Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Հարկային օրենսգրքով կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ վճարման ժամանակահատվածը՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, նշվածը որոշակի խնդիրներ է ստեղծում համանքային բյուջեի եկամտային մասի պլանավորման ժամանակ, հաշվի առնելով, որ կազմակերպությունների մեծ մասը անշարժ գույքի գծով իրենց պարտավորությոնները կատարում են 4-րդ եռամսյակում, որից ելնելով առաջանում է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Անշարժ գույքի հարկի գծով ընթացիկ պարտավորությունները կազմում են համայնքի սեփական եկամուտների մեծ մասը, իսկ կազմակերպությունների պարտավորությունները այդ պարտավորությունների կառուցվածքում մեծ դեր ունեն, հաշվի առնելով, որ ի տարբերություն ֆիզիկական անձանց համեմատաբար միանվագ մեծ գումարների հոսք են ապահովում համայնքի բյուջե, որից ելնելով համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման և կատարման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում պայմանավորված այն հանգամանքով, որ գործող ՀՀ Հարկային օրենսգրքի 232-րդ հոդվածով կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ վճարման ժամանակահատվածը՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Ընդ որում հարկ է նկատի ունենալ, որ կազմակերպությունների համար «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով նույնպես (ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք) նմանատիպ՝ կիսամյակային հաշվարկման և վճարման կարգավորումներ էր սահմանված, որը սակայն ՀՀ հարկային օրենսգրքում չի ներառվել:

Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում՝ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումը իրականացնել 1-ին կիսամյակի համար՝ մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան.

Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված օրենսդրական փոփոխությունների կիրառման դեպքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտայի մասի պլանավորման և կատարման մակարդակը, ինչպես նաև կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

Մասնավորապես, փոփոխություններ կատարելով օրենսդրական դաշտում՝ կբարելավվի հանրային միջոցների հավաքագրման և նպատակային օգտագործման արդյունավետությունը։

 

  • Քննարկվել է

    18.07.2022 - 03.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3440

Տպել