ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 Թ.
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել են հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները։ Նշված որոշմամբ հարկադիր կատարման ծառայության թե՛ առաջատար, թե՛ գլխավոր խմբի պաշտոնները զբաղեցնելու համար սահմանվել են մասնագիտական միևնույն պահանջները՝ նախատեսելով մասնագիտությունների հստակ շրջանակ, որոնցով կամ որոնցով համապատասխանեցված մասնագիտություններով բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան ունենալու կամ համապատասխան աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած լինելու դեպքում միայն անձը կարող է զբաղեցնել հարկադիր կատարման ծառայության պաշտոն։
Չնայած այն հանգամանքին, որ Որոշմամբ հարկադիր կատարման պաշտոն զբաղեցնելու համար առաջադրվող մասնագիտական պահանջների խիստ սահմանափակ շրջանակ սահմանելու նպատակն ի սկզբանե եղել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) մասնագիտական և կրթական առավել բարձր պատրաստվածություն և հարկադիր կատարողի գործառույթներին առնչվող անհրաժեշտ և բավարար գիտելիքներ ունեցող կադրերով համալրելը, իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները զբաղեցնելու համար նման սահմանափակումը էական խոչընդոտ է Ծառայությունում առկա թափուր պաշտոնները համալրելու հարցում։
2021 թվականի հունվարից մինչ օրս Ծառայության կողմից հայտարարվել են մի քանի տասնյակ ներքին և արտաքին մրցույթներ՝ հարկադիր կատարման ծառայության շուրջ 340 թափուր պաշտոնների համալրման նպատակով, սակայն նշված մրցույթներից 92 թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները չեն կայացել՝ մրցույթին մասնակցելու համար որևէ անձի կողմից դիմում չներկայացվելու հիքմով։ Ընդ որում, նշված ցուցանիշները ներառում են նաև միևնույն թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված երկու և ավելի մրցույթներ, որոնցից որևէ մեկը չի կայացել՝ դրանց մասնակցելու համար որևէ անձի կողմից դիմում չներկայացվելու հիմքով։
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասը սահմանում է երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չներկայացվելու, ներկայացված բոլոր դիմումներում նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում համապատասխան մարմնի՝ նույն օրենքով սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները փոփոխելու պարտականությունը։
Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնների համալրման համար հայտարարվող մրցույթի առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով և Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշմամբ, որոնցով, սակայն, սահմանված չէ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վերոնշյալ կարգավորման համանման կարգավորում։ Այսինքն՝ նշված իրավական ակտերը չեն սահմանում հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթները չկայանալու որևէ այլ հետևանք, քան նույն թափուր պաշտոնի համար կրկին մրցույթ հայտարարելն է։ Օրենսդրի նման մոտեցումը հիմնավորված և արդարացված է, քանի որ ի տարբերություն քաղաքացիական ծառայության պաշտոնների, որոնց առաջադրվող պահանջները, որպես կանոն, սահմանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով, հարկադիր կատարողի պաշտոնին առաջադրվող մասնագիտական պահանջները սահմանված են Որոշմամբ, իսկ հարկադիր կատարման ծառայության առաջատար և գլխավոր խմբի պաշտոնների նշանակելու պայմանները և աշխատանքային ստաժի չափանիշները՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով։ Ավելին, հարկադիր կատարման ծառայության պաշտոնների գործառույթները, հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները ևս հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագիրը հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից փոփոխվել կամ նեղացվել չեն կարող, քանի որ դրանք ևս սահմանված են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներով։
Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը դրան մասնակցելու որևէ դիմում չներկայացվելու հիմքով չկայացած համարվելու դեպքում Ծառայությունը չունի այլընտրանք, քան միևնույն պաշտոնի համար միևնույն պայմաններով կրկին մրցույթ հայտարարելն է, և այս շղթան շարունակական է։ Այնուամենայնիվ, 2021 թվականի հունվար ամսից մինչ 2022 թվականի օգոստոս ամիսը ձևավորված պրակտիկան ակնհայտորեն ցույց է տվել, որ միևնույն թափուր պաշտոնի համար նույն պայմաններով կրկնակի մրցույթ հայտարարելը չի բարձրացնում այդ թափուր պաշտոնը համալրելու հավանականությունը։ Արդյունքում, թափուր պաշտոնների քանակի աճի պայմաններում մեծանում է հարկադիր կատարողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչն իր հերթին հանգեցնում է վերջինիս գործունեության առավել ցածր արդյունավետության, և, ընդհանուր առմամբ, բացասաբար է ազդում հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետության վրա։
Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է Ծառայությունում հարկադիր կատարման պաշտոնները հայտարարված մրցույթների արդյունքում չհամալրվելու՝ վերը նկարագրված խնդրի համակարգային լուծման անհրաժեշտություն։ Որպես քննարկվող խնդրի լուծման տարբերակ Նախագծով առաջարկվում է ընդլայնել հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները զբաղեցնելու համար թույլատրելի մասնագիտությունների շրջանակը՝ այդպիսով բարձրագույն կրթություն ունեցող անձանց առավել լայն շրջանակի հնարավորություն տալով մասնակցել հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթներին։
Նախագծով առաջարկվող լուծման տարբերակի ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով հայտարարվող մրցույթներին դիմող և դիմելու ցանկություն ունեցող անձանց շրջանում զգալի թիվ են կազմում Ծառայության տարածքային մարմիններում ներկայումս հարկադիր կատարման ծառայության պաշտոններից զատ այլ պաշտոն զբաղեցնող անձինք, օրինակ՝ օպերատորները, ովքեր, կատարելով հարկադիր կատարողի գործունեությանն օժանդակող գործառույթներ, զգալիորեն ծանոթ են հարկադիր կատարողի աշխատանքին, գործառույթներին, հարկադիր կատարողի գործունեությունը կարգավորող իրավական ակտերին։
Չնայած այն հանգամանքին, որ Ծառայությունում ներկայումս օպերատորի պաշտոն զբաղեցնող անձանց ճնշող մեծամասնությունը բարձրագույն կրթություն ունեն, և օպերատորի պաշտոն զբաղեցնող 169 աշխատակիցներից 101-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունեն երկու և ավելի տարվա աշխատանքային ստաժ, ինչը տևական և բավարար ժամանակահատված է՝ բարձրագույն կրթություն ունեցող անձի համար հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն գիտելիքներին ու հմտություններին տիրապետելու համար, նշված 169 աշխատակիցներից միայն 54 աշխատակից է բավարարում հարկադիր կատարման ծառայողներին առաջադրվող մասնագիտական պահանջներին։ Նշվածի արդյունքում ակնհայտ է, որ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար սահմանված մասնագիտական սահմանափակ շրջանակն արգելակում է նաև Ծառայությունում պաշտոն զբաղեցնող այս խումբ անձանց առաջխաղացումը՝ այն պայմաններում, երբ վերջիններս, իրենց ունեցած փորձառությամբ և գիտելիքներով, հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորության դեպքում ողջամտորեն կարող են հաղթահարել մրցույթը՝ այդպիսով նպաստելով հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնների համալրման խնդրի լուծմանը և հարկադիր կատարման արդյունավետության բարձրացմանը։
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առկա է հարկադիր կատարման ծառայողներին առաջադրվող մասնագիտական պահանջների շրջանակի վերանայման և հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար առաջադրվող մասնագիտական պահանջների շրջանակի լայնացման անհրաժեշտություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է որպես հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար առաջադրվող պահանջ սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան ունենալը կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, իսկ գլխավոր խմբի պաշտոնների համար՝ Նախագծում նշված մասնագիտություններով կրթական համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը։
3․ Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի լայնացման միջոցով հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող, սակայն ներկայումս սահմանված մասնագիտական պահանջներին չբավարարող կադրերի ներգրավման միջոցով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրային համալրվածության խնդրի լուծումը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկադիր կատարման ծառայության պաշտոնների գրավչությունը, ապահովել Ծառայության կադրային համալրվածությունը, Ծառայությունում հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող, սակայն գլխավոր խմբի պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջները չբավարարող անձանց համար ծառայողական (աշխատանքային) առաջխաղացման նոր հնարավորությունների սահմանման միջոցով կադրային արտահոսքը կանխելը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև Ծառայությունում առկա թափուր պաշտոնների համալրման և հարկադիր կատարողների աշխատանքային ծանրաբեռնվածության նվազեցման միջոցով բարձրացնել հարկադիր կատարողի աշխատանքի արդյունավետությունը՝ արդյունքով ապահովելով նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման առավել բարձր արդյունավետություն։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից:
-
Քննարկվել է
29.08.2022 - 13.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2953
Տպել