ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»______ 2022 թվականի N _____-Ն
ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
- Սույնորոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ին։
Հավելված
ՀՀ կառավարության
<<——>>——2022թ․ N -Ն որոշման
ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն պահանջները տարածվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում կիրառվող թվային տախոգրաֆների (այսուհետ՝ տախոգրաֆ) վրա, բացառությամբ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
- Սույն կարգով սահմանվում են թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները։
- Սույն պահանջներում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
- տախոգրաֆի քարտ` թվային տախոգրաֆում օգտագործվող տվյալների էլեկտրոնային գրանցման համար նախատեսված էլեկտրոնային հիշողություն ունեցող քարտ․
- շարժման ցուցիչ` տախոգրաֆի բաղկացուցիչ մաս, որն ապահովում է տրանսպորտային միջոցի արագության կամ անցած ճանապարհի տվյալների նշումը,
- տրամաչափարկում (կալիբրավորում)՝ արհեստանոցի քարտի միջոցով տրանսպորտային միջոցի պարամետրերի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի նույնականացման համարի, հաշվառման համարանիշի և այլ պարամետրերի, թարմացում կամ հաստատում, որոնք պահպանվում են տախոգրաֆի հիշողության մեջ․
- ակտիվացում՝ արհեստանոցային քարտի միջոցով տախոգրաֆի բոլոր գործառույթների գործարկում, ներառյալ անվտանգության գործառույթները․
- արհեստանոց՝ համապատասխան որակավորմամբ մասնագետներ ունեցող տախոգրաֆի սպասարկման (տրամաչափում, զննում, վերանորոգում) գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։
- ներբեռնում՝ տրանսպորտային միջոցի կամ տախոգրաֆի քարտի հիշողության տվյալների պատճենում թվային ստորագրության հետ միասին, որի ընթացքում չի փոխվում կամ ջնջվում որևէ տվյալ.
- զննում՝ գործողություններ, որոնք կատարվում են ստուգելու տախոգրաֆի ճշգրիտ աշխատանքը, դրա պարամետրերի համապատասխանությունը տրանսպորտային միջոցի պարամետրերին, տախոգրաֆի աշխատանքը խախտող այլ սարքերի օգտագործման բացառումը։
- ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4․ Թվային տախոգրաֆը պետք է ունենա էկրան, հիշողության, տվյալների (պարամետրերի) գրանցման և փոխանցման, քարտի տեղադրման և ընթերցման, տեղորոշման համակարգերի հետ միացման սարքեր, որոնք կապահովեն տախոգրաֆի կողմից հետևյալ գործողությունների կատարումը․
- տախոգրաֆի քարտի տեղադրման և դուրսբերման ապահովում․
- տախոգրաֆի քարտի տրամաչափարկում (կալիբրավորում)․
- ավտովարորդի կողմից մուտքի գործողության գրանցում․
- տախոգրաֆի հիշողության սարքում տվյալների ձայնագրման, պահպանման և ընթերցման հնարավորություն․
- տախոգրաֆի քարտից տվյալների ընթերցում, տախոգրաֆի քարտում տվյալների ձայնագրում և պահպանում․
- տվյալների սխալների հայտնաբերում և գրանցում․
- աշխատանքի ու հանգստի ժամանակահատվածների, արագության և հեռավորության տվյալների չափում և գրանցում․
- այլ սարքերին տվյալների փոխանցման հնարավորություն․
- տվյալների ցուցադրում, տպում և ներբեռնում։
- տախոգրաֆի քարտի տեսակի որոշում և գործողության ժամկետի ստուգում։
5․ Տախոգրաֆը պետք է սահմանի՝
1) տրանսպորտային միջոցի արագությունը մինչև 2 կմ/ժամ արագության սխալանքով․
2) տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը․
3) տրանսպորտային միջոցի արագության և գտնվելու վայրի չուղղված տեսքով կոորդինանտների գրանցումը առնվազն վայրկյանը մեկ․
3) տրանսպորտային միջոցի անցած ճանապարհը։
6․ Տախոգրաֆը պետք է գրանցի ավտովարորդի աշխատանքի, վարելու, հանգստի ժամանակահատվածների վերաբերյալ տվյալները։
7․ Ժամային գոտիների տարբերությամբ պայմանավորված տախոգրաֆը պետք է սահմանի տեղական ժամանակը ավտոմատ կերպով կամ ձեռքով միացման միջոցով։
8․ Երկու ավտովարորդով տրանսպորտային միջոց շահագործելու դեպքում տախոգրաֆը ավտովարորդների քարտերը տեղադրելիս պետք է սահմանի անձնակազմի առկայությունը, իսկ յուրաքանչյուր ավտովարորդի գործունեությունը գրանցի որպես մեկ ավտովարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի տվյալ։
9․ Ավտովարորդի կողմից քարտը տախոգրաֆում տեղադրելիս դրա էկրանին պետք է արտացոլվի քարտը տեղադրելու ամսաթիվը, ժամը, ինչպես նաև տվյալ քարտը վերջին անգամ հանելու ամսաթվի և ժամի վերաբերյալ տվյալները։
10․ Տախոգրաֆը պետք է ունենա տեղորոշման որևէ համակարգի միանալու հնարավորություն, տրանսպորտային միջոցի շարժման վերաբերյալ տվյալները գրանցելու համար։
III.ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11․ Տախոգրաֆները և տախոգրաֆի քարտերը պետք է ապահովեն հետևյալ պահանջները․
1) գրանցեն ավտովարորդի գործունեության և տրանսպորտային միջոցի հետ կապված ճշգրիտ և հուսալի տվյալները․
2) ապահովեն տրանսպորտային միջոցի շարժման տվիչներից ստացված տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը․
3) ապահովել փոխգործունակությունը տրանսպորտային միջոցի և տախոգրաֆի քարտի միջև։
12․ Տախոգրաֆը պետք է ապահովի՝
1) տրանսպորտային միջոցի արագության և անցած ճանապարհի, ավտովարորդի գործունեության վերաբերյալ ճշգրիտ տվյալների գրանցումը․
2) ավտովարորդի քարտը տեղադրելիս ավտովարորդի տվյալների նույնականացումը․
3) տախոգրաֆի տրամաչափման, վերանորոգման և զննման վերաբերյալ տվյալների գրանցումը, այդ թվում՝ դրանք իրականացնող արհեստանոցների վերաբերյալ տվյալները։
- Աշխատաժամանակի տվյալների սխալ հայտնաբերելիս կամ արագության խախտումների դեպքում տախոգրաֆը պետք է ավտովարորդներին զգուշացնի խախտումների վերաբերյալ տեսողական կամ ձայնային ազդանշանի տեսքով առնվազն 30 վայրկյան տևողությամբ այնքան ժամանակ, մինչև ավտովարորդի կողմից խախտումը վերացնելը։
14․ Տախոգրաֆը պետք է ապահովի տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը։
15․ Կազմակերպություններն ու ավտովարորդներն ապահովում են թվային տախոգրաֆների և քարտերի ճիշտ գործածությունը և սարքին վիճակը: Տախոգրաֆի սարքին վիճակը ստուգվում է փորձարկման միջոցով։
16․ Արգելվում է կեղծել, թաքցնել կամ ոչնչացնել տախոգրաֆում կամ ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները:
- Տրանսպորտային միջոցները չպետք է ունենան մեկից ավելի տախոգրաֆ:
18․ Տախոգրաֆի անսարքության դեպքում տրանսպորտային միջոցը շահագործող կազմակերպությունը ապահովում է դրա վերանորոգումը և սարքին վիճակում շահագործումը։
19․ Եթե անսարքությունը տեղի է ունենում տրանսպորտային միջոցը երթուղի դուրս գալուց հետո, ապա վերանորոգումն իրականացվում է փոխադրման ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վերանորոգման գործառույթը կարող են իրականացնել միջազգային համաձայնագրի անդամ պետությունների արհեստանոցները։
III. ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Տախոգրաֆը կարող է տեղադրվել միայն տրանսպորտային միջոցը արտադրող գործարանի կամ արհեստանոցի կողմից: Տախոգրաֆը տեղադրվելուց հետո կնքվում է այն տեղադրող կազմակերպության կողմից:
21․ Տախոգրաֆը տեղադրվելուց հետո ենթակա է ակտիվացման։
22․ Տախոգրաֆի սպասարկումը՝ ակտիվացումը, նորոգումը, տրամաչափարկումը (կալիբրավորումը), զննումը իրականացնում են արհեստանոցները։
23․ Տախոգրաֆը տեղադրվելուց, նորոգվելուց, փոխվելուց, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տարրերի փոփոխությունից հետո ենթակա է պարտադիր տրամաչափարկման (կալիբրավորման) արհեստանոցի կողմից։ Տրամաչափարկումից (կալիբրավորումից) հետո տախոգրաֆի վրա փակցվում է արհեստանոցի տարբերանշանով ինքնակպչող անվանաթուղթ, որը հանելու դեպքում ինքնաոչնչանում է։
24․ Արհեստանոցը տախոգրաֆը տրամաչափարկելուց (կալիբրավորելուց) հետո թղթային կամ էլեկտրոնային եղանակով երկու օրինակից կազմում է ակտ, որոնցից մեկը տրվում է փոխադրողին, մյուսը պահպանվում է արհեստանոցում երեք տարի ժամկետով։
- Տախոգրաֆը պետք է տեղադրվի հստակ տեսանելի դիրքում և պետք է լինի հեշտ հասանելի:
26․ Վերանորոգման, զննման կամ այլ պատճառով պայմանավորված տախոգրաֆը հանելու անհրաժեշտության դեպքում կնիքը կոտրվում կամ հանվում է, գրավոր նշելով կնիքը կոտրելու կամ հանելու ամսաթիվը, ժամը և պատճառը։ Կնիքը կոտրելու կամ հանելու վերաբերյալ փաստաթուղթը պետք է պահպանվի տրանսպորտային միջոցում, մինչև տախոգրաֆը կրկին իր տեղում ամրացնելը և կնքվելը։
- Տախոգրաֆը չպետք է տեղադրվի այնպես, որ այն ինքնաբերաբար գործարկվի, երբ անջատված է մեքենայի շարժիչը:
- Տախոգրաֆը ենթակա են պարբերական զննման առնվազն երկու տարին մեկ անգամ:
29․ Տախոգրաֆի զննման նպատակն է պարզել, թե արդյոք`
1) այն տեղադրված է ճիշտ և համապատասխանում է տվյալ տրանսպորտային միջոցին.
2) սարքին վիճակում է և ճիշտ է աշխատում․
3) բոլոր կնիքները առկա են և անվնաս․
4) տախոգրաֆը կրում է չափման միջոցի տեսակի հաստատման նշանը․
5) չեն կիրառվել տախոգրաֆի աշխատանքը խախտող այլ սարքեր․
6) տախոգրաֆը տրամաչափարկված (կալիբրավորված) է տվյալ տրանսպորտային միջոցի պարամետրերին համապատասխան։
30․ Տախոգրաֆի զննման արդյունքում անսարքություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք պետք է անմիջապես վերացվեն։
31․ Արհեստանոցը զննման արդյունքների վերաբերյալ կազմում է ակտ, որը տրվում է փոխադրողին։ Զննման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը արհեստանոցի կողմից պահվում է երկու տարի։