Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությամբ.

«անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափողեր) ունեցող, տրանսպորտային միջոց չհանդիսացող սարք, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի (որի առավելագույն հզորությունը երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում չպետք է գերազանցի 0.25 կՎտ) և (կամ) մարդու մկանային էներգիայի ներազդման միջոցով մարդու տեղաշարժման համար (անվաչմուշկներ, սկուտերներ, էլեկտրական սկուտերներ, սքեյթբորդներ, էլեկտրական սքեյթբորդներ, ինքնակառավարվող սկուտերներ, հիրոսքութերներ, սեգվեյներ, միանիվներ և այլն, բացառությամբ հեծանիվների և հաշմանդամային uայլակների).»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.4-րդ հոդվածով.

«Հոդված 24.4. Անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության լրացուցիչ պահանջները

 

  1. 14 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց կողմից անհատական ​​շարժունակության (տեղաշարժման)միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցից օգտվողն ուղեկցում է մինչև 14 տարեկան երեխայի.

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է էլեկտրական շարժիչով (շարժիչներով), արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտեր), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

  1. Երթևեկելի մասում անհատական ​​շարժունակության (տեղաշարժման)միջոցների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
  2. 7-ից մինչև 14 տարեկան անձանց կողմից անհատական ​​շարժունակության (տեղաշարժման)միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով:
  3. Մինչև 7 տարեկան անձանց կողմից անհատական ​​շարժունակության (տեղաշարժման)միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն մայթերով և հետիոտնային արահետներով:
  4. Անհատական շարժունակության (տեղաշարժման)միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ-ը։
  5. Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման)միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։
  6. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման)միջոցներօգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժին, ապա անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։
  7. Արգելվում է՝

ա) անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղևոր և (կամ)  բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի),

բ) մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող անհատական ​​ շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով,

գ) էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից,

դ) ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը օգտագործել առանց ղեկը բռնելու,

ե) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով (բացառությամբ անմիջականորեն մարմնին կրվող միջոցներով հետիոտնի արագությունը չգերազանցող արագությամբ հատելու դեպքերի),

զ) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին նախանադասությունում «123-131» թվերը փոխարինել «123131.1» թվերով։

 

Հոդված 2.  Օրենսգրքի 10-րդ գլուխը լրացնել նոր 131.1ին հոդվածով հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 131.1. Անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները խախտելը

  1. Անհատական ​​շարժունակության (տեղաշարժման)միջոցների երթևեկության  կանոնները (օգտագործման լրացուցիչ պահանջները) խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»։

 

Հոդված 2.  Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 287-րդ հոդվածի 2-րդ, 302-րդ հոդվածի 1ին, 305-րդ հոդվածի 2-րդ և 307-րդ հոդվածի 3-րդ մասերում «131» թվից հետո համապատասխան գրելաձևով լրացնել «131.1» թիվը։

 

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ.Խաչատուրյան

 

  • Քննարկվել է

    12.08.2022 - 27.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5502

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

16.08.2022

Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի «և հաշմանդամային սայլակների» բառերը փոխել «, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և հատուկ սկուտերների» բառերով։ Առաջարկի հիմքում այն փաստն է, որ հաշմանդամություն ունեցող որոշ անձինք, իրենց առողջական վիճակով պայմանավորված, երբեմն նախընտրում են տեղաշարժվել սկուտերների միջոցով, այդ թվում՝ Հայաստանում։

Lilit Melkonyan

13.08.2022

Եթե մայթերով թույլ եք տալիս երթևեկել ապա գոնե արագություն սահմանեք , երեկ երկու հոգի մեզ վրաերթ էին անում Կոմիտասի մայթերից մեկի վրա Կամ առհասարակ արգելեք փողոցներում և մայթերով վարելը, միայն այգիներում

Lilit Melkonyan

13.08.2022

Այսինքն այս ինչ առաջարկ է և ինչպես այս որոշման ընդունումը կարող պաշտպանել քաղաքացիներին վայրենաբար էլեկտրական սամակատներ և այլ բաներ քշող անպատասխանատու քաղաքացիներից??? Հենց երեկ Կոմիտասի վրա գտնվող Արևելյան խոհանոցի մայթի վրա երկու այդպիսի անպատասխանատու անձ քիչ էր մնում ինձ ու երեխայիս վրաերթի ենթարկեին քանի որ վարում էին շատ արագ ու դեռ զանգն էլ զնգզնգացնում էին: Էդ որ նշել եք որ կարող են վարել և փողոցում և մայթերին ԵԹԵ չկան հեծանվային ուղիներ, իբր թե չգիտեք որ Երևանում հեծանվային ուղիներ գոյություն չունեն, այսինքն օրինական թույլտվություն եք տալիս որ վարեն որտեղ ուզեն և ոնց ուզեն: Առաջարկ - փողոցներում առհասարակ արգելել վարել էդ սամակատները, մեր երթևեկության ու մեքենաների քանակի պայմաններում միայն դրանք էին պակաս: Թույլատրել միայն հեծանվային ուղիների վրա ԱՌԱՆՑ բացառության , այգիներում ու զվարճանքի վայրերում:

Տեսնել ավելին