Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

  • Քննարկվել է

    15.11.2022 - 30.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

24.11.2022 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5291

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Մշակույթ 20. Մշակույթ բաժնում «Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները» փոխարինել «Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպություններ» բառակապակցությամբ: Շինարարություն և բարեկարգում 21. Շինարարություն և բարեկարգման բաժնում ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցման միջոցառման մեջ նշել, թե որքանով է դա մատչելի դարձվելու տարեցների, մանկասայլակով տեղաշարժվող մեծահասակների, հաշմանդամություն ունեցող անձանց համար (օրինակ՝ վերելակի կամ էսկալատորի առկայություն) կամ վերանայել առաջարկվող միջոցառումը: 22. Հստակեցնել, թե ինչ հիմքով են հուշարձանների վիճակի նկարագրությունը ներառված «Շինարարություն և բարեկարգում» և ոչ «Մշակույթ» կամ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժիններում: Տրանսպորտ 23. Տրանսպորտի բաժնի նկարագրական մասում ավելացնել առաջարկվող հանրային տրանսպորտի միջոցների արդյունավետությունը դրանց ուղևորափոխադրման ծավալի, երթուղիների և քաղաքի բնակիչների տեղաշարժով պայմանավորված պահանջարկի համեմատությամբ: 24. Ավելացնել, թե ինչպես է տրասպորտային միասնական համակարգի ձևավորման գործընթացը հաշվի առնելու խելացի կառավարման մոտեցումները: 25. Հստակեցնել, «Միասնական տոմսային համակարգի ներդրում» ծրագիրն ինչ հիմնավորմամբ է նախատեսված իրականացնել մասնավոր աղբյուրներից ստացված ֆինանսավորմամբ, եթե հանրային տրանսպորտի համակարգն այսօր Երևանում համայնքային սեփականության է: 26. Չափելի դարձնել երկու ստորգետնյա կայանատեղի ստեղծումով նախատեսվող հետևյալ ամբիցիոզ նպատակը. «Երևանի առկա հասարակական, խոշոր վարչական, բազմագործառույթ օբյեկտներով խիտ կառուցապատված միջավայրում կայանատեղերի կազմակերպման քաղաքաշինական կարևորագույն պրոբլեմի՝ քաղաքային միջավայրում տրանսպորտային երթևեկության կազմակերպման պայմանների բարելավման (փողոցների թողունակության բարձրացման) և ավտոտրանսպորտային միջոցների կայանման ու պահպանման ապահովման խնդիրների լուծում, այդպիսով բարենպաստ կենսամիջավայրի կազմակերպում, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավում, հետիոտնային ուղիների ազատագրում և անվտանգ շարժման կազմակերպում, գոտու բարեկարգմամբ սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավում, արտանետումների կանխարգելում, զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում և այլն»: Քաղաքաշինություն և ճարտարապետություն 27. Հստակեցնել, ինչ հիմքով են Քաղաքաշինություն և ճարտարապետություն բաժնում առանձնացված ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակում» և «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ» գործողությունները, եթե պատմամշակութային հիմնավորման նախագծերը ՀՀ օրենսդրության համաձայն համարվում են գլխավոր հատակագծի համար ելակետային նյութ: Նաև պարզաբանել, թե ինչով է հիմնավորվում Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նոր նախագծի անհրաժեշտությունը, եթե գործողը մշակվել է 2010-ական թվականներին: 28. Հստակեցնել, թե ինչ միջոցառում է նախատեսվում՝ ապահովելու հուշարձանների պահպանական գոտիների ձևավորումը, որը դեռևս առկախված է: 29. Հստակեցնել, ինչպես է Երևանի քաղաքապետարանը երաշխավորելու, որպեսզի քաղաքի տարածքում գտնվող՝ վթարային վիճակում գտնվող պատմամշակութային հուշարձանները չվնասվեն կամ չփլուզվեն մինչև համապատասխան որոշումների կայացումը: 30. Ավելացնել միջոցառում, թե ինչպես է ապահովելու տեղափոխման ենթակա և ներկայումս ապամոնտաժված շենքերի քարերի պահպանությունը: 31. Վերանայել «Երևան քաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագիր» և «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև» գործողությունները, որոնք հակասում են գործող գլխավոր հատակագծին։ Ընդ որում, «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև» ծրագիրը հակասում է գործող Շինարարական նորմին, մասնավորապես «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀՇՆ 30-01-2014-ին, որտեղ կետ 285-ով մետրոպոլիտենի կայարանների հեռավորությունը պետք է կազմի 1000-1200 մետր։ Տվյալ դեպքում կայարանների միջև հեռավորությունը 1750 մետր է։ 32. Հստակեցնել, թե ինչ է նախատեսվում անել Կորյունի փողոց – Նորք կիսաքանդ ճոպանուղու հետ, ինչ հիմնավորմամբ է այն մատնված անտերության, և փոխարենը նախատեսվում է կառուցել նոր՝ գլխավոր հատակագծին հակասող մեկ այլ ճոպանուղի: 33. Հաշվի առնելով Երևան քաղաքի առանձին հատվածներում ծայրահեղ խիտ կառուցապատումը և դրանով պայմանավորված տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, աղմուկը և ստրեսը, օրինակ՝ Կենտրոնում և Արաբկիրում, սառեցնել շինթույլտվությունների տրման գործընթացը՝ մինչև գլխավոր հատակագծի (գլխավոր քաղաքային պլանի/ռազմավարության) մշակման աշխատանքների ավարտը, նոր հարացույցի/պարադիգմի որոշումը: Վարչական շրջանների ծրագրեր 34. Ամբողջությամբ վերանայել վարչական շրջանների համար նախատեսված գործողությունները, դրանց տրամաբանությունը և հիմքերը: Պարզվում է, որ միայն Կենտրոն վարչական շրջանում կա ալկոհոլային և թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հարկադիր բուժման վերականգնման անհրաժեշտություն և Ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովման անհրաժեշտություն, իսկ հասարակական զուգարանների վիճակը խնդրահարույց է միայն Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Վարչական նման միջոցառումները կախված չեն տարածքային զարգացման առանձնահատություններից և տրամաբանական է, որ ունենան միասնական լուծում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Կոմունալ տնտեսություն 14. Կոմունալ տնտեսության բաժնի նկարագրական մասում հիմնավորել, թե արդյո՞ք կոմունալ տնտեսության բաժնում «Երևանի քաղաքային լուսավորություն» վարկային և դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների պլանավորմանը նախորդել է ծախսերի արդյունավետության գնահատում առ այն, թե որքանով է ավելի շահավետ կարճաժամկետ և երկարաժամկետ տեսանկյունից միայն LED տիպի լուսատուների տեղադրումը, ինչպես նաև հիմնավորել այս մոտեցման արդյունավետությունը հռչակված գերակայությունների տեսանկյունից, որտեղ նաև հստակ նշված է էներգախնայող համակարգերի ներդրման և էներգետիկ անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը: 15. Ուսումնասիրել և գնահատել աղբահանման և սանիտարական մաքրման գործառույթի իրականացմանն առնչվող խոչընդոտները, համակարգային լուծման հնարավորությունները և անհրաժեշտ միջոցները: 16. Վերանայել վերելակային տնտեսության հետ կապված մոտեցումները: Մի կողմից զգալի միջոցներ են ծախսվում և արդիականացվում է քաղաքի վերելակային համակարգը, մյուս կողմից՝ վարչական շրջանների թողտվությամբ և համատիրությունների մասնակցությամբ տեղի է ունենում վերելակների ֆիզիկական փչացում՝ դրանցում տարբեր չափերի և բովանդակության գովազդային վահանակներ տեղադրելու միջոցով՝ հատկապես ընտրական ժամանակահատվածում: Հանրակրթություն 17. Վերանայել նախադպրոցական ոլորտի «Նյութատեխնիկական բազայի համալրում նախադպրոցական ուսումնական հաստատություններում» ծրագրի շահառուների ցանկը, որտեղ անհասկանալիորեն ներառված են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցները: Միջազգային համագործակցություն 18. Միջազգային համագործակցության բաժնում թվարկված քույր/գործընկեր քաղաքների հետ կնքված բոլոր հուշագրերի, համաձայնագրերի ու պայմանագրերի ցանկին զուգահեռ ավելացնել համապատասխան վերաբերելի ոլորտները, համագործակցության արդյունքները, փորձը, օգուտը Երևան քաղաքի և քաղաքապետարանի համար: 19. Նախանշել համագործակցության այն ուղղությունները, որոնք կկարևորվեն 2023 թվականի ընթացքում՝ ելնելով հռչակված նպատակներից և գերակայություններից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Ոլորտային խնդիրներ և առաջարկություններ Առողջապահություն 11. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի առողջապահության բաժնի նախատեսվող ծրագրերում հստակեցնել գերակայություններում նշված մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը միտված ծրագրի կամ ծրագրերի անմիջական նպատակները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես են առողջապահական ծառայություններից օգտվելու պատերազմից հետո բացահայտված՝ խոցելիություն ունեցող խմբերը: Բնապահպանություն 12. Հստակեցնել, թե ինչ գործողություններ են ձեռնարկվելու Նորքի անտառի պահպանման ու վերականգման ուղղությամբ, նույնիսկ եթե անտառի պահպանության առաջնային պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը չէ: 13. Բնապահպանության կամ Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բաժնում նախատեսել շատրվանների վերանորոգման կամ նորերի կառուցման միջոցառումը, որպես նաև քաղաքի միկրոկլիմայի վրա բարենպաստ ազդող միջոց:

Տեսնել ավելին