Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Վերջին շրջանում ՀՀ-ում և հատկապես Երևան քաղաքում մեծ տարածում են գտել չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ Ինքնագնաց) օգտագործումը։

Ժամանակակից աշխարհում Ինքնագնացները հետիոտների տեղաշարժման արագության համեմատությամբ արդյունավետ միջոց են հանդիսանում մարդու արագ տեղաշարժն ապահովելու համար, սակայն դրանց օգտագործման դյուրինության և հանրային հասանելիության պատճառով սարքավորումներն օգտագործում են տարիքային տարբեր խմբերի անձանց, այդ թվում՝ անչափահասների կողմից։

Ինքնագնացների շահագործումն իրականացվում է թե՛ մայթերին, և թե՛ երթևեկելի մասի վրա և որ առավել կարևոր է օգտագործումը կանոնակարգված չէ իրավական ակտերով, հետևաբար մեծանում է հաճախ դրանց հանրության համար վտանգավոր եղանակով շահագործելու ռիսկը։

Ներկայումս առանձնացված վիճակագրություն առկա չէ նշված Ինքնագնացների օգտագործման հետևանքով պատահարների մասին, քանի որ այդ սարքավորումների իրավակարգավորումների բացակայության պատճառով պատահարների մի մասը մնում են լատենտային, իսկ մի մասն էլ հաշվառվում է որպես այլ պատահար (մոպեդ, հեծանիվ և այլ նմանատիպ տրանսպորտային միջոցներով կատարված)։

Ողջ վերագրյալի հաշվառմամբ, հաշվի առնելով նաև նմանատիպ սարքավորումների երթևեկության կարգավորման միջազգային փորձը, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթևեկության կանոները, ինչպես նաև դրանք խախտելու համար իրավական հետևանքը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսել նման սարքավորումների հստակ սահմանումը և դրանց երթևեկության կանոները։

Մասնավորապես, նախատեսվում է Ինքնագնացներն անվանել «Անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոց», սահմանել դրանցից օգտվողների տարիքային շեմը, օգտագործելիս թույլատրելի առավելագույն արագությունը, օգտագործման թույլատրելի վայրերը և պայմանները։

Խնդրի միջազգային կարգավորումների շրջանակներում ուսումնասիրվել է Ֆրանսիայի, ՌԴ-ի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի իրավակարգավորումները։

Ընդունված միջազգային կարգավորումներով՝ Ինքնագնացներով երթևեկությունը տարբեր երկրներում թույլատրվում է հիմնականում մայթերով և հեծանվային արահետներով և մինչև 25կմ/ժ արագությամբ, իսկ դրանց օգտագործման տարիքային շեմը տատանվում է 12-16 տարեկանների միջև։

Նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ մոտարկված են ՌԴ կարգավորումների նախագծով առաջարկվող և Ֆրանսիայի գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Հաշվի առնելով, որ ինքնագնացներն իրենց կառավարման բույթով (հավասարակշռության համատեքստում) և երթևեկության արագության չափով առավել մոտ են հեծանիվներին, նախագծով առաջարկվում է նախ դրանց երթևեկությունը թույլատրել հեծանիվների երթևեկության համար նախատեսվող վայրերում, և միայն դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհրանինության դեպքում՝ այլ վայրերով։

Ընդորում, միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում նախագծով առաջարկվում է հեծանիվների երթևեկության համար նախատեսվող վայրերի բացակայության դեպքում նախ թույլատրել դրանց երթևեկությունը հետիոտների երթևեկության համար նախատեսված վայրերում և միայն դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու ահնհանրինության դեպքում՝ երթևեկելի մասի եզրով։

Միաժամանակ, հետիոտների տեղաշարժի անվտանգության կարևորության համատեքստում նախագծով նախատեսվել են մի  շարք դրույթներ, որոնք երաշխավորում են հետիոտների անվտանգությունն ինքնագնացների հետ համատեղ երթևեկության ժամանակ։

Բացի այդ, նախագծով նախատեսվող կարգավորումներով երաշխավորվել է նաև ինքնագնացներ շահագործողների անվտանգությունը, հատկապես դրանց երթևեկելի մասերով վարելու դեպքում՝ նախատեսելով այն պայմանները, որոնց պետք է բավարարի ինքագնացը (օրինակ՝ էլեկտրական շարժի, արգելակի, ձայնային ազդանշանի առկայությունը և այլն) և այն իրավիճակները որոնց դեպքում չի թույլատրվում ինագնացը վարել երթևեկելի մասով (օրինակ՝ բնակավայրից դուրս կամ 2 և ավելի շարքերով դրանց շահագործումը և այլն)։

Հաշվի առնելով, որ ինքնագնացների երթևեկության նախագծով առաջարկվող կարգավորումները դրանց առավել շատ մոտեցնում են հետիոտների և հեծանվորդների երթևեկության պայմաններին, իսկ օրինակ հետիոտները ևս երթևեկության որոշակի պայմանների դեպքում կարող են երթևեկել երթևեկելի մասի եզրով, կողնակներով և դրա համար վերջիններիս սաղավարտ կրելու պահանջ չի նախատեսվում, ինքնագնացների՝ երթևեկելի մասի եզրով, կողնակներով երթևեկության ժամանակ ևս չի նախատեսվել սաղավարտի կրման պարտադիր պահանջ։

Նախագծով  մասնավորապես առաջարկվում  է՝

  1. ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել ելնելով բացառման կանոնից, այն է՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ)  «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով,  

  1. արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,
  2. ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով,
  3. արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցողինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից,
  4. արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ,
  5. սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոները խախտելու համար,
  6. վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

 

Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երթևեկության անվտանգության մակարդակը՝ լրացնելով խնդրի վերաբերյալ առկա օրենսդրական բացը։

  • Քննարկվել է

    12.08.2022 - 27.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5531

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

16.08.2022

Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի «և հաշմանդամային սայլակների» բառերը փոխել «, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և հատուկ սկուտերների» բառերով։ Առաջարկի հիմքում այն փաստն է, որ հաշմանդամություն ունեցող որոշ անձինք, իրենց առողջական վիճակով պայմանավորված, երբեմն նախընտրում են տեղաշարժվել սկուտերների միջոցով, այդ թվում՝ Հայաստանում։

Lilit Melkonyan

13.08.2022

Եթե մայթերով թույլ եք տալիս երթևեկել ապա գոնե արագություն սահմանեք , երեկ երկու հոգի մեզ վրաերթ էին անում Կոմիտասի մայթերից մեկի վրա Կամ առհասարակ արգելեք փողոցներում և մայթերով վարելը, միայն այգիներում

Lilit Melkonyan

13.08.2022

Այսինքն այս ինչ առաջարկ է և ինչպես այս որոշման ընդունումը կարող պաշտպանել քաղաքացիներին վայրենաբար էլեկտրական սամակատներ և այլ բաներ քշող անպատասխանատու քաղաքացիներից??? Հենց երեկ Կոմիտասի վրա գտնվող Արևելյան խոհանոցի մայթի վրա երկու այդպիսի անպատասխանատու անձ քիչ էր մնում ինձ ու երեխայիս վրաերթի ենթարկեին քանի որ վարում էին շատ արագ ու դեռ զանգն էլ զնգզնգացնում էին: Էդ որ նշել եք որ կարող են վարել և փողոցում և մայթերին ԵԹԵ չկան հեծանվային ուղիներ, իբր թե չգիտեք որ Երևանում հեծանվային ուղիներ գոյություն չունեն, այսինքն օրինական թույլտվություն եք տալիս որ վարեն որտեղ ուզեն և ոնց ուզեն: Առաջարկ - փողոցներում առհասարակ արգելել վարել էդ սամակատները, մեր երթևեկության ու մեքենաների քանակի պայմաններում միայն դրանք էին պակաս: Թույլատրել միայն հեծանվային ուղիների վրա ԱՌԱՆՑ բացառության , այգիներում ու զվարճանքի վայրերում:

Տեսնել ավելին