Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 601. հոդվածում լրացնել  նոր մաս հետևյալ բովանդակությամբ. «սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելու դեպքում.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9) սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ընթացիկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիրը»:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

 

 

  • Քննարկվել է

    06.05.2022 - 22.05.2022

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3615

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Լիլիա Շուշանյան

22.05.2022

Առաջարկվում է նախագծի քննարկման ընթացքում հաշվի առնել հետևյալ դիտարկումները. 1. Նախագծով առաջարկվում է սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում սահմանել վարչական և իրավունքի դադարեցման պատասխանատվություն։ Կարևորելով սահմանային գետերը անվտանգության առումով, միաժամանակ անհասկանալի է, թե ոչ սահմանային գետերի մասով նույն կարգավորումը ինչու չի տրվում։ Նշենք, որ նման գետերից ավազի ապօրինի օգտագործման ռիսկը, և փաստացի դեպքերը, հատկապես շինարարությամբ և ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերությունների շրջանակներում քիչ չեն, ինչում կարելի է համոզվել տեսչական մարմնի աշխատանքի տվյալներով։ Ուստի, այլ նպատակով, սակայն ոչ սահմանային գետերից ավազի արդյունահանման համար իրավական պատասխանատվությունը հավասարազոր կերպով խստացման կարիք ունի։ Որպես լրացուցիչ քննարկման հարց կարելի է դիտարկել սահմանային գետերից ավազի արդյունահանման համար քրեական օրենսգրքով ուղղակի պատասխանատվություն սահմանելը՝հաշվի առնելով պետական սահմանի փոփոխության վտանգը։ Իհարկե, այս դեպքում ոչ սահմանային գետերից խախտման համար թողնել վարչական պատասխանատվության կարգավորում։ Միևնույն ժամանակ, բացառապես ընկալման մակարդակում, հասարակության մոտ նման ընդգծմամբ կարող է այն թյուր կարծիքը ձևավորվել, որ ոչ սահմանային գետերից արդյունահանումն օրինական է։ 2. ՀՀ ընդերքի օրենսգրքով սահմանված կարգով ընդերքօգտագործողն իրավասու է արդյունահանել օգտակար հանածո բացառապես այն կոորդինատներով տարածքից, որտեղ օգտակար հանածոյի պաշարները սահմանված կարգով գնահատվել են, արդյունահանման նախագիծն ստացել է ՇՄԱԳ դրական եզրակացություն։ Ուստի, գետի հունից ավազի արդյունահանումը ինքնին արգելված է գետերի մեջ ավազի պաշարներով հանքեր չունենալու, շրջակա միջավայրի փորձաքննությամբ նման նախագծեր չհաստատելու և այլ հիմքերով, հետևաբար հանդիսանում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործում։ Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործումը որպես մաս արդեն իսկ ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նույն հոդվածում և առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով: Ուստի, առաջարկվում է կա'մ միանգամից բարձրացնել գոյություն ունեցող այս մասով ամրագրված տուգանքի դրույքաչափը հինգհազարապատիկի չափով, կա'մ, եթե գետից ապօրինի արդյունահանման համար նպատակ է դրվել առավել մեծ տուգանք սահմանել, ապա կիրառել առանձին մաս, սակայն «Գետերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործումը» շարադրանքը՝ ընդգծելով ապօրինության՝ հենց առանց թույլտվության աշխատելու խախտման բնույթը։ Սա անհրաժեշտ է նաև այն նպատակով, որ գետերից արդյունահանում իրականացնելու դեպքում պատասխանատվության ենթարկվել ոչ միայն ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները, այլև ցանկացած անձ։ Այլապես, առաջարկվող ձևակերպմամբ պատասխանատվության են ենթարկվում բացառապես գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունները։ Այլ հարց է, որ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների համար նման խախտում իրականացնելու դեպքում արդեն Ընդերքի օրենսգրքով սահմանվում է լրացուցիչ՝ իրավունքի դադարեցման սանկցիա, ինչն ընդունելի է։ 3. Ինչ վերաբերում է Ընդերքի օրենսգրքով սահմանվող պատասխանատվությանը, ապա խնդրահարույց կարող է լինել այն հատվածը, որ իրավունքի դադարեցման համար լիազոր մարմինը կարող է հիմք ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված միջնորդագիրը: Հասկանալի չէ, թե տվյալ միջնորդագրի հիմքում ինչ ապացույց կամ հիմնավորում պետք է դրվի։ Նախագծով փորձ է արվել ԱԱԾ միջնորդագիրը ներկայացնել տեսչական մարմնի կողմից ներկայացվող միջնորդագրի հետ, սակայն հաշվի չի առնվել էական տարբերությունը։ Տեսչական մարմնի կողմից միջնորդագրի հիմքով իրավունքի դադարեցման դրույթը օրենսգիրք ներմուծվելիս սահմանվել է, որ՝ • տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է խախտում, • խախտման ակտը դարձել է անբողոքարկելի, • միջնորդագիրը ներկայացվում է անբողոքարկելի ակտի հիման վրա։ Այնինչ, ԱԱԾ միջնորդագրի հիմքում սահմանված չէ, թե ինչ ակտ կամ նյութ է առկա, չկա դրա բողոքարկման/պաշտպանության հնարավորությունը, ուստի բողոքարկվել կարող է միայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման ակտը, որի հաջողության արդյունքում պետությունը կարող է վնասների փոխհատուցման ռիսկի առջև կանգնել, ինչից խուսափվել է տեսչական մարմնի միջնորդագրի մեխանիզմի դեպքում։ Շնորհակալություն

Տեսնել ավելին