Հիշել նախագիծը
«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:33:51 | Նախորդ տարվա միջոցառումների կրկնություններ Շատ ծրագրեր նախորդ տարվա կրկնությունն են։ Խոսքը ոչ միայն տարվա ընթացիկ ծրագրերին է վերաբերվում, այլ նրանց, որոնք նախատեսվում էին ավարտել 2022թ․-ին։ Օրինակ՝ նախորդ տարվա ծրագրով նախատեսվում էր «Արդեն իսկ ստեղծված էլեկտրոնային բազայի հիման վրա կստեղծվի կայք, որի միջոցով գովազդային կազմակերպությունները և տնտեսվարողները կտեսնեն յուրաքանչյուր շենքի գովազդային անձնագիրը և հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով ուղարկել հայտեր գովազդի հաստատման, տեղադրման թույլտվություն ստանալու համար: Հնարավորություն կտրվի նաև էլեկտրոնային եղանակով վճարել արտաքին գովազդի համար նախատեսված տեղական տուրքի գումարը»: Նույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023թ․-ին, ընդ որում անհասկանալի է և բացակայում է հիմնավորումը թե ինչու կայքը ստեղծված չէ։ Խնդիրը 2023թ․-ի զարգացման ծրագրում համակարգային բնույթ է կրում և չի սահմանափակվում վերոնշյալ օրինակով։ Առաջարկ. 7. Նախորդ տարիների միջոցառումների կրկնությունների դեպքում ավելացնել հիմնավորումներ համապատասխան ոլորտային նկարագրությունների բաժնում, թե ինչու չի կատարվել միջոցառումը։ | Ժամկետանց | |
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:33:51 | Քաղաքապետարանի գործառույթները կրկնող ձևակերպումներ 2023թ․-ի զարգացման ծրագրով նախատեսված ծրագրերի զգալի մասը ընթացիկ վարչարարություն են ենթադրում և կապ չունեն զարգացման ծրագրերի հետ։ Դրա արտացոլումն է թե տարեցտարի կրկնվող ծրագրերը, թե այդ ծրագրերում բացակայող սահմանված չափելի արդյունքները։ Օրինակ՝ հանրակրթության 8-րդ ծրագրով «Կրթական հաստատությունների ընթացիկ գործունեության մշտադիտարկումը», ըստ որի նախատեսվում է «Վարչության և դպրոցների հաղորդակցության արդյունավետ ձևաչափի մշակում և գործարկում», «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Կրթության տեսչական մարմնի արձանագրած հիմնական խախտումների վաղ հայտաբերման նպատակով պարբերական ուսումնասիրությունների իրականացում», ինչը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հիմնական վարչարարության արտահայտումն է։ Ասվածը առավել հիմնավոր և պատկերավոր է դառնում որպես ծրագրի հիմնական շահառու առաջինը վարչության աշխատակիցներ նշված լինելու փաստով։ Առաջարկ. 8. Վերանայել, խմբագրել և հանել գործառույթները կրկնող ձևակերպումները կամ վերաձևակերպել դրանք՝ ներկայացնելով ակնկալվող արդյունքները չափելի ցուցանիշներով: Նախատեսվող ծրագրերի աղյուսակներ Ոլորտներում նախատեսվող ծրագրերի աղյուսակներում «Ծրագրի անմիջական նպատակ» սյան մեջ նշված նպատակը գերակշիռ դեպքերում աննշան է տարբերվում ծրագրի անվանումից։ Օրինակ՝ • «Արտաքին ձևավորում և գովազդ» բաժնում՝ 1-ին կետը ձևակերպված է հետևյալ կերպ. «Նախատեսվում է ներդրումային ծրագրով իրականացնել գովազդային մակերեսների տրամադրմամբ մասնավոր կազմակերպություններին նոր կանգառասրահների, հեծանվականգառների, և վերգետնյա անցումների մրցույթների հայտարարում»: Մինչդեռ պարզ չէ, թե քանի՞ նման մրցույթ է նախատեսվում: • «Առևտուր և ծառայություններ» ոլորտում 2-րդ ծրագրում նշված է «կտրուկ միջոցառումներ կձեռնարկվեն բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման ուղղությամբ»։ Պարզ չէ, թե ինչ է նշանակում «կտրուկ» և ինչպես է այն չափվելու: Որոշ դեպքերում ներկայացվում է իրավիճակը. Օրինակ՝ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժնի աղյուսակում ներկայացված Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցում միջոցառման «Անմիջական նպատակի» տակ ներկայացված է, թե ինչ աշխատանքներ են կատարվել և ինչ իրավիճակ է: Ընդ որում, տվյալներից որոշները (չօտարված գույքի մասին) ներկայացված են կառուցապատողների կողմից ներկայացված բանավոր տեղեկատվության վրա, ինչով նաև կասկածի տակ է դրվում դրա արժան ահավատությունը և քաղաքապետարանի կողմից պատշաճ վերահսկողությունը: Խնդիրը 2023թ․-ի զարգացման ծրագրում համակարգային բնույթ է կրում և չի սահմանափակվում վերոնշյալ օրինակներով։ Առաջարկ. 9. Հստակեցնել «Ծրագրի անմիջական նպատակները». վերացնել իրավիճակի նկարագրությունը և փոխկապակցել նպատակը գերակայությունների հետ: 10. Սահմանել արդյունքի գնահատման այնպիսի չափելի ցուցանիշներ, որպեսզի թե՛ քաղաքապետարանի, թե հանրության համար հնարավոր լինի վերահսկել և գնահատել ծրագրերի կատարումը, ինչպես նաև քաղաքապետարանի համար ավելի առարկայական դարձնել իր աշխատանքի հաշվետվողականությունը։ | Ժամկետանց | |
3 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:33:51 | Ոլորտային խնդիրներ և առաջարկություններ Առողջապահություն 11. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի առողջապահության բաժնի նախատեսվող ծրագրերում հստակեցնել գերակայություններում նշված մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը միտված ծրագրի կամ ծրագրերի անմիջական նպատակները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես են առողջապահական ծառայություններից օգտվելու պատերազմից հետո բացահայտված՝ խոցելիություն ունեցող խմբերը: Բնապահպանություն 12. Հստակեցնել, թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու Նորքի անտառի պահպանման ու վերականգման ուղղությամբ, նույնիսկ եթե անտառի պահպանության առաջնային պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը չէ: 13. Բնապահպանության կամ Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բաժնում նախատեսել շատրվանների վերանորոգման կամ նորերի կառուցման միջոցառումը, որպես նաև քաղաքի միկրոկլիմայի վրա բարենպաստ ազդող միջոց: | Ժամկետանց | |
4 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:33:51 | Կոմունալ տնտեսություն 14. Կոմունալ տնտեսության բաժնի նկարագրական մասում հիմնավորել, թե արդյո՞ք կոմունալ տնտեսության բաժնում «Երևանի քաղաքային լուսավորություն» վարկային և դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների պլանավորմանը նախորդել է ծախսերի արդյունավետության գնահատում առ այն, թե որքանով է ավելի շահավետ կարճաժամկետ և երկարաժամկետ տեսանկյունից միայն LED տիպի լուսատուների տեղադրումը, ինչպես նաև հիմնավորել այս մոտեցման արդյունավետությունը հռչակված գերակայությունների տեսանկյունից, որտեղ նաև հստակ նշված է էներգախնայող համակարգերի ներդրման և էներգետիկ անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը: 15. Ուսումնասիրել և գնահատել աղբահանման և սանիտարական մաքրման գործառույթի իրականացմանն առնչվող խոչընդոտները, համակարգային լուծման հնարավորությունները և անհրաժեշտ միջոցները: 16. Վերանայել վերելակային տնտեսության հետ կապված մոտեցումները: Մի կողմից զգալի միջոցներ են ծախսվում և արդիականացվում է քաղաքի վերելակային համակարգը, մյուս կողմից՝ վարչական շրջանների թողտվությամբ և համատիրությունների մասնակցությամբ տեղի է ունենում վերելակների ֆիզիկական փչացում՝ դրանցում տարբեր չափերի և բովանդակության գովազդային վահանակներ տեղադրելու միջոցով՝ հատկապես ընտրական ժամանակահատվածում: Հանրակրթություն 17. Վերանայել նախադպրոցական ոլորտի «Նյութատեխնիկական բազայի համալրում նախադպրոցական ուսումնական հաստատություններում» ծրագրի շահառուների ցանկը, որտեղ անհասկանալիորեն ներառված են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցները: Միջազգային համագործակցություն 18. Միջազգային համագործակցության բաժնում թվարկված քույր/գործընկեր քաղաքների հետ կնքված բոլոր հուշագրերի, համաձայնագրերի ու պայմանագրերի ցանկին զուգահեռ ավելացնել համապատասխան վերաբերելի ոլորտները, համագործակցության արդյունքները, փորձը, օգուտը Երևան քաղաքի և քաղաքապետարանի համար: 19. Նախանշել համագործակցության այն ուղղությունները, որոնք կկարևորվեն 2023 թվականի ընթացքում՝ ելնելով հռչակված նպատակներից և գերակայություններից: | Ժամկետանց | |
5 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:33:51 | Մշակույթ 20. Մշակույթ բաժնում «Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները» փոխարինել «Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպություններ» բառակապակցությամբ: Շինարարություն և բարեկարգում 21. Շինարարություն և բարեկարգման բաժնում ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցման միջոցառման մեջ նշել, թե որքանով է դա մատչելի դարձվելու տարեցների, մանկասայլակով տեղաշարժվող մեծահասակների, հաշմանդամություն ունեցող անձանց համար (օրինակ՝ վերելակի կամ էսկալատորի առկայություն) կամ վերանայել առաջարկվող միջոցառումը: 22. Հստակեցնել, թե ինչ հիմքով են հուշարձանների վիճակի նկարագրությունը ներառված «Շինարարություն և բարեկարգում» և ոչ «Մշակույթ» կամ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժիններում: Տրանսպորտ 23. Տրանսպորտի բաժնի նկարագրական մասում ավելացնել առաջարկվող հանրային տրանսպորտի միջոցների արդյունավետությունը դրանց ուղևորափոխադրման ծավալի, երթուղիների և քաղաքի բնակիչների տեղաշարժով պայմանավորված պահանջարկի համեմատությամբ: 24. Ավելացնել, թե ինչպես է տրասպորտային միասնական համակարգի ձևավորման գործընթացը հաշվի առնելու խելացի կառավարման մոտեցումները: 25. Հստակեցնել, «Միասնական տոմսային համակարգի ներդրում» ծրագիրն ինչ հիմնավորմամբ է նախատեսված իրականացնել մասնավոր աղբյուրներից ստացված ֆինանսավորմամբ, եթե հանրային տրանսպորտի համակարգն այսօր Երևանում համայնքային սեփականության է: 26. Չափելի դարձնել երկու ստորգետնյա կայանատեղի ստեղծումով նախատեսվող հետևյալ ամբիցիոզ նպատակը. «Երևանի առկա հասարակական, խոշոր վարչական, բազմագործառույթ օբյեկտներով խիտ կառուցապատված միջավայրում կայանատեղերի կազմակերպման քաղաքաշինական կարևորագույն պրոբլեմի՝ քաղաքային միջավայրում տրանսպորտային երթևեկության կազմակերպման պայմանների բարելավման (փողոցների թողունակության բարձրացման) և ավտոտրանսպորտային միջոցների կայանման ու պահպանման ապահովման խնդիրների լուծում, այդպիսով բարենպաստ կենսամիջավայրի կազմակերպում, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում, հետիոտնային ուղիների ազատագրում և անվտանգ շարժման կազմակերպում, գոտու բարեկարգմամբ սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավում, արտանետումների կանխարգելում, զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում և այլն»: Քաղաքաշինություն և ճարտարապետություն 27. Հստակեցնել, ինչ հիմքով են Քաղաքաշինություն և ճարտարապետություն բաժնում առանձնացված ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակում» և «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ» գործողությունները, եթե պատմամշակութային հիմնավորման նախագծերը ՀՀ օրենսդրության համաձայն համարվում են գլխավոր հատակագծի համար ելակետային նյութ: Նաև պարզաբանել, թե ինչով է հիմնավորվում Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նոր նախագծի անհրաժեշտությունը, եթե գործողը մշակվել է 2010-ական թվականներին: 28. Հստակեցնել, թե ինչ միջոցառում է նախատեսվում՝ ապահովելու հուշարձանների պահպանական գոտիների ձևավորումը, որը դեռևս առկախված է: 29. Հստակեցնել, ինչպես է Երևանի քաղաքապետարանը երաշխավորելու, որպեսզի քաղաքի տարածքում գտնվող՝ վթարային վիճակում գտնվող պատմամշակութային հուշարձանները չվնասվեն կամ չփլուզվեն մինչև համապատասխան որոշումների կայացումը: 30. Ավելացնել միջոցառում, թե ինչպես է ապահովելու տեղափոխման ենթակա և ներկայումս ապամոնտաժված շենքերի քարերի պահպանությունը: 31. Վերանայել «Երևան քաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագիր» և «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև» գործողությունները, որոնք հակասում են գործող գլխավոր հատակագծին։ Ընդ որում, «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև» ծրագիրը հակասում է գործող Շինարարական նորմին, մասնավորապես «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀՇՆ 30-01-2014-ին, որտեղ կետ 285-ով մետրոպոլիտենի կայարանների հեռավորությունը պետք է կազմի 1000-1200 մետր։ Տվյալ դեպքում կայարանների միջև հեռավորությունը 1750 մետր է։ 32. Հստակեցնել, թե ինչ է նախատեսվում անել Կորյունի փողոց – Նորք կիսաքանդ ճոպանուղու հետ, ինչ հիմնավորմամբ է այն մատնված անտերության, և փոխարենը նախատեսվում է կառուցել նոր՝ գլխավոր հատակագծին հակասող մեկ այլ ճոպանուղի: 33. Հաշվի առնելով Երևան քաղաքի առանձին հատվածներում ծայրահեղ խիտ կառուցապատումը և դրանով պայմանավորված տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, աղմուկը և ստրեսը, օրինակ՝ Կենտրոնում և Արաբկիրում, սառեցնել շինթույլտվությունների տրման գործընթացը՝ մինչև գլխավոր հատակագծի (գլխավոր քաղաքային պլանի/ռազմավարության) մշակման աշխատանքների ավարտը, նոր հարացույցի/պարադիգմի որոշումը: Վարչական շրջանների ծրագրեր 34. Ամբողջությամբ վերանայել վարչական շրջանների համար նախատեսված գործողությունները, դրանց տրամաբանությունը և հիմքերը: Պարզվում է, որ միայն Կենտրոն վարչական շրջանում կա ալկոհոլային և թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հարկադիր բուժման վերականգնման անհրաժեշտություն և Ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովման անհրաժեշտություն, իսկ հասարակական զուգարանների վիճակը խնդրահարույց է միայն Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Վարչական նման միջոցառումները կախված չեն տարածքային զարգացման առանձնահատություններից և տրամաբանական է, որ ունենան միասնական լուծում: | Ժամկետանց |