողությունների համալիր, որն ուղղված է վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում.
- արտադրանքի հետ կանչում՝ միջոցառում` ուղղված շրջանառության մեջ դրված վտանգավոր արտադրանքը իրացնողին կամ արտադրողին վերադարձնելուն.
- արտադրանքի պիտանիության ժամկետ`ժամանակահատված, որի ընթացքում արտադրանքը պետք է ամբողջությամբ համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգության պահանջներին, պահպանի իր սպառողական հատկությունները, և որի լրանալուն պես արտադրանքը չի կարող իրացվել.
- նմուշառում՝ ստուգման ընթացքում փորձաքննության նպատակով արտադրանքից նմուշներ վերցնելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով.
- փորձանմուշի գնում՝ լիազոր մարմնի կողմից վերահսկողության ընթացքում արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարվող գնում: Փորձանմուշի գնումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը հնարավոր չէ պարզել այլ տարբերակով.
- կասեցում՝ գործընթաց, որի միջոցով արգելվում է արտադրանքի կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի իրացումը, այդ թվում՝ մինչև խախտման վերացումը
- կարգադրագիր՝ լիազոր մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ.
- լաբորատոր փորձարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և վերահսկողության օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատում՝ մեկ կամ մի քանի բնութագրերի քանակական և (կամ) որակական հատկանիշների որոշմամբ.
- փորձանմուշ՝ լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ վերցվող արտադրանք կամ դրա մի մասը.
- մշտադիտարկման սուբյեկտ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ՝ օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար շուկայի օրենսդրությամբ ամրագրված են պարտադիր կատարման ենթակա նորմեր, և որոնց նկատմամբ շուկայի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է դիտարկում.
Հոդված 4.
|
Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները
|
- Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են`
- սպառողների շահերի պաշտպանության սկզբունք` սպառողների առողջության համար արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանություն՝ այդ ընթացքում կանխարգելելով սպառողներին մոլորեցնելը.
- տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունք` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.
- կանխարգելման սկզբունք` լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների աղբյուրների հայտնաբերում, դրանց հետագա տարածման կանխում ու վերացում
- համարժեքության սկզբունք՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են կատարված խախտմանը համարժեք պատասխանատվության միջոցներ: Համանման հանգամանքներում լիազոր մարմնի կողմից ձեռնարկում են համանման միջոցներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5.
|
Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը
|
- Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
- Վերահսկողության ձևերն են`
- ստուգումը.
- ուսումնասիրությունը.
- մշտադիտարկումը:
- Վերահսկողությունն իրականացվում է`
- ոչ պարենային արտադրանքի ոլորտում՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.
- չափումների միասնականության ապահովման ոլորտում՝ ստուգաչափման ենթակա չափման միջոցների նկատմամբ.
- թանկարժեք մետաղների ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության նկատմամբ.
- նյութական պահուստի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
- արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
Հոդված 6.
|
Վերահսկողության ոլորտի մշտադիտարկումը (մոնիթորինգը)
|
- Հայաստանի Հանրապետության տարածքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտի մշտադիտարկումը (մոնիթորինգը) իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը, դիտարկվող հարցերի շրջանակը և առարկան, մշտադիտարկման ենթակա օբյեկտի անվանումը և (կամ) հասցեն:
- Վերահսկողության ոլորտի մշտադիտարկման նպատակն է`
1) բացահայտել վտանգավոր արտադրանքը և կանխարգելել Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ արտադրանքի հետագա տարածումը.
2) մշտադիտարկման արդյունքներով ստացված տեղեկատվության միջոցով բացահայտել և գնահատել վտանգավոր արտադրանքի տարածմանը նպաստող գործոնները, հանգամանքները և առաջացող հետևանքները.
3) նախապատրաստել առաջարկություններ շուկայում վտանգավոր արտադրաքի պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ.
4) հավաքել վերահսկողության ոլորտի ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
- Հայաստանի Հանրապետության տարածքում վերահսկողության ոլորտի մշտադիտարկումն իրականացվում է՝ միայն այն ոլորտում կամ ոլորտներում, որոնք լիազոր մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված տարեկան գործունեության ծրագրում համարվել են առավել ռիսկային և սահմանվել է տվյալ ոլորտում կամ ոլորտներում մշտադիտարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
- Եթե լիազոր մարմնի վերահսկողության ոլորտի մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները չեն պահպանվել, ապա Լիազոր մարմնի ղեկավարը կարող է դիմել Լիազոր մարմնի կառավարման խորհրդին ստուգումների տարեկան ծրագրում փոփոխություններ անելու կամ վարչապետին՝ հանձնարարական ստանանալու նպատակով:
- Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին տրամադրում է յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված մշտադիտարկումների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում են մշտադիտարկված սուբյեկտի անունը (անվանումը), իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), ինչպես նաև մշտադիտարկման արդյունքները: Հաշվետվության ձևը սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:
- Սույն հոդվածով սահմանված՝ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
- Մշտադիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
Հոդված 7.
|
Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարության լիազորությունները
|
- Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարությունը սահմանում է՝
- Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշների ընտրության և նմուշառում իրականացնելու, ինչպես նաև փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը.
- Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը.
- Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգը:
|
|
Հոդված 8.
|
Արտադրանքի անվտանգությանը և մակնշմանը ներկայացվող պահանջները
|
|
|
|
|
- Արտադրանքը պետք է համապատասխանի արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
- Արգելվում է պիտանիության ժամկետն անցած արտադրանքի շրջանառության մեջ դնելը:
- Արգելվում է արտադրանքի մակնշումը փակցնել արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:
- Արգելվում է այն արտադրանքի իրացումը, որը չի համապատասխանում դրանում առկա մակնշմանը:
- Արգելվում է շրջանառության մեջ դրված արտադրանքի մակնշման վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:
- Արտադրանքի մակնշումը պետք է լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի ատադրանքի և դրա արտադրողի նույնականացումը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9.
|
Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները
|
- Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
- ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և գործին վերաբերող այլ նյութեր.
- կարգադրագրեր տալու տնտեսավարող սուբյեկտներին` հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ, դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ.
- պետական վերահսկողության ընթացքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ.
- պետական վերահսկողության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների.
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կատարելու նմուշների ընտրություն և նմուշառում` փորձաքննություն կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.
- ստուգման շրջանակներում կատարելու փորձանմուշների գնումներ:
- Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են`
- կատարել վերադաս պաշտոնատար անձանց` օրենքով սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.
- սահմանված կարգով և ժամկետներում դիմումները և բողոքները քննության առնել և դրանց ընթացք տալ.
- պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները` պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
- Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին.
- Լիազոր մարմնի պաշտոնատար անձի անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցում է լիազոր մարմինը` օրենքով սահմանված կարգով:
- Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ և պարտականություններ:
Հոդված 10.
|
Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները և պարտականությունները
|
- Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի`
- ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները.
- պահանջելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
- տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` պետական վերահսկողության ցանկացած փուլում պետական վերահսկողությանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների.
- իրականացնելու օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործողություններ:
- Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է`
- չխոչընդոտել պետական վերահսկողության ընթացքին, կատարել պետական վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները.
- պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:
- սահմանված ժամկետում կատարել պետական վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված կարգադրագրերը` այդ մասին գրավոր տեղեկացնելով պետական վերահսկողություն իրականացնող մարմնին.
- ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.
- տնտեսական գործունեությունը իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան.
- կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրի պահանջները.
- իրականացնել օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործողություններ:
- Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա վերջինս անհապաղ պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ և դրանց վերաբերյալ տեղեկացնի լիազոր մարմնին:
- Տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում և իրականացնում է սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հետկանչման գործընթացը և համագործակցում է արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ:
- Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա արտադրանք իրացնողը պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին այդ մասին` նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին:
- Վտանգավոր արտադրանքի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը իրացնողի միջոցների հաշվին:
Հոդված 11.
|
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված նորմերի խախտման դեպքում տրվող կարգադրագրերը
|
- արտադրանքի իրացումը կասեցնելու, շուկայից հետ կանչելու, մասին կարգադրագրեր.
- չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագրեր:
- Կարգադրագրերի ձևերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
- Կարգադրագիրը կարող է տրվել խախտումը հայտնաբերելու պահին, եթե՝ արտադրանքը կամ չափման միջոցը չեն համապատասխանում նորմատիվ իրավական ակտերին
- Տնտեսավարող սուբյեկտը տրված կարգադրագրի կատարման մասին պարտավոր է սահմանված ժամկետի ավարտից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:
- Կարգադրագրի կատարման վերաբերյալ սահմանված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում:
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված նորմերի խախտման դեպքում կարգադրագրեր տալը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ։
Հոդված 12.
|
Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում
|
- Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:
- Լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում և իրականացնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչման գործընթացը և համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ:
- Եթե արտադրանք իրացնողը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր կողմից վաճառած ապրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես իրականացնում է այդ արտադրանքի` շուկայից հետկանչման գործընթացը` կատարելով հետևյալը`
- տվյալ խմբաքանակը ենթարկելով առանձին հաշվառման ու պահման.
- այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ արտադրանքի մատակարարին, ձեռք բերողին:
- Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա արտադրանք իրացնողը պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին` նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին և, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված արտադրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:
- Եթե վտանգավոր արտադրանքը իրացվել է սպառողներին, ապա արտադրանք իրացնողը պարտավոր է հետ վերցնել այն և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:
- Վտանգավոր արտադրանքը տնօրինողը պարտավոր է սկսել հետկանչման գործընթացն ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր արտադրանքի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը տնօրինողի միջոցների հաշվին:
- Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:
- Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր արտադրանք թողարկելու համար:
Հոդված 13.
|
Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում
|
- Լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շուկայում առկա վտանգավոր արտադրանքի հայտնաբերման, ինչպես նաև հետկանչի կարգադրագրերի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից տարածվում է զանգվածային լրատվության և (կամ) լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14.
|
Օրենքի խախտման համար պատասխանատվությունը
|
- Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
Հոդված 15.
|
Եզրափակիչ դրույթներ
|
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: