ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի մշակումը բխում է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման ժամկետի և ուսուցիչների վերապատրաստման գործընթացում ներգրավված կազմակերպությունների գործունեության շարունակականությունն ապահովելու կամ վերապատրաստումների արդյունավետության վերաբերյալ կատարված մշտադիտարկումների արդյունքում ցանկից հանելու հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Գործող կարգով ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները ցանկում ընդգրկվում են 3 տարի ժամկետով և կարող են ցանկից հանվել միայն իրենց ներկայացրած հաշվետվության արդյունքում, այնինչ, գործընթացի իրականացման ժամանակ արձանագրված խնդիրները հիմք են հանդիսանում նոր կարգավորումներ անելու նախարարի հրամանում, որով ԿԶՆԱԿ-ի իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմակերպությունը ցանկից կարող է սահմանված 3 տարի ժամկետից ավելի վաղ դուրս գալ:
Արդյունքում ակնկալվում է կազմակերպությունների կողմից իրականացվող վերապատրաստումների որակի բարձրացում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
- «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է: