Ռազմավարությունը մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի №54 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հիմնական դրույթների վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ: Երիտասարդական պետական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական, մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է։ Այն ուղղված է երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին նպաստելուն, նրանց ներուժը զարգացնելուն և երիտասարդներին հասարակության մեջ լիարժեք հաստատվելուն օգնելուն: